
Հայկական ՎԱ սերվերում այժմ գործում է կատալոգների փոխհամադրման նոր ծրագիր, որն իր աշխատանքի սկզբունքով և ճշգրտությամբ գերազանցում է աշխարհում գործող նմանատիպ այլ ծրագրերը: Դրա հիման վրա արդեն կատարվում են գիտական հետազոտություններ, մասնավորապես Հայկական ՎԱ Բյուրականում գործող գիտական խմբի կողմից: Տվյալների շտեմարանի ճարտարապետությունն այնպիսին է, որ հնարավորություն է ստեղծում դինամիկորեն մեծացնել պահվող տվյալների քանակը` ավելացնելով նոր պատկերներ, որոնք անընդհատ կերպով ստացվում են նորանոր դիտումների արդյունքում: Նաև չկան խիստ սահմանափակումներ ավելացվող տվյալների ծավալների վրա, քանի որ ներդրվել է մեծ ծավալի հիշողության տարր, որը գերարագ կապով միացված է սերվերին` ստեղծելով գրիդ տեխնոլոգիաներին համապատասխան կառուցվածք: Փոխհամադրման ծրագիրը ներդրվել է համացանցային էջում` Հայկական ՎԱ միջավայրում, ինչը թույլ է տալիս աստղագետներին առցանց ռեժիմում կիրառել փոխհամադրման նոր արդյունավետ մոտեցումը:
Հիշեցնենք, որ Հայկական ՎԱ ստեղծվել է Բյուրականյան առաջին սպեկտրային շրջահայության (Մարգարյանի շրջահայության) թվայնացման արդյունքում, որը Հայաստանում թվայնացման նախագծերի մեջ առաջինն էր (2002-2005թթ.): Վերջերս այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում:
Հայկական ՎԱ համացանցային կայք-էջ
Կարդացեք նաև
Հայկական աստղագիտական ընկերություն

















































