
Լինզան նշանակելիս հաշվի են առնվում անհատի աչքի տվյալները, նրա աշխատանքի բնույթը, կենցաղը: Իսկ սխալ ընտրության դեպքում, ինչպես փաստում է ակնաբույժը, և լինզան, և ակնոցը կարող են առաջացնել ինչպես սրտխառնոց, գլխացավ, այնպես էլ տեսողության խանգարում:
Կա կոնտակտային ոսպնյակների մի քանի տեսակ:
Կոսմետիկ լինզաներ, որոնք մարդկանց անհատական պահանջները կոսմետիկ առումով բավարարելու համար են:
Դեկորատիվ լինզաներ, որոնք նախատեսված են ակնագնդի որևէ դեֆեկտը փակելու համար. դրանք ևս կարող են օպտիկա պարունակել:
Կան նաև փարթիների համար նախատեսված լինզաներ` կարմիր սրտիկի, ֆուտբոլի գնդակի, դոլարի նշաններով:
Զուտ բժշկական առումով տարածված են մինուսներով, պլյուսներով, աստիգմատիկ լինզաներ: Ինչպես նշում է ակնաբույժը, և´ օպտիկական, և´ գունավոր լինզաների խնամքը պրակտիկորեն նույնն է: «Կան բազմաֆունկցիոնալ հեղուկներ, որոնց մեջ լինզան հարյուր տոկոսով ստերիլացվում է»,- ավելացնում է բժիշկը խորհուրդ չտալով լինզա գնել տոնավաճառներից, անցումի տակից, ոչ մասնագիտացված առևտրի կետերից:
Լինզաներն ունեն կրման ժամկետներ: Մեկ օրվա կրման լինզաները խնամք ընդհանրապես չեն պահանջում, քանի որ կրելուց հետո այն պետք է նետել: «Հիմա լավագույնն են համարվում հաճախակի փոխման ժամկետով լինզաները` շնչող կոնտակտային ոսպնյակները, որոնց ժամկետը լինում է մինչև մեկ ամիս»: Կան լինզաներ, որոնց համար պարտադիր պայման է գիշերը` քնելիս հանել լինզան, կան նաև այնպիսի դեպքեր, երբ 30 օր թույլատրվում է աչքերից չհանել, սակայն դա պետք է լինի խիստ անհատական կոնսուլտացիա անցնելուց հետո միայն. կրման ռեժիմը պարտադիր պետք է որոշի մասնագետը:
Արդյո՞ք լինզան կամ ակնոցը կարող են վերականգնել տեսողությունը ժամանակի ընթացքում: Ըստ ակնաբույժի և´ լինզան, և´ ակնոցը առաջին հերթին տեսողությունը բարելավելու միջոցներ են, սական կան նաև դեպքեր, երբ դրանք ունենում են բուժիչ նշանակություն: «Հատկապես մանկական տարիքում ակնոցի միջոցով կարող է բարելավել և տեսողությունը, և շտկվել աչքերի թեքությունը»,- հավելում է Ժասմեն Հարությունյանը` խորհուրդ տալով ապրել առողջ և լինել լավատես:
Ռուզան Ասատրյան


















































