Տիգրան Նալչաջյանի պատասխանը «գլամուրապաշտներին»

Ըստ հեղինակի՝ իրեն հանիրավի մեղադրում են, սակայն Տ. Նալչաջյանը հավաստիացնում է, որ «GLAՄՈՒՌ»-ը հայտնի պատմության հետ որեւէ առնչություն չունի:
«Գրքում չկան պոռնոգրաֆիկ նկարների մեկնաբանություններ, պարզապես սարկազմի ձեւով անդրադարձ է արվել հասարակական արձագանքին: Քննադատել եմ այն արատավոր երեւույթները, որոնք տիրում են շոու-բիզնեսում եւ կեղծ գլամուրը ներկայացնող անձանց շրջանակներում, որի ականատեսն ինքս եմ եղել: Այդ պատճառով էլ այն զայրացրել է նմանատիպ մարդկանց, ովքեր կարդալով վիպակը՝ իրենք իրենց են գտնում այնտեղ: Եթե դա չլիներ, կարիք չէր լինի անդրադառնալ եւ վիրավորել հեղինակին: Ես գտնում եմ, որ հեռուստաեթերից աղբ է հոսում հեռուստասերիալների եւ գերտափակ հաղորդումների ձեւով, ինչի արդյունքում էլ արդեն մի քանի տարի հեռուստացույց չեմ նայում, բացի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արտագնա խաղերից»,- ասում է «GLAՄՈՒՌ»-ի հեղինակը՝ ավելացնելով, որ նշված հեռուստահաղորդումից հետո ինքը Facebook սոցիալական ցանցի ու որոշ էլեկտրոնային լրատվամիջոցների միջոցով տարածել է իր պատասխանը, որից հետո էլ «Արմնյուզ» հեռուստաալիքն է իրեն հարցազրույցի հրավիրել, ինչը եւս չի գոհացրել Տիգրանին, քանի որ անհաջող է մոնտաժված եղել եւ վարկաբեկիչ՝ իր համար. «Հաղորդավարի խոսքում ամեն ինչ արված էր՝ ինձ վարկաբեկելու եւ իմ գիրքը գռեհիկ, ոչ գրագետ ներկայացնելու համար: Հասկացա, որ այս պարագայում ասածս մեծ լսարանին տեղ հասցնելու համար պետք է ունենալ առնվազն սեփական հեռուստատեսություն»,- ասում է Տիգրանը:
Կարդացեք նաև
Գրքի հեղինակը նշում է՝ բոլոր նրանք, ովքեր կարդացել են վիպակը՝ համաձայն են իր ասածի հետ, իսկ նրանք, ովքեր դեռ նոր են կարդալու՝ վստահ է, որ կհամաձայնեն. «Մեր երկրում ոչ ոք իր տեղում չէ: Դիլետանտները, որոնք անգրագետ ու խղճուկ պատկերացում ունեն արվեստի, գրականության, գիտության եւ այլ ստեղծագործական ոլորտների մասին, այսօր գտնվում են լսարանների առաջ եւ տափակ դատողություններ անում այս եւ այլ թեմայով: Ցավալի է, որ նմանները անգրագետ են անվանում ինձ ու իմ գրածը՝ այն դեպքում, երբ ես ավարտել եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ լինելով կուրսի լավագույն սովորողներից մեկը, ծառայել եմ զինված ուժերում եւ մասնակցելով մարտական զորավարժության՝ որպես դասակի հրամանատար ստացել եմ «Հայոց բանակի գերազանցիկի» կրծքանշան, կարդացել եմ բազմաթիվ գրքեր, ծանոթ եմ համաշխարհային գրականության լավագույն գործերին:
Իմ գիրքը ընդամենը ժամանցային է, եւ դրանով նպատակ չունեմ ներխուժել գրականության ասպարեզ, այդ պատճառով այս թեման ինձ համար փակված է, չեմ ուզում ժամանակս վատնել այնպիսի մարդկանց վրա, որոնց կյանքի իմաստը «քլաբային» ժամանցներն են, անճոռնի լուսանկարներում տեղ գտնելն ու էժանագին ամսագրերի նյութերը կլանելը: Ինձ քննադատում են մարդիկ, ովքեր նկարում են, թե ինչպես են այս կամ այն «կեղծ գլամուրիստները» հագուստ գնում second-hand-ից: Դա՛ է նրանց սյուժեն: Եվ ավելորդ չէ նշել, որ իրենց հաղորդումներում փառաբանում են այնպիսի գրողների, ովքեր տարածում են հոմոսեքսուալիզմ, ստոր եւ ապազգային արժեքներ, ընտանիքի գաղափարը քանդող մտքեր»,- հավելեց նա:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































