Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ուժերի հայտարարագրերը

Ապրիլ 10,2012 11:04

ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվել են մայիսի 6-ին նշանակված ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված «Հայ ազգային կոնգրես» դաշինքի եւ ութ կուսակցությունների 2011 թվականի գույքի ու եկամտի մասին հայտարարագրերը:

Ըստ ՀՀԿ-ի հայտարարագրի, այս կուսակցությունն ունի 47 սեփական անշարժ գույք՝ շենք եւ հող։ ՀՀԿ-ն ունի նաեւ 8 տարածք, որոնք կուսակցությունը տնօրինում է վարձակալության սկզբունքով։ ՀՀԿ-ն հայտարարագրել է ութ հատ ավտոմեքենա, որից 4-ը՝ «ՎԱԶ 2121»« 2-ը՝ «ԳԱԶ 3110» եւ 1-ական «Նիսան Պատֆայնդեր» եւ «ՈՒԱԶ»:

2012-ի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀԿ-ի հաշվեհամարին եղել է 34 միլիոն 601 հազար 809 դրամ։ 2011-ին ՀՀԿ-ի եկամուտը կազմել է 306 միլիոն 560 հազար 722 դրամ։ Հայաստանի թիվ մեկ իշխանական կուսակցության եկամուտներից 133 միլիոն 575 հազարը գոյացել է վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած վարձավճարներից։ Այդ տարածքները վարձակալողները հիմնականում եդել են պետական կառույցներ։ Մասնավորապես, Վայոց Ձորի մարզպետարանը 2011-ին ՀՀԿ- ին վճարել է 299 հազար, Եղեգնաձորի հարկային տեսչությունը՝ 229 հազար, Վայքի զբաղվածության պետական ծառայությունը՝ 132 հազար, Վայքի տեղական գանձապետական բաժանմունքը՝ 206 հազար եւ Վայքի սոցիալական ապահովության տարածքային բաժինը՝ 158 հազար դրամ։ Հայտարարագրում չի նշվում, թե կոնկրետ ինչ տարածքներ են վարձակալել թվարկված պետական կառույցները։ ՀՀԿ-ի եկամուտներից 27 միլիոն 182 հազար դրամն այս կուսակցությունը ստացել է պետական բյուջեից, իսկ 265 միլիոն 968 հազար դրամը որպես անդամավճար է հայտարարագրված։

Իշխանական կոալիցիան ներկայացնող մյուս կուսակցության՝ ԲՀԿ-ի հայտարարագրի համաձայն, այս կուսակցությունը ոչ մի սեփական տարածք չունի, փոխարենն ունի 53 տարածք, որոնք անհատույց օգտագործման իրավունքով տրվել են կուսակցությանը։ 2012-ի հունվարի 1-ի դրությամբ, ԲՀԿ-ի հաշվեհամարին եդել է 26 միլիոն 128 հազար 898 դրամ։ Կուսակցության անցած տարվա եկամուտը կազմել է 15 միլիոն 338 հազար, որից 12 միլիոն 129 հազարը ԲՀԿ-ն ստացել է պետբյուջեից, 2 միլիոն 905 հազարը գոյացել է անդամավճարներից, իսկ 303 հազարը գոյացել է որպես «Արդշինինվեստբանկում» ունեցած ավանդի տոկոսավճար։

Իշխանական կոալիցիայի երրորդ կուսակցությունը՝ ՕԵԿ-ը, հայտարարագրել է մեկ տարածք՝ Աբովյան 43 հասցեի 5-րդ եւ 6-րդ հարկերը, որոնք այդ կուսակցության սեփականությունն են։ ՕԵԿ-ն ունի 2 ավտոմեքենա՝ «ՎԱԶ 2107» եւ «Օպել» մակնիշի։ 2012-ի հունվարի 1-ի դրությամբ, ՕԵԿ-ի հաշվեհամարին եղել է 3 միլիոն 223 հազար դրամ։ Անցած տարի այս կուսակցությունն ունեցել է 13 միլիոն 147 հագար դրամի եկամուտ, որից 2 միլիոն 827 հազարը ստացել է պետական բյուջեից, իսկ 10 միլիոն 320 հազարը, ըստ հայտարարագրի, գոյացել է անհատների նվիրատվություններից, սակայն նվիրատու անձանց անունները չեն հրապարակվել։

ՀՅԴ-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս կուսակցությունն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 35 անշարժ գույք։ 2012-ի հունվարի 1-ի դրությամբ, ՀՅԴ-ի դրամարկղում եղել է 269 հազար դրամ, իսկ բանկային հաշվին՝ 841 հազար դրամ։ 2011-ին այս կուսակցությունն ունեցել 145 միլիոն 552 հագար դրամի եկամուտ, որից 25 միլիոն 400 հազարը գոյացել է անդամավճարներից, 10 միլիոն 552 հազարը՝ պետբյուջեից ստացած միջոցներից, իսկ 9 միլիոն 600 հազարը վարձակալությամբ տրված տարածքի դիմաց ստացած վարձավճար է։

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարագրել է մեկ տարածք, որն օգտագործում է վարձակալությամբ։ Այս տարվա սկզբի դրությամբ, «Ժառանգության» հաշվեհամարին եղել է 1 միլիոն 333 հազար դրամ եւ 10 դոլար։ Այս կուսակցության 2011-ի տարեկան եկամուտը կազմել է 2 մլն 388 հազար դրամ, որից 2 միլիոնը ստացվել է պետբյուջեից, իսկ մնացածը հայտարարագրում ներկայացված է իբրեւ «հիմնադիրի ներդրում», եւ որպես մուծողի նշված են այս կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի տվյալները։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30