Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ բնակարանը տվեք, կամ՝ գումարը

Ապրիլ 17,2012 13:49

Արմեն Եղյանի եւ «Դվին Կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության միջեւ եղել է  դատական վեճ, որն ավարտվել է հօգուտ Ա. Եղյանի:

1989թ. նախկին տեղական ինքնակառավարման մարմնի՝ Սպանդարյանի շրջանային գործկոմի կողմից Երեւանի Տերյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող տունն իրացվել է: Նույն տեղում շինարարություն իրականացնող «Հայշինանյութեր» կազմակերպությանը հանձնարարվել է, որպեսզի կառուցվող շենքի 4-րդ հարկի 3 սենյականոց բնակարանը հատկացվի Եղյան ընտանիքին:

Հետագայում նշված շենքը կիսակառույց վիճակով «Հայշինանյութերը» վաճառում է «Դվին Կոնցեռն» ընկերությանը, որպեսզի շինարարությունն ավարտի, բնակիչներին ապահովի բնակարաններով, ստանձնի իրավահաջորդի պարտականությունները: «Դվին Կոնցեռնը» պայմանագիր է կապում Արմեն Եղյանի հոր՝ Համազասպի հետ, պարտավորվելով 3 սենյականոց բնակարան հատկացնել նրանց բազմանդամ ընտանիքին:

Սակայն հետագայում պարզվում է, որ նույն իրավահաջորդը նշված 3 սենյականոց բնակարանը դատարանի վճռով հանձնել է մեկ այլ քաղաքացու՝ Հ. Վարդանյանին, սեփականության իրավունքով:

Նշված գործարքն էլ կատարվել էր 1992թ.-ին, առուծախի պայմանագրով, բնակարանն էլ արժեցել էր մեկ միլիոն երկու հարյուր հազար ռուբլի:

Արմեն Եղյանն ասում է, որ «Դվին Կոնցեռնը» նախապես իմացել է, որ իրենց բնակարանը սեփականատեր ունի, վաճառված է, քանի որ ընկերությունը որպես պատասխանող հանդես էր եկել անգամ դատարանում:

Ի դեպ, դատարանում «Դվին Կոնցեռնը» չի էլ հայտնել, որ նշված բնակարանի հետ կապված առուվաճառքի պայմանագիր կա նաեւ Եղյանների ընտանիքի հետ: Արմեն Եղյանի հայրը եւ մայրը մահանոմ են, եւ իրավահաջորդությունը փոխանցվում է հենց իրեն:

«Դվին Կոնցեռնը» Արմեն Եղյանից ստանում է 10 000 դոլար գումար՝ որպես ավելացված տարածքի համար վճար:

Այս գործարքի պատասխանատու Ռաֆիկ Սարգսյանը պարտավորվում է, որ գումարն ստանալուն պես կատարել սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները…

Այդքանով հանդերձ՝ «Դվին Կոնցեռնը» դիմում է դատարան՝ վիճարկվող բնակարանի եւ մյուս սեփականատերերի հետ պայմանագրերը լուծելու հարցով: Այս անգամ էլ տեղյակ չի պահվում Ա. Եղյանը, որպես պատասխանող դատական գործընթացներին մասնակցելու համար:

Ա. Եղյանը դիմում է դատարան՝ պահանջելով իրեն հասցրած վնասի հատուցում. կամ բնակարանը, կամ այն գումարը, որը տրվել է բնակարանի կառուցման համար:

Նման դեպքերի համար, ըստ Քաղաքացիական օրենսգրքի, սահմանվել էր հետեւյալը. իրավունքը խախտած անձը, եթե ստացել է եկամուտներ, ապա անձը, որի իրավունքի խախտման հաշվին է կատարվել այդ, պետք է ստանա կամ կորցրած գույքը, կամ չստացված այն եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արա Կուբանյան) կայացրել է վճիռ, համաձայն որի՝ «Դվին Կոնցեռնից» հօգուտ Արմեն Եղյանի պետք է բռնագանձվի 240520 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպես վնասի հատուցում, որից 185.921 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը որպես մինչ 2009թ. չբնակեցված բնակարանի շուկայական արժեք, իսկ 13958 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ որպես Արմեն Եղյանից վերցրած 10000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար եւ դրա վրա հաշվարկված տոկոսների գումար:

2009 թվականից մինչ օրս դատական ակտերի հարկադիր կատարողները ոչ մի գործողություն չեն իրականացրել, եւ դատարանի վճիռն, ըստ էության, չի կատարվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30