Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստղային հիվանդություն» ունեցողն անում է ամեն ինչ՝ իր խորը տառապանքը թաքցնելու համար

Ապրիլ 20,2012 12:53

Bravo.am-ում տված իր հարցազրույցի ժամանակ Գրիշա Աղախանյանն ասաց, որ չի ընդունում աստղային հիվանդությամբ տառապող մարդկանց, սակայն այսօր աշխարհի 99 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ: «Ես արվեստը շատ եմ սիրում և, լինելով արվեստի մեջ, փորձել եմ որքան հնարավոր է հեռու մնալ աստղային հիվանդությունից, բամբասանքից և նախանձից»:

Երկար վերլուծություններից հետո, որոշեցինք դիմել հոգեթերապևտ Միհրդատ Մադաթյանի օգնությանը, որպեսզի պարզաբանենք «աստղային հիվանդության» բուն էությունն ու դրա մեխանիզմը:  Մասնագետի կարծիքով, հոգեբանության մեջ «աստղային հիվանդություն» հասկացություն որպես այդպիսին չկա: Դա ավելի շատ ժողովրդական եզրույթ է: «Այն մեգալոմանիա է՝ անձի ինքնագիտակցության և վարքագծի տեսակ, որն արտահայտվում է իր կարևորության, հանրաճանաչության, հանճարեղության, իշխողության, քաղաքական ազդեցիկության ծայրահեղ աստիճանով: Հաջողության ազդեցության տակ որոշ մարդկանց մոտ առաջանում է մեծամտություն, քննադատությունների նկատմամբ անհանդուրժողականություն, ամբարտավանության հասնող գոռոզություն, արհամարհանք իրենց պոտենցիալ մրցակիցների նկատմամբ և այլն: Ըստ մասնագետի` «աստղային հիվանդությունը» ճանաչում ստանալու, իր ծանոթների շրջանում մի ինչ-որ հատուկ տեղ զբաղեցնելու անհագ ցանկությունն է: Սովորաբար «աստղային հիվանդությունը» դժվար է ընդունվում թե շրջապատի, թե սեփական անձի կողմից, քանի որ այն անկատարության և ոչնչության զգացողությունների թաքնված ապացույցն է: «Այդ հիվանդությամբ կարող են տառապել և բարձրաստիճան, հռչակավոր (ինչպես մաթեմատիկոս Ջոն Նեշի դեպքում է, որը հրաժարվեց ակադեմիկոսի կոչումից` Անտարկտիդայի կայսր թագադրվելու հիմնավորմամբ), և սովորական անձինք: Ուստի, «աստղային հիվանդությունը» սեփական անլիարժեքության վերապրումները հարթելու ինչ-որ փորձ է», – նշում է բժիշկը:

«Փոքրուց երազում էի ճանաչված լինեի, որ մարդիկ ամեն րոպե հիանան ինձնով: Սակայն տարիներ անց, ճանաչվելուց հետո, հասկացա, թե որքան լարված ու դժվար է ապրելը այլոց հայացքների մշտապես հսկողության ներքո», – խոստովանում է մեր զրուցակից ռումինացի նախկին ռադիոխմբագիր Միռելա Պոպեսկուն:

«Աստղային հիվանդությունը» սկիզբ է առնում վաղ մանկությունից, երբ երեխային սկսում են գովել միայն նրա ակնհայտ հաջողությունների դեպքում, կամ ընդհանրապես չեն գովում: Առաջին դեպքում երեխային ընկալում են որպես ամենախելացի, ամենագեղեցիկ և այլն, իսկ երկրորդի դեպքում`անհաջողությունների ժամանակ երեխային պատժում են կամ անտեսում` ընդունելով նրան միայն այն ժամանակ, երբ սկսում է համապատասխանել իրենց պատկերացրած իդեալական երեխայի մոդելին: «Այսպիսի ընտանիքներում ծնողները միշտ համեմատում են իրենց երեխային ուրիշ երեխաների հետ և հաճախ՝ ոչ իրենց երեխայի օգտին: Իսկ նրա հաջողությունները, որոնց երեխան հասնում է մեծ դժվարություններով՝ բավարար չեն և ոչինչ չեն նշանակում: Այսպիսի երեխան շատ վաղ տարիքում արդեն հասկանում է, որ ծնողների ուշադրությունը և ճանաչումը վաստակելու համար անհրաժեշտ է մշտապես հաջողությունների հասնել` կախված լինելով արտաքին գնահատականից: Նա մշտապես քննադատում է իրեն, սակայն նույնքան հեշտությամբ էլ` ուրիշներին: Այդ իսկ պատճառով նա մշտապես դժգոհում է և՜ իրենից, և՜ շրջակա աշխարհից», – բացատրում է Մ. Մադաթյանը:

Երեխան սովոր չէ փնտրել իրեն, հասկանալ և ընդունել իր յուրահատկությունները, քանի որ ծնողները սովորեցրել են իրեն՝ ինչ-որ մեկի հետ անվերջ և անիմաստ համեմատվելուն, որն էլ երեխայի մոտ անխուսափելիորեն բերում է թաքնված կոնֆլիկտի: Մի կողմից նա ուզում է իրեն զգալ անկրկնելի, մյուս կողմից էլ զգում է, որ «նրանցից մեկն է» և հաճախ` ոչ ամենալավը:  Իսկ այն հարցին, թե այդքանից հետո ինչո±ւ են այդ հիվանդությամբ մարդիկ արհամարհում դրկիցներին, մասնագետը պատասխանում է. «Դա կարծես իրենց տառապանքի պատասխանն է` «թող հիմա էլ նա, ուրիշը, վերապրի իմ անկատարությունը, այլ ոչ ես»: «Աստղային հիվանդություն» ունեցողն անում է ամեն ինչ, որ իրեն չբացահայտեն, որպեսզի նրա հաջողակության դիմակի տակից չնկատվի իր խորը տառապանքը: Իսկ այն ժամանակ, երբ շրջապատը նշանակություն է տալիս նրան, վերջինն իրեն զգում է հզոր և ամենից-ամենան, սակայն այդ պահը շատ կարճ է տևում», – հավելում է հոգեթերապևտը:

Բժիշկի հավաստմամբ, «աստղային» նախատրամադրվածություն ունեն ավելորդ ամբիցիաներով անձինք, սակայն առանց արտաքին գործոնների ազդեցության այդ որակները հիմք չեն հանդիսանում` «աստղային հիվանդության» զարգացման համար: Իսկ արդեն կայացած «աստղային հիվանդների» մոտ այդ հիվանդությունն ինքն իրեն չի անցնում: Այդ դեպքում չափազանց արդյունավետ է շոկային հոգեթերապիան և հոգեթերապիայի այլ ձևերը, իսկ ծնողներին խորհուրդ է տրվում չվախենան գովել իրենց երեխաներին, քանի որ գովեստը չի բերում «աստղային հիվանդության», եթե այն տեղին է: Եվ ամենակարևորը`չի կարելի երեխային պատժել` իր անհաջողությունների համար:

«Մի անգամ ինձ մոտ էր եկել մի երիտասարդ երգչուհի, որի երգերն առ այսօր չեմ լսել, չնայած հետագայում հասկացա, որ երիտասարդների շրջանում մեծ ճանաչում է վայելում: Իր ցուցադրական համեստության հետ մեկտեղ նրա վարքագծում և միմիկայի մեջ ակնհայտ խորը վիրավորանք ու դժգոհություն նկատեցի: Պատճառն այն էր, որ նրան չճանաչեցի և չգնահատեցի ըստ սպասվածի: Այսպիսով, խորհուրդ կտամ այն «աստղերին», ովքեր իրենց «աստղ» են համարում, խորհեն իրենց մանկությունից եկող խնդիրների մասին և դիմեն հոգեբանի, քանի որ այդ հիվանդությունը միայն կխանգարի կայանալ սեփական մասնագիտության մեջ: Եվ ձերբազատվելով դրանից «աստղերն» ավելի վառ կփայլեն հասարակությունում` ձեռք բերելով մարդկային ճիշտ որակներ», – նշում է մասնագետը:

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30