Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայմ»-ը չի խախտել լիցենզիայի պայմանները. հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր

Մայիս 27,2012 13:40

«Լայմ» (մինչև ապրիլի 21-ը՝ 12 TV) հեռուստաընկերությունը չի խախտել հեռարձակման լիցենզիայի (արտոնագրի) պայմանները և չի էլ պատրաստվում խախտել: Պարզապես հիմա հեռուստաընկերության ծրագրային քաղաքականությունը վերակառուցման փուլում է, որից հետո, ողջամիտ ժամկետներում, ամբողջությամբ հեռուստաեթերը համապատասխանելու է մրցութային առաջարկում ներկայացված չափանիշներին։ Այս մասին Tert.am-ին տված հարցազրույցում հայտարարեց «Լայմ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Բագրատ Գրիգորյանը` մեր խնդրանքով մեկնաբանելով «Առավոտ» օրաթերթում երեկ փորձագետ Մեսրոպ Հարությունյանի հեղինակությամբ տպագրված հրապարակումը:

Նշենք, որ փորձագետը հիշյալ հրապարակման մեջ, մասնավորապես նշում է, թե «Լայմ» հեռուստաընկերությունը, ժամանցայինի վերածվելով, խախտել է հեռարձակման մրցույթի պահանջները, ըստ որի` մրցույթը հաղթելուց հետո հեռուստաընկերությունը պետք է իրականացներ ընդհանուր ուղղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռարձակում և ոչ թե սահմանափակվեր սոսկ ժամանցային հաղորդումներով:

Հեռուստաընկերության գլխավոր ռեժիոսորի խոսքով` ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերությունները ևս բաղկացած են տարբեր բաղադրիչներից` այդ թվում ժամանցային, ինֆորմացիոն, երաժշտական, լրատվական: Ըստ նրա` եթե թոփ հեռուստաընկերություններում ժամանցայինը գերակշռում է, դա դեռ չի նշանակում, որ այդ հեռուստաընկերությունները ժամանցային են: Բագրատ Գրիգորյանի պարզաբանմամբ` հեռուստաընկերությունը ապրիլի 21-ից է վերանվանվել «Լայմ», որից հետո սկսել է հեռուստաեթերի նոր կոնցեպցիա իրականացնել` իր հեռուստաեթերի հայերցակարգի իրականացումը սկսելով ժամանցային բաղադրիչի իրագործմամբ ` պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները:

«Ռեբրենդինգի փուլում մեզ մոտ ընդհանուր ուղղվածության շրջանակներում որպես առաջին վերափոխվող բաղադրիչ ընտրվել է ժամանցայինը: Սա ընդամենը առաջին փուլն է, բայց կան 2-րդ, 3-րդ փուլեր, որի ընթացքում բոլոր բաղադրիչները կվերամշակվեն և կներկայացվեն նորովի,նոր թարմությամբ և նոր դեմքերով: Օրինակ, շատ կարճ ժամանակում մեր եթերում կտեսնեք լրատվական, ընդհանուր ուղղվածության և այլ բնույթի հաղորդումներ: Իսկ հեռուստաընկերությունը ժամանցային բաղադրիչով սկսելը փրոմոշընի կրեատիվ քաղաքականության մի տարր է: Մարկետինգային բոլոր ուսումնասիրություններով՝ հեռուստաընկերություններում առաջին բլոկը ժամանցայինն է»,- նշեց Բագրատ Գրիգորյանն` ավելացնելով, որ վերջին ուսումնասիրություններով հեռուստաընկերությունը մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակահատվածում ընդգրկվել է հեռուստաընկերությունների վեցնյակում, ինչը նշանակում է, որ իրենց քաղաքականությունը հաջողել է: Նրա խոսքով` հեռուստաեթերի ծրագրային վերակառուցմանը զուգընթաց` շուտով քաղաքում տարբեր կրիչներով կհայտնվեն «Լայմի» լրատվական և սպորտային հաղորդումների գովազդները:

Անդրադառնալով փորձագետի այն դիտարկմանը, թե հեռուստաընկերությունը Երևանի և երևանցու հոգսերին չի անդրադառնում, «Լայմի» գլխավոր ռեժիսորն արձանագրեց, որ իրենք Երևանի քաղաքապետարանի հետ արդեն սկսել են համագործակցել, ինչի արդյունքում երեկ ուղիղ եթերով լուսաբանվել է «Վերջին զանգը», իսկ ավելի վաղ` լուսաբանվել են մայրության և գեղեցկության տոներին նվիրված մայրաքաղաքային միջոցառումները: «Հիմա էլ , համագործակցության շրջանակներում, աշխատանքներ են իրականացվում կոնկետ երևանցիների և Երևանի խնդիրների և ձեռքբերումների մասին հաղորդումների շարք պատրաստելու շուրջ»,- ընդգծեց Գրիգորյանը:

Բագրատ Գրիգորյանն անդրադարձավ նաև իր ավելի վաղ` «Մեդիամաքսին» տված հարցազրույցին, որին անդրադարձել էր փորձագետ Մեսրոպ Հարությունյանը և որտեղ Գրիգորյանը նշել էր, թե հեռուստաընկերությունը քաղաքական լուրեր և հաղորդումներ չի ունենալու: «Եթե նայեք այդ հարցազրույցի ժամկետը, կհասկանաք այդ հայտարարությանս իմաստը: Դա ասել եմ ընտրություններից առաջ, երբ մեր հեռուստաընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ չի լուսաբանելու նախընտրական քարոզարշավը: Հետևաբար, անտրամաբանական կլիներ այդ ժամանակ խոսել քաղաքական լուրեր կամ հաղորդումներ ունենալու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031