Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Ֆրանսիայի նման գործընկերոջը թողած` Չինաստանից ենք ավտոբուս բերում»

Սեպտեմբեր 05,2012 15:55

Սեպտեմբերից առաջացած մեծ խցանումների խնդիրը մեկ քայլով լուծվող հարց չէ: Այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, հատկապես առավոտյան ժամերին եթե ուղեւորների մի մասը տեղափոխվի մետրո, տրոլեյբուս, այդպես չի լինի. «Մեր երկիրը ճգնաժամի հետ կապված ՌԴ-ից վարկեր ստացավ, էդ վարկը գնաց շենքեր կառուցելու վրա, այդ շենքերն էլ, ինչպես ինքներդ եք տեսնում, 80 տոկոսով դատարկ կանգնած են: Այդ վարկից եթե տրամադրվեր մետրոյի եւ տրոլեյբուսի մի կայարան կառուցելու համար, ավելի լավ կլիներ»:

Ա. Պողոսյանն ասաց, որ եթե միկրոավտոբուսների հարցն էլ մի կողմ դնենք, ավտոբուսները շատ անհարմար են: Ըստ նրա, դրանց մասին խոսելիս պատասխանատուները միշտ նշում են «միջին եւ մեծ տարողությամբ ավտոբուսներ», բայց դա խաբեություն է, մեծ ավտոբուսներ չկան. «Մի՞ թե մենք արժանի չենք, որ նորմալ տրանսպորտով երթեւեկենք: Խնդիրը լուծելու համար ի՞նչ արեցին: Հանկարծ երկրագնդի մյուս կողմից, մարդկության կողմից մերժված ապրանքը, որը չի կարողանում հաղթահարել անգամ Բաղրամյանի վերելքը, ներկրեցին մեզ մոտ: Էդ մղձավանջը, էդ չինական ավտոբուսները, որոնք քաղաքում աշխատելու համար չեն նախատեսված, այլ միջհամայնքային փոխադրամիջոցներ են»:

Սպառողների միության նախագահը համոզմունք հայտնեց, որ չինական ավտոբուսները նվեր ստանալը նաեւ պայման է ենթադրում, նրա խոսքերով, նվերի պայմանն այն է, որ էլի 300 ավտոբուս նրանց թելադրած պայմաններով մենք պիտի կոմերցիոն հիմունքներով ձեռք բերենք. «Մինչեւ դեկտեմբեր գալու են լցվեն մեր քաղաք: Մենք ունենք Ֆրանսիայի պես գործընկեր եւ եթե ճշգրիտ քաղաքականություն վարեինք, մենք Ֆրանսիայից ձեռք կբերեինք նման ավտոբուսներ: Հա, նոր ավտոբուսները շատ լավ են աշխատում, բայց դրանք էլ շահութաբերության առումով հարմար չեն, հունվարից ներկրված ավտոբուսները մինչեւ հիմա վարորդ չեն գտնում: Հայտարարությունը մինչեւ հիմա գնում է: Սա մեր անհեռատես, կարկատանային քաղաքականության արդյունքն է»:

Անդրադառնալով «գծի տեր» արտահայտությանը, Ա. Պողոսյանն ասաց, որ դա պրոֆեսիոնալ հանցավոր խմբերի լեզուն է. «Բավական չէ, որ մենք տառապում ենք տրանսպորտի մեջ, մեր լեզուն է բռնաբարվում, որտե՞ղ է տեսնված, որ հեռուստացույցով եւ մամուլում «գիծ», «գծի տեր» արտահայտությունները սովորական լինեն»:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930