Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախատեսվո՞ւմ է արդյոք վերանայել աջակցության չափերը այն դեպքերում, երբ պետական աջակցությունը բավարար չէ բնակարան ձեռք բերելու համար». արցախցիների բնակարանային խնդիրների վերաբերյալ նամակ է ներկայացվել ԱԺ խմբակցություներին 

Սեպտեմբեր 25,2026 15:58 Share

ՀՀ Ազգային ժողովի 3 խմբակցություներին ներկայացրած նամակը !!!

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին

«Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին

Հարգելի՛ խմբակցությունների ղեկավարներ ՝

2026 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած հանրային ակցիայի ընթացքում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպելու հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների ղեկավարների հետ։

Հանդիպման նախապատրաստման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապես ներկայացնել այն հիմնական հարցերը, որոնք առնչվում են արցախահայության բնակարանային ապահովման գործող պետական քաղաքականությանը, դրա գործնական արդյունքներին և առկա խնդիրների հնարավոր լուծումներին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվող հանդիպմանն ընդառաջ ներկայացնում ենք հետևյալ հարցաշարը և ակնկալում ենք դրանց վերաբերյալ առարկայական քննարկում և հնարավորության դեպքում՝ հստակ պատասխաններ ու առաջարկվող լուծումների վերաբերյալ տեղեկատվություն։

1.Գործող բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում սահմանված պետական աջակցության չափերը որքանո՞վ են այսօր բավարար բնակարան ձեռք բերելու համար՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայական գների փոփոխությունը։

Նախատեսվո՞ւմ է արդյոք վերանայել աջակցության չափերը կամ կիրառել լրացուցիչ մեխանիզմներ այն դեպքերում, երբ պետական աջակցությունը ակնհայտորեն բավարար չէ բնակարան ձեռք բերելու համար։

2.Այսօր կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստացել են բնակարանային հավաստագիր, սակայն չեն կարողացել այն փաստացի իրացնել։ Ի՞նչ կոնկրետ լուծում է նախատեսվում այն ընտանիքների համար, որոնք ունեն հավաստագիր, սակայն բնակարանների շուկայական գների, սեփական եկամուտների բացակայության, հիփոթեքային վարկ ստանալու անհնարինության կամ այլ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ձեռք բերել բնակարան։

Արդյո՞ք քննարկվում է այդ ընտանիքների համար լրացուցիչ պետական աջակցության կամ այլընտրանքային բնակարանային լուծման մեխանիզմի ստեղծումը։

3.Ինչպիսի՞ լուծում է նախատեսվում այն Արցախահայ ընտանիքների համար, որոնք բնակարանային աջակցության ծրագրի շահառու են, սակայն չունեն այնպիսի եկամուտ, որը հնարավորություն կտա ստանալ անհրաժեշտ չափի հիփոթեքային վարկ։

Արդյո՞ք պետությունը քննարկում է սոցիալական բնակարանների, պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդի, երկարաժամկետ վարձակալության կամ պետական երաշխավորմամբ այլ մեխանիզմների կիրառումը։

  1. Արդյո՞ք բնակարանային աջակցության քաղաքականությունը նախատեսում է լուծումներ այն քաղաքացիների համար, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում երկարաժամկետ հիփոթեքային պարտավորություն ստանձնել։

Մասնավորապես՝ նախատեսվո՞ւմ է սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծում կամ ընդլայնում, երկարաժամկետ վարձակալության պետական աջակցություն, բնակարանաշինության ծրագրեր կամ այլընտրանքային բնակարանային մեխանիզմներ։

5.Խնդրում ենք ներկայացնել՝

-քանի՞ Արցախահայ ընտանիք է դիմել բնակարանային աջակցության ծրագրին,

-քանի՞ ընտանիքի է տրամադրվել հավաստագիր,

-քանի՞ ընտանիք է փաստացի իրացրել հավաստագիրը,

-քանի՞ ընտանիք դեռևս չի իրացրել այն,

-որո՞նք են հավաստագրերի չիրացման հիմնական պատճառները,

-քանի՞ ընտանիք է բնակարան ձեռք բերել,

-քանի՞ ընտանիք է տուն կառուցել,

-քանի՞ ընտանիք է օգտվել հիփոթեքի մարման մեխանիզմից։

Հնարավո՞ր է արդյոք այս տվյալները տրամադրել նաև ըստ մարզերի և Երևանի։

  1. Ո՞րն է պետության կողմից սահմանված վերջնական ժամկետը, որի ընթացքում Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են պետական աջակցության չափանիշներին, պետք է ունենան փաստացի բնակարանային լուծում։

Եթե գործող ծրագրի ժամկետը երկարաձգվել է, ապա արդյո՞ք դրա ավարտը նշանակում է նաև, որ մինչև այդ ժամկետը պետությունը նպատակ ունի ապահովել համապատասխան ընտանիքների բնակարանային խնդրի փաստացի լուծումը։

  1. Արդյո՞ք ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը նախատեսում են Արցախահայության բնակարանային խնդիրը դիտարկել ոչ միայն որպես ժամանակավոր սոցիալական աջակցության, այլև որպես երկարաժամկետ պետական քաղաքականության առանձին ուղղություն։

Մասնավորապես՝ նախատեսվո՞ւմ է մշակել միասնական, բազմաբաղադրիչ ծրագիր, որը կներառի բնակարանի ձեռքբերում, բնակարանաշինություն, սոցիալական բնակարան, վարձակալության աջակցություն, հիփոթեքային աջակցություն և այլ հնարավոր մեխանիզմներ։

8.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մանկահասակների ընտանիքների մի մասը ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ստացել են նպաստներ նախորդ ժամանակահատվածի համար, կան ընտանիքներ, որոնք այդ նպաստները չեն ստացել , չնայած ունեն նույնական պայմանները։Ինչով է բացատրվում։

  1. Նախատեսվո՞ւմ է արդյոք ՀՀ օրենսդրությամբ սահմանել Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ կամ հատուկ իրավական կարգավիճակ, որը կապահովի նրանց՝ որպես բռնի տեղահանված և Արցախում իրենց բնակության, գույքի և այլ իրավունքները կորցրած անձանց, համապատասխան իրավունքների և պետական երաշխիքների շարունակական պաշտպանությունը՝ անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից։

Մասնավորապես՝

նախատեսվո՞ւմ է օրենսդրորեն ամրագրել բռնի տեղահանված լինելու փաստը՝ որպես առանձին իրավական հանգամանք,

ինչպե՞ս են շարունակվելու այն անձանց իրավունքների և պետական աջակցության երաշխիքները, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն,

ինչպե՞ս է ապահովվելու բռնի տեղահանության հետևանքով կորցրած բնակարանի, գույքի և այլ իրավունքների վերաբերյալ պահանջների պահպանումը,

և արդյո՞ք նախատեսվում է ընդունել առանձին օրենք կամ այլ օրենսդրական կարգավորում, որը համապարփակ կսահմանի Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու դրանց պետական պաշտպանության մեխանիզմները։

  1. Պատրա՞ստ է ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել կամ իրականացնել խորհրդարանական վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում պարբերաբար կքննարկվեն Արցախահայության բնակարանային ծրագրի ֆինանսավորումը, շահառուների թիվը, փաստացի բնակարանով ապահովված ընտանիքների թիվը, չիրացված հավաստագրերի պատճառները և ծրագրի արդյունավետությունը։

Միաժամանակ առաջարկում ենք քննարկել հանդիպումից հետո աշխատանքային ձևաչափի ստեղծման հնարավորությունը, որի շրջանակում ՀՀ ԱԺ պատգամավորների և արցախահայության նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ պարբերաբար կքննարկվեն արձանագրված խնդիրները և դրանց լուծման ընթացքը։

Հարգելի խմբակցության ղեկավարներ՝

Մեր նպատակն է ոչ թե սահմանափակվել առկա ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալով, այլ քննարկել այնպիսի իրատեսական և երկարաժամկետ լուծումներ, որոնք հնարավորություն կտան Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ունենալ արժանապատիվ և կայուն բնակարանային պայմաններ։

Ուստի խնդրում ենք սույն հարցաշարը դիտարկել որպես հանդիպման օրակարգի նախնական հիմք և հանդիպման ընթացքում անդրադառնալ յուրաքանչյուր հարցի՝ հնարավորության դեպքում ներկայացնելով ոչ միայն առկա իրավիճակը, այլև նախատեսվող կոնկրետ քայլերը, պատասխանատու մարմինները և դրանց իրականացման ժամկետները։

Արցախահայության բնակարանային խնդիրը ժամանակավոր կեցության հարց չէ։ Այն մարդկանց արժանապատիվ կյանքի, սոցիալական կայունության և իրենց ապագան Հայաստանում կառուցելու հնարավորության հարց է։

Անաստաս Իսրայելյան

«Վերածնվող Արցախ» ՀԿ հիմնադիր, նախաձեռնող խմբի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930