Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. «Խաղաղ բանակցությունների ապագան»

Սեպտեմբեր 29,2012 13:53

Հարցազրույց փորձագետ եւ վերլուծաբան Թողրուլ Ջուվարլիի հետ

– Ի՞նչ ազդեցություն կունենա Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի ներումն ու խրախուսումը: Հնարավո՞ր է վերջնականապես ընդհատվեն խաղաղ բանակցությունները:

– Բանակցային գործընթացը վաղուց է մտել փակուղի: Արդեն մի քանի տարի է՝ պատրանք է ստեղծվում, թե այն շարունակվում է: Այնպես որ, հիմք չունենք խոսելու որեւէ մի շոշափելի ազդեցության մասին: Եթե այդ ազդեցությունը լինի էլ, ապա կկրի միայն կարճաժամկետ բնույթ: Որոշ քաղաքագետներ պնդում են, որ Ս. Սարգսյանը ֆորմալ ձեւով առիթ ստացավ խուսափելու Ալիեւի հետ ցանկացած բանակցություններից: Բայց դա ակնհայտ չափազանցություն է թվում: Որքան էլ տարօրինակ է, բայց Ադրբեջանն էլ որոշակի թայմաութ ստացավ. առաջացած լարվածությունը տալիս է Մադրիդյան գործընթացի որոշ դրույթներ վերանայելու, մասնավորապես՝ կարգավորման փուլային տարբերակին վերադառնալու հնարավորություն: Այստեղ կարծես թե համահունչ են ինդիվիդուալ եւ պետական քայլերը: Տպավորիչ է, բայց քաղաքական առումով՝ սխալ: Բանակցային գործընթացը ոչ մի դեպքում չի դադարի: Հակառակը, համանախագահ երկրները ջանք չեն խնայի ստեղծված լարվածությունը մեղմելու համար: Նրանց այսօրվա միակ ռեալ ֆունկցիան հակամարտության ուժային լուծումը թույլ չտալն է: Ե՛վ Կրասնոդարի մարզում անցած «Կովկաս» զորավարժությունը, ե՛ւ Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ զորավարժությունը ավելի շուտ էին պլանավորված, եւ դժվար թե անմիջական կապ ունեն Ռ. Սաֆարովի ազատման պատմության հետ:

– Որո՞նք են Ադրբեջանում ծավալված հասարակական քննարկումների գլխավոր դրույթները: Ի՞նչ ուժեղ եւ թույլ կողմեր ունեն դրանք:

– Առաջին պառակտումը մենք տեսնում ենք հասարակական մակարդակում: Բնակչության շոշափելի հատվածը կարծում է, որ ամեն ինչ ճիշտ էր: «Յուրայինին» միշտ պետք է ազատել դժբախտությունից, եթե նա այդ վիճակում հայտնվել է օտար երկրում: Ցանկացած նորմալ երկիր պետք է պաշտպանի իր քաղաքացիների շահերն աշխարհի ցանկացած մասում: Բայց հասարակության հատվածը, որն արդարացրել էր իշխանությունների այս քայլը, չի ուզում պատասխանել հաջորդ հարցերին, որոնցով հենց ցույց է տրվում իշխանությունների դիրքորոշման թուլությունը: Ենթադրենք, նույնիսկ, որ ութ ու կես տարի արդեն բանտում անցկացրած մարդուն ներում շնորհելու քայլն ինքնին արդարացվում է բարոյական տեսանկյունից: Բայց ութ ու կես տարվա համար աշխատավարձ տալն իրականում նշանակում է, որ լիովին հերքվում է Ռ. Սաֆարովի ցանկացած մեղք: Իսկ զինվորական կոչման բարձրացումն արդեն հերոսացման քայլ է: Կարելի է խոսել երկրի քաղաքական վերնախավում որոշակի պառակտման մասին: Իշխող վերնախավում սա ավելի քիչ է զգացվում, այն ձգտում է ավելի համախմբված տեսք ունենալ:

Բայց այս պառակտումը նկատվեց նաեւ ընդդիմության շարքերում: Հասարակական պալատի մի քանի անդամներ ուզում էին նույնիսկ դուրս գալ այնտեղից, համարելով, որ Հասարակական պալատում ներկայացված իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների Եվրախորհրդին ուղղված համատեղ դիմումի ստորագրումը սխալ էր:

 

Ոմանք ուղղակիորեն դատապարտում են «Մուսաֆաթին» եւ Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ կուսակցությանն իշխանությունների հետ համաձայնվելու համար: Ընդդիմությանն ուղղակիորեն մեղադրում են նաեւ մերկանտիլիզմի համար: Թեեւ նրան ավելի շուտ խոստացել են տալ այն, ինչն իշխանություններն առանց այդ էլ պարտավոր են անել՝ քաղաքական կուսակցությունների մասին նորացված օրենքի արագ ընդունում, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության շարունակում, ինչի մասին հայտարարել էին իշխանություններն ամռան սկզբին: Ամենատհաճն այս պատմության մեջ Ադրբեջանի իմիջին հասցված մեծ հարվածն էր: Հայերը հաճախ ընդգծում էին, որ հայերի եւ ադրբեջանցիների համատեղ կյանքը ոչ ժողովրդավարական երկրի պայմաններում սկզբունքորեն անհնարին է: Հիմա նրանք ստացան եւս մեկ փաստարկ այն բանի օգտին, որ ԼՂՀ -ի հայերը չեն կարող մնալ Ադրբեջանի կազմում եւ, որ Ադրբեջանի ներկայիս իշխանական համակարգի օրոք սա կլինի մշտական սպառնալիք նրանց անվտանգությանը:

– Կկասեցվե՞ն հայկական եւ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների միջեւ շփումները, եւ ընդհանրապես, որքա՞ն օգտակար է այսուհետ լինելու հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջեւ համագործակցությունը:

– Ո՛չ, համագործակցությունը չի դադարեցվի զարգացումների ոչ մի տարբերակի դեպքում: Այստեղ, ինչպես եւ բանակցային գործընթացում, կա իներցիա, որը չի կարող ոչ ոք չեղյալ համարել: Երկու հասարակություններում էլ կան մարդիկ, որոնք հասկանում են այս աղմուկի քաղաքական ենթատեքստը. ո՞ւմ է դա օգտակար, ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջեւ համագործակցությունը շատ օգտակար է, այդ կոնտակտները միշտ կարող են պետք գալ ե՛ւ իրավիճակի սրացման, ե՛ւ խաղաղ բանակցությունների հաջողությունների դեպքում: Բայց ամենից առաջ դրանք անհրաժեշտ են «ժամերի համապատասխանեցման» համար, հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունենում հասարակություններում:

– Ինչո՞վ է պայմանավորված համանախագահ երկրների, եվրոպական կառույցների բացասական վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Կոնկրետ ինչի՞ կարող է հանգեցնել Ռ. Սաֆարովի հարցի մասին Եվրախորհրդարանի որոշումը:

– Համանախագահ երկրների բացասական արձագանքը լիովին բնական է, ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի, այնպես էլ՝ Սպիտակ Տան արձագանքները: Զուտ ֆունկցիոնալ առումով նրանք պարտավոր էին արձագանքել հակամարտող կողմերի միջեւ առճակատման ցանկացած մեծացմանը: Իսկ այդ ուժգնացումն ակնհայտ է: Հայկական լոբբին իր դերը խաղաց այս իրավիճակին օպերատիվ արձագանքներ ունենալու հարցում: Բայց ամեն ինչից բացի, այս պատմության շուրջ ամբողջ աղմուկը թույլ է տալիս նրան վերագրել Ղարաբաղյան կարգավորման մեջ սեփական թուլությունը: Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանն ընդունեց փաստաթուղթ «Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի բանաձեւ. Ռ. Սաֆարովի գործ»: Դրա մեջ ներառված վեց քննադատական դրույթներից հինգն ուղղված են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դեմ: Անկախ նրանից, թե ինչո՞վ էր պայմանավորված Եվրախորհրդարանի այդ ակտիվությունը, ամենայն հավանականությամբ, Եվրախորհրդարանը որոշեց նորից ցուցադրել եվրաարժեքներին իր հավատարմությունը, եւ միաժամանակ օգտվել առիթից եւ ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի ներկայիս ռեժիմի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930