Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք երբեք հակաամերիկյան չենք եղել»

Հոկտեմբեր 10,2012 13:55 Share

Հռոդոսյան համաժողովում կարեւորվեցին բարոյական եւ հոգեւոր արժեքները

«Ձեր ասած լավ բաներից Հայաստանին բաժին կհասնի՞»՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին իր ելույթից հետո հայաստանյան պատվիրակության հետ կարճ առանձնազրույցի ժամանակ հարց ուղղեց «Հայասպետ» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը: «Այո, իհարկե, անպայման: Պետք է պարզապես ավելի խելացի լինել»,- ասաց պարոն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը մասնակցում էր «Քաղաքակրթությունների երկխոսություն» հռոդոսյան համաժողովին՝ կազմակերպության կազմկոմիտեի ռուսաստանյան ներկայացուցիչ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության սեփականատեր Վլադիմիր Յակունինի հրավերով: Հիշեցնենք, որ այս տարի համաժողովը հոբելյանական էր՝ 10-րդը: Համաժողովին մասնակից 65 երկրների 600-ից ավելի պատվիրակները՝ քաղաքական, գիտական եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, քննարկեցին մոլորակի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, բարոյական եւ հոգեւոր արժեքներին վերաբերող խնդիրներ: Նպատակը՝ քաղաքակրթությունների երկխոսության միջոցով փրկել մարդկությունը սպասվող պատերազմներից եւ արհավիրքներից: Այս համաժողովը համարվում է խոշորագույն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը՝ ՌԴ-ի դոմինանտ մասնակցությամբ:

Հնչեցին բազմաթիվ մտահոգություններ եւ մտավախություններ. բոլոր ելույթներում նույն եզրահանգումն էր՝ անկախ կրոնական եւ ռասայական պատկանելությունից, մարդկությունը պետք է վերականգնի հոգեւոր եւ բարոյական արժեքների նկատմամբ հավատը, վստահությունը, որպեսզի ի վիճակի լինի խուսափել առկա եւ սպասվող արհավիրքներից: Հայաստանի նախկին վարչապետի ելույթը բավականին աշխուժություն մտցրեց դահլիճում, այն կարծես հուսահատությունից դուրս գալու, վերստին ապրելու եւ արարելու կոչ էր՝ ուղղված մարդկությանը: Արմեն Սարգսյանը մասնավոր օրինակների վրա փորձեց ներկաներին համոզել, որ մարդկությունը դեռեւս անվերջ տասնամյակներ կարող է ապրել երկրագնդի վրա, եթե ճիշտ եւ նպատակային օգտագործվեն Աստծո կողմից շնորհված բարիքները: Իսկ որ Աստված կա՝ պարոն Սարգսյանը կասկած չունի: Այլ կերպ բացատրել այն բոլոր հրաշալիքները, որոնք մեզ շրջապատում են, Արմեն Սարգսյանը չի կարող: Նա խոսեց, մասնավորաբար, 21-րդ դարում արեւի եւ քամու էներգիայի օգտագործման, տեխնոլոգիական առաջընթացների եւ զարգացման մասին: Իր ելույթից հետո Արմեն Սարգսյանը լքեց համաժողովի աշխատանքները: Ասաց, որ շտապում է կարեւոր հանդիպման: Դահլիճում ներկա «Ռուսական երկաթուղիներ» ընկերության սեփականատեր Վլադիմիր Յակունինը, ով դուրս էր եկել պարոն Սարգսյանին ճանապարհելու, նույնպես իր հիացմունքն արտահայտեց նրա լակոնիկ եւ նպատակային ելույթի համար:

«Առավոտի» հետ զրույցում ամփոփելով աշխատանքները՝ «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովի գործադիր տնօրեն Վլադիմիր Կուլիկովը պատասխանելով հարցին՝ ի՞նչ իրական արդյունքներ են արձանագրվել համաժողովի տասնամյա պատմության ընթացքում, ասաց. «Կարողացել ենք ընդգրկվել համաշխարհային առաջատար ֆորումների տասնյակում: Մենք գիտենք, որ այն հարցերը, որոնք քննարկվում են այս համաժողովում, այն առաջարկները, որոնք ձեւավորվում են, մեծագույն ուշադրության են արժանանում: Այս առումով ցանկանում եմ առավել անկեղծ լինել՝ եթե այս համաժողովը չլիներ, ոչ ոք անկեղծ չէր խոսի սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին՝ դրանից դեռ երեք տարի առաջ: Եթե այս համաժողովը չլիներ, ոչ ոք չէր խոսի այն մասին, որ մուլտիկուլտուրալիզմի քաղաքականությունը՝ կանադական օրինակով, Եվրոպայում կիրառելի չէ: Եթե այս համաժողովը չլիներ, ես կարծում եմ՝ այժմ չէր լինի հակառազմական այն հսկայական ինտելեկտուալ շարժումը, որը նախեւառաջ զարգանում է ԱՄՆ-ում. Եվրոպայում ավելի թույլ է: Եթե մենք չլինեինք, կարծում եմ՝ Չինաստանը երբեք չէր ջանա առավել խաղաղասիրական արտաքին քաղաքական ակցիաներ անցկացնել»: Արդեն երեք տարի  է՝ համանման մի ֆորում էլ Չինաստանում է կազմակերպվում՝ նույն տրամաբանությամբ եւ օրինակով, որի հովանավորը Կորեայի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահն է: Մեր զրուցակցի կարծիքով՝ «Քաղաքակրթությունների երկխոսությունը» կարողացել է նպաստել համանման տարբեր քննարկումների եւ պլատֆորմների, որոնք լսելի եւ կիրառելի են դառնում ազգային մակարդակներում:

Մեր դիտարկմանը՝ կարելի՞ է փաստել, որ այս կազմակերպությունը կոնսոլիդացնելով համաշխարհային հանրության մտավոր հատվածին՝ փորձում է հակակշիռ ստեղծել Միացյալ Նահանգներին, ընթացող սառը պատերազմին, պարոն Կուլիկովը նկատեց. «Իսկ ինչո՞ւ «սառը» պատերազմ: Այն համարյա թեժ է: Մեզ հետ համագործակցող փորձագետների վերլուծություններով՝ վերջին 20 տարիների ընթացքում զինված հակամարտություններում, որոնցում մասնակից է եղել ԱՄՆ-ը, 300 հազարից ավելի մարդ է զոհվել: Դա ամենաիսկական պատերազմն է»: Մեր զրուցակիցը չհամաձայնեց, որ այսպիսով փորձ է արվում հակաամերիկյան ալյանս ձեւավորել՝ նկատելով, որ համաժողովին մասնակցում են 50-ից ավելի ամերիկյան գործիչներ՝ ամենատարբեր բնագավառներից: «Մենք երբեք հակաամերիկյան չենք եղել: Ես չեմ կարծում, որ ամերիկացիները, նույնիսկ արտաքին քաղաքական հարցերում, կարող են համարվել երկրագնդի բոլոր դժբախտությունների պատճառ: Դա ճիշտ չէ: Ամերիկացիները հիմնական պատճառ չեն: Նրանց մշակույթն իրականում բավականին բարդ է, բազմաշերտ եւ ագրեսիվ չէ: Բայց աշխարհում դոմինանտ դերակատարում, միջազգային ժանդարմի ֆունկցիաներ ստանձնելու փորձերը հանգեցնում են այն վիճակին, որում այժմ ԱՄՆ-ն է: Եվ տնտեսական ճգնաժամը հիմնականում կապված է ԱՄՆ-ի ստանձնած՝ ամբողջ աշխարհում անվտանգություն ապահովելու անուղղակի պարտավորության հետ: Հավանաբար, ստեղծվել է մի այնպիսի երիտասարդ էլիտա, որը չի պատկերացնում աշխարհը ոչ ամերիկյան ձեւով: Իսկ թե ի՞նչ կանեն իրենք այդ էլիտայի հետ հետո՝ պարզ չէ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հռոդոս-Երեւան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031