Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց Հայրիկյանի՝ Հայաստանը սերժորոշման, րաֆֆորոշման երկիր է»

Հունվար 09,2013 14:01

ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու  Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, ընտրական հետաքրքիր փուլ է սկսվել,  ու մի քանի շաբաթ առաջվա հուսահատական իրավիճակն էլ չկա:

Նրա կարծիքով, ընտրություններից առաջ քաղաքական դաշտը բավականին մաքրվեց:  «Ես անգրագիտության վերացման դասընթացներ չեմ ցանկանա անել թեկնածուների համար, թեեւ նրանք դրա կարիքն ունեն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Հայրիկյանն ու հպարտացավ իր ու իր թիմի առավելությամբ՝ «անցած ճանապարհ ունենք».  «Գաղափարախոսական տեսանկյունից մենք մի մեծ առավելություն ունենք, եթե մյուսներն ասում են՝  կտան, մենք ասում ենք՝ կօգնենք իրացնել Աստծո կողմից տրվածը՝ ինքնորոշման իրավունքը:  Մենք ժամանակին սկսել ենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության  գործնական իրականացումը եւ  հաջողվել է Հայաստանը  դարձնել անկախ պետություն, բայց Հայաստանը միջազգային իրավունքին ենթակա է: Բոլորն են խոսում ժողովրդավարության մասին, բայց գաղափարներով հանդես եմ գալիս միայն ես»:

Պարոն Հայրիկյանը կրկին պնդեց՝ մրցակցային  բարդ ընտրություններ են սպասվում, որովհետեւ դժվար է լինելու իր դեմ  մրցել: Հետո էլ հավելեց՝ Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին մրցակից չի տեսնում. «Նրանք  այն ժամանակ էլ էին իմ դեմ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում էին, նրանք այսօր էլ են իմ դեմ:  Բայց ես նրանց իմ մրցակից չեմ տեսնում, նրանց իմ ընկերներն եմ համարում:  Առանց Հայրիկյանի Հայաստան պատկերացնել ցանկացողները ցանկանում են Հայաստանը դառնա սերժորոշման, րաֆֆորոշման երկիր, իսկ ես ցանկանում եմ Հայաստանը  դառնա ինքնորոշման երկիր»:

Պարոն Հայրիկյանը նաեւ անդրադարձավ իր ավելի վաղ հայտնած տեսակետին՝ ընտրություններին գումար վերցնողներն ու  բաժանողները ոչխարներ են. «Սրտանց ներողություն եմ  խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից, որովհետեւ դրամ տվողն ու բաժանողը հայրենիքն է վաճառում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031