Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէինք մտածում, որ մեր կյանքի օրերին, մեր սերնդի հսկողության ներքո կհայրենազրկվեինք։ Եվ դրա հիմնաղբյուրը Հայաստանի ներկայիս գործող իշխանությունն է». Րաֆֆի Հովհաննիսյան

Սեպտեմբեր 04,2026 19:39 Share

«Սա է մեր իրականությունը՝ մղձավանջային ասենք, թե արդեն սովորական դարձած մեզ համար։ Այս գործադիրը եւ  օրենսդիրը միասին իրենց իշխանաշրջանի վերջում ճամփեցին հայրենի Արցախը։ Սյունիքից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից, Տավուշից՝ էլ ի՞նչ մնաց, կամաց-կամաց մոտենում են Երեւանին։ Իրենց քաղաքականությունը ցուցանում է, որ արդեն Երեւանը տվել են որպես միավոր, որպես արժեք։ Եվ կամաց-կամաց կհասնեն նաեւ մնացած բոլոր մարզերին։ Արդեն պարզ է, որ օրակարգային դարձել է արդեն Արարատի մարզը, Վեդու շրջանը եւ Տիգրանաշենը»,-Հայելի ակումբում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մենք գիտենք, թե դա ինչ է նշանակում։ Տիգրանաշենը մեր երկրի անբաժան մասն է։ Եվ պարզ է, թե դեպի ուր է գնում մեր երկիրը։ Այո, չէինք մտածում, որ մեր կյանքի օրերին, մեր սերնդի հսկողության ներքո կհայրենազրկվեինք։ Եվ դրա հիմնաղբյուրը Հայաստանի ներկայիս գործող իշխանն է, իշխանությունն է։

Մենք դրանից պետք է դուրս գանք։ Խոսելն էլ պետք է։ Մենք հանդիպում, սրա մասին խոսում ենք։ Բայց գործի ժամն է։ Թե իրականության համար, թե հռետորաբանության մեջ խոսում ենք. գուբերնիա՞, թե՞ վիլայեթ, սանջա՞ք է, թե՞ ուեզդ է։ Բայց պարզ է, որ Հայաստանն արդեն կորցրել է իր սուբյեկտային ինքնությունը, իր պետական արժեքը, եւ ենթական է արդեն օտար ուժերի։ Ինքը չի նստում միջազգային դիվանագիտության սեղանին, եւ սա արտացոլվում է նոր ցեղասպանությունների մեղսակցությամբ, կապիտուլյացիայով, կոլաբորանտությամբ, որ իրենք շարունակում են լինել բռնապետ ու ցեղասպան երկրի կրտսեր՝ տեղային գործընկերը։

Ունենք քաղաքական բանտարկյալներ։ Ինչպե՞ս կարելի է խաղաղության մասին խոսվի, երբ որ Հայաստանի տարածքը օկուպացիայի տակ է, եւ քաղաքական բանտարկյալներ ունենք թե Բաքվում, թե Երեւանում։ Եվ որեւէ հիմք չկա նման կալանավորումների եւ դատավճիռների։

Ցավ է, որ 35 տարվա ընթացքում մենք ռազմավարական ողջ կարողությամբ չենք կարողացել կերտել այնպիսի պետություն, որ ունակ կլիներ սեփական սահմանը պահպանել բոլոր առումներով՝ ռազմական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն, տնտեսական, դիվանագիտական, քաղաքական։ Երանի այս երեք ու կես տասնամյակների ընթացքում ունենայինք այդ հնարավորությունը՝ ասելու համար, որ մենք ինքնուրույն պետություն ենք, մենք չենք մտնում որեւէ կոլեկտիվ անվտանգության կամ տնտեսական միավորի մեջ։ Ո՛չ Արեւելք, ո՛չ Արեւմուտք։ Մենք բոլորի հետ հավասար, երկկողմանի հարաբերությունների, փոխադարձ հարգանքի եւ կանոնակարգերի հիման վրա կքայլենք։

Նախ, պետք է պետություն լինես, որ մտնես նման հորիզոնական փոխհարգալից հարաբերությունների մեջ։ Եթե պետություն չես եւ ենթակա ես, օբյեկտ ես եւ ուղղահայացի ներքեւի մասում ես, պարզ է, որ դա երբեք չի գործի։ Այսինքն, քո ինքնիշխան գոյությունը թողնում ես ուրիշներին եւ ոչ թե սեփական որոշումն ես կայացնում։ Խոսում ես ինքնիշխանությունից, բայց ինքնիշխան որոշումը տալիս ես ուրիշի»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ժամանակավրեպ է գնահատում ռուսական ռազմաբազայի դուրս բերման քաղաքականությունը, մինչեւ որ չկայանա ինքնուրույն պետականության կայացումը մեր երկրում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930