Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչն է՞լ է երեխաների առողջական խնդիրներն անտեսել

Հունվար 17,2013 13:50

«Դուստրս՝ Սիրանույշ Պապյանը, ծնվել է մանկական ուղեղի կաթվածով եւ տեղաշարժվում է միայն անվասայլակի օգնությամբ: Նրա մոտ ախտորոշվել է հետշարժողական համակարգի խախտումներ, տեսողության կորուստ՝ 50 տոկոսի չափով, անկղապահություն, հոգեկան առողջության խախտումներ եւ այլն: Որդիս՝ Սամվել Պապյանը, նույնպես ունի մի շարք հիվանդություններ, նրա մոտ ախտորոշվել է զարգացման ընդհանուր խանգարում, նա աուտիկ է եւ ներկայումս հաշվառված է մանկական հոգեբուժական դիսպանսերում: Երեխաների մոտ առկա ծանր առողջական խնդիրների պատճառով նրանց երկուսին էլ անհրաժեշտ է շուրջօրյա խնամք՝ մշտական դեղորայք ընդունելու, խնամքի եւ սնվելու հատուկ ռեժիմը պարտադիր պայման է երեխաների հետագա կենսակերպը ապահովելու համար: Ուստի առանց մոր ներկայության հոր հետ հանդիպելը հաշմանդամ երեխաներին միայն վնաս կպատճառի»,- ՀՀ վերաքննիչ դատարանին այսպիսի փաստեր է ներկայացրել Մերի Մարտիրոսյանը, որի խնամքին այսօր գտնվում է 2 անչափահաս հաշմանդամ երեխա: Այս ամենի մասին տիկին Մերին պատմել է դատարանին, որպեսզի վերջինս հնարավորինս ճիշտ վճիռ կայացնի հաշմանդամ երեխաների հետագա ապրելակերպը կազմակերպելու համար, սակայն ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց Մ. Մարտիրոսյանը, Վերաքննիչ դատարանն էլ առաջին ատյանի վճիռը թողել է անփոփոխ, այսինքն՝ որոշել է, որ երեխաները պետք է հոր՝ Հայկ Պապյանի հետ շաբաթական 2 անգամ հանդիպեն առանց մոր ներկայության: Վերաքննիչի որոշումը Մ. Մարտիրոսյանը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Նրա խոսքերով՝ ինքն ամենեւին էլ դեմ չէ, որ երեխաների հայրը նրանց տեսակցի, տանի զբոսանքի, նրանց խնամի կամ օգնի, բայց տիկին Մերիի համոզմամբ՝ երեխաներն առանց իրեն շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն, ինչը հաշմանդամ երեխաներին միայն վնաս կպատճառի. «Դատարանը հաշվի չի առել երեխաների համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են նրանց տարիքը, երեխաների մոտ առկա ծանր առողջական խնդիրները, մշտական դեղորայք ընդունելու, խնամքի եւ սնվելու հատուկ ռեժիմ ունենալու փաստերը, մշտական մայրական խնամքի կարիք ունենալը, տեւական ընդմիջումների պատճառով հոր հետ հոգեբանական կապի բացակայությունը, վերջինիս հետ առանց մոր երկարատեւ շփման դեպքում հնարավոր վնասները՝ դեպրեսիա, վախ, հոգեկան վիճակի սրացում եւ այլն: Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառել երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը»:

Ըստ Մ. Մարտիրոսյանի՝ դատարանն իր այդ որոշումով խախտել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի, Ընտանեկան օրենսգրքի եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ:

Մ. Մարտիրոսյանը Վճռաբեկ դատարանին ուղղված դիմումում գրում է. «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին։ Երեխայի առողջության, ֆիզիկական, հոգեկան եւ բարոյական լիարժեք եւ ներդաշնակ զարգացման համար առաջնահերթ պատասխանատվությունը կրում են երեխայի ծնողները, որոնք պարտավոր են առաջնորդվել՝ ելնելով միմիայն երեխայի լավագույն շահերից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ դեպքում այդ շահերը լավագույնս պաշտպանված կլինեն: Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել նաեւ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որ երեխաները տարիներ շարունակ բոլոր առումներով ամբողջությամբ գտնվել են իմ խնամքին եւ դաստիարակությանը, ունեն համապատասխան դեղորայք եւ հատուկ սննդակարգ ընդունելու ժամանակացույց, որին քաջատեղյակ եմ միայն ես, ամենուր՝ հանգստի եւ ժամանցի վայրերում, բժշկական հաստատություններում եւ նույնիսկ դպրոցում դասերի ժամանակ ես մշտապես գտնվում եմ երեխաներիս կողքին, որի անհրաժեշտությունը մի կողմից՝ պայմանավորված է դստերս մոտ հասունացման շրջանում առաջացած մի շարք խնդիրներով, մյուս կողմից՝ որդուս հոգեկան-առողջական վիճակով»։

Իր դիմումով տիկին Մերին Վճռաբեկ դատարանին խնդրում է Վերաքննիչի որոշումը մասնակիորեն բեկանել եւ երեխաների հետ տեսակցության ժամեր նշանակել միմիայն մոր ներկայությամբ:

Մ. Մարտիրոսյանը պատմեց, որ ամուսնու հետ 5 տարի առաջ են ամուսնալուծվել, եւ մինչ օրս երեխաներն ամբողջությամբ գտնվել են իր խնամքին։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031