Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Չիկագոյից» վերադարձել է, «փնտրտուքի» մեջ է Երեւանում

Մայիս 25,2013 12:55

Վերջին շրջանում մեզանում ակտիվություն է նկատվում մշակութային եւ գեղարվեստական իրողությունների նկատմամբ՝ ֆինանսավորման ասպարեզում եւ հաճելի է այն հանգամանքը, որ այս «գործընթացում» ներգրավվում են մեծահարուստներ: Սակայն ոչ միշտ է, որ ներդրված գումարներն ուղղորդվում են դեպի բարձր մշակույթ: Գուցե Արեւմուտքի օրինակով մեր մեծահարուստներն էլ իրենց «մշակութային» բարեգործություններն իրականացնելիս լսեն ոլորտի մասնագետների խոսքը: Այս «նախերգանքը» բնավ էլ նպատակ չունի հուշելու մեր մեծահարուստներին, թե պետք է հովանավորվեն միայն նշանավորները: Այսօր իսկապես բարձր մշակույթով են լցված երիտասարդ արվեստագետներ, որոնք կայացման խնդիրներ ունեն:

Օրերս «Առավոտը» ներկա էր Կոմեդիայի  թատրոնի՝ Հ. Պարոնյանի եւ Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացմանը (բեմադրիչ՝ Երվանդ Ղազանչյան): Պետք էր տեսնել, թե ինչ ծափողջույններով հանդիսատեսը դիմավորեց Լեւոնի կերպարը մարմնավորող երիտասարդ դերասան Գեւորգ Դավթյանի մուտքը, այն դեպքում, երբ միջին եւ բարձր տարիքի թատերասերի մտապատկերում դրոշմված է Կարպ Խաչվանքյանի այս դերի հիանալի մեկնաբանությունը: Մենք էլ մտաբերեցինք, որ հիշյալ կերպարը մարմնավորող արտիստն այն երգիչ դերասաններից է, ով 2000-ականների սկզբին Ֆիլիպ Կիրկորովի, այնուհետեւ Մոսկվա ժամանած ռեժիսոր Սքոթ Ֆերիսի եւ խորեոգրաֆ  Անն Ռեյքինգի կողմից անցկացված ընտրության արդյունքում 28 երիտասարդ երգիչ-դերասանների թվում հաստատվել էր «Չիկագո» մյուզիքլում՝ 5 գլխավոր դերերգերից Մերիի կերպարում:

Գեւորգ Դավթյանին հրավիրելով զրույցի, նախ հետաքրքրվեցինք, թե շուրջ 2 տարի Մոսկվայում ընթացող «Չիկագո» մյուզիքլին մասնակցությունից հետո այլ  առաջարկներ չեղա՞ն: «Ամեն օր, իսկ շաբաթ եւ կիրակի՝ 2-ական ներկայացում խաղալուց հետո ազատ ժամանակս հենց այնպես չեմ օգտագործել: Հենց այնտեղ գրեցի «Բեմական խոսքը մյուզիքլի ժանրում» թեզը, սակայն երբ վերադարձա, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը չթողեց պաշտպանել այն եւ գնացի բանակ: Ի դեպ, այն 2006-ից դրված է գրասեղանիս դարակում… Ի դեպ, սա այն դեպքում, երբ մոսկովյան «Չիկագոյի» ընթացքում մասնակցել էին Տիգրան Քեոսայանի «12 աթոռ»  մյուզիքլի համար հայտարարված մրցույթին եւ հաստատվել: Սակայն պարոն Քեոսայանին շնորհակալություն հայտնեցի ու ասացի, որ շտապում եմ Երեւան՝ թեզի պաշտպանության համար»,- հիշեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ զինվորական ծառայության ընթացքում «Չիկագոն» թարգմանել է հայերեն եւ ցանկություն ունի խորեոգրաֆ Արտյոմ Գեւորգյանի հետ իրականացնել դրա բեմադրությունը, որի համար անհրաժեշտ է 60 հազար եվրո:

Երիտասարդ արվեստագետը քանիցս նշեց, որ չի ափսոսում Մոսկվայից վերադառնալու համար, քանի որ, իր խոսքերով՝ այստեղ ուսանել է Կոմեդիայի թատրոնին կից ստուդիայում՝ Կարպ Խաչվանքյանի, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Արմեն Մելիքսեթյանի արվեստանոցներում, ունեցել է վոկալի հիանալի մասնագետ՝ հանձին Ելենա Վարդանյանի: Ասաց նաեւ, որ դեբյուտը Կոմեդիայի թատրոնում կայացել է 1997թ.՝ Ա. Այվազյանի եւ Գ. Երեցյանի «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ (բեմադրիչ՝ Ա. Մելիքսեթյան) Արշակի կերպարում: Մի դեր, որով մի քանի տասնամյակ փայլել է անվանի դերասան Հայկ Դանզասը: «Արշակից» հետո դերասանին նկատել է բեմադրիչ Կիմ Արզումանյանը, նրան վստահելով Սաշայի դերը Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» բեմադրության մեջ: Մի կատակերգություն, որն անպակաս է ռուսաստանյան եւ արեւմտյան հեղինակավոր թատրոնների խաղացանկից, իսկ ինստիտուտներում էլ այն ընդգրկված է պարտադիր ծրագրում՝ իբրեւ վարպետության դաս:

Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, թե Երվանդ Ղազանչյանը մտադիր է  կրկին անդրադառնալ այդ ներկայացմանը, Գեւորգն ասաց. «Սա այն դեպքն է, երբ ես իսկապես երազում եմ, որ Երվանդ Ղազանչյանն ինձ թույլատրի իբրեւ ռեժիսորի ասիստենտ մասնակցել բեմադրական  աշխատանքներին: Ուզում եմ, որ սա դառնա իսկական ազգային գործ եւ, որ ամենակարեւորն է՝ ներկայացումը բեմ բարձրանա  Ֆլորա Գրիգորյանի տարազներով: Ի դեպ, մեր Պատմության թանգարանում  մինչեւ մայիսի 25-ը կցուցադրվեն  տիկին Գրիգորյանի 18-20 դդ. հայ հասարակության տարբեր խավերի հագուստի էսքիզներ»:

Այսօր երիտասարդ արվեստագետը աշխատում է ղազանչյանական բեմադրություններում՝ Մարգարի (Չուխաջյանի «Կարինե») եւ Ժորժի (Ա. Սաթյանի երաժշտությամբ՝ «Մորգանի խնամին») կերպարների վրա:

Զրույցի ընթացքում Գեւորգը հաճելիորեն  հիշեց ժամանակին Արմեն Մելիքսեթյանի ղեկավարած ու նրա մյուզիքլներում (այդ թվում՝ Բրիտեն՝ «Ոսկե ունայնություն», Վեբեր՝ «Կատուները», Կ. Օրֆ՝ «Բեռնաուերի դուստրը», Վ. Աճեմյան՝ «Կիկոսի մահը» եւ այլն) իր մասնակցության մասին: Դերասանը հայտնեց նաեւ, որ ներկայացումներից ազատ օրերին էլ «Պիոներ» ռեստորանում տիկնոջ՝ երգչուհի Դիանա Գալստյանի հետ հանդես է գալիս ռետրո, ջազ, տարբեր մյուզիքլներից կատարումներով, նույնիսկ մարմնավորել են Լայզա Մինելիի եւ Չապլինի կերպարները (լուսանկարում) եւ ամուսիններով մտադիր են բեմադրել Շիրվանզադեի «Պատվի համար» մյուզիքլը, որտեղ  Դիանան հանդես կգա իբրեւ երաժշտության հեղինակ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031