Բնապահպանության նախարարության պաշտոնյան «մի գլուխ» օրենքներ ընթերցեց, հարցերին էլ, ըստ էության, չպատասխանեց
Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրը` բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը փորձեց ներկայացնել նախարարության ձեռքբերումները, իսկ դրանք ընդամենը ինչ-որ օրենսդրական ակտեր էին կամ կառավարության որոշումներ: Ամբողջ ասուլիսի ընթացքում լրագրողների գրեթե բոլոր հարցադրումներին վարչության պետը օրենքներ ընթերցեց, իսկ հարցերին, ըստ էության այդպես էլ չպատասխանեց:
Օրինակ` պարոն Ավետիսյանի ներկայացմամբ, նախարարության ձեռքբերումներից է. «2011 թվականին ընդունվել է ընդերքի մասին նոր օրենքը եւ 2012 թվականին ուժի մեջ է մտել նորարարությունը, այն է՝ որ բնապահպանական կառավարման պլան հասկացություն է ավելացել, հանքի փակման ծրագիր հասկացողություն է ավելացել՝ օգտակար հանածոի արդյունահանված տարածքի արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղանքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջությանն ապահովման նպատակով մշտադիտարկումների պլանը: Ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ 2013 թվականի ապրիլի դրությամբ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում հավաքվել է 425 միլոն 156 հազար դրամ գումար»:
Իսկ բացթողումները, ըստ վարչության պետի, իրենց միջնաժամկետ ծրագրերի համար ֆինանսավորում չստանալն է, ընդ որում այդ ծրագրերով պետք է հողերի մոնիթորինգ իրականացվեր. մասնավորապես պոչամբարների հարակից հողերը:
Aravot.am-ի այն հարցին թե բնապահպանական վճարներն ինչի՞ն են ուղղվում, եթե ոչ գոնե պոչամբարների հարակից հողերի փորձաքննությանը, պատասխան չհնչեց: Երբ հարց ուղղվեց, թե 425 միլիոն դրամն ինչի՞ն է ուղղվել,
Պարոն Ավետիսյանն ասաց. «Դա ռեկուլտիվացիոն աշխատանքների համար է, ամեն տնտեսվարող ներկայացնում է իր նախագիծը, նախագծով գումարը ֆիքսվում է եւ սկսում է ժամանակ առ ժամանակ գումար վճարել, դա կոնկրետ կազմակերպությունների համար է»:
Վարչության պետը ամեն պատասխանից առաջ վստահեցնում էր` «Մենք կաշկանդված չենք»: Սակայն, երբ հարց հնչեց, թե վերջին 10 տարում կարո՞ղ է նշել, թե հանրապետության որ հատվածի հողերն են ստուգվել, պաշտոնյան չկարողացավ պատասխանել, պատճառաբանելով, թե նախկինում հողերի բաժինն առանձին է եղել, ինքը տեղյակ չէ:
Մյուս հարցին էլ, թե ի՞նչ պետք է արվի, որ կոնսենսուսի գան բնապահպանները, հանքարդյունաբերական ընկերություններն ու նախարարությունը մշտական հուզող` Թեղուտի, Ամուլսարի եւ այլ հանքավայրերի հարցում, պարոն Ավետիսյանը նորից կրկնեց` «Ասեմ ձեզ, մենք այստեղ կաշկանդված չենք, բնապահպանության նախարարի հանձնարարականով, մենք իրոք կաշկանդված չենք: Ես ցանկացած պահի, ցանկացած տեղ կարող եմ գալ հարցազրույց տալ»: «Հարցազրույցի հարցը չէ, կոնսենսուսի հարցն է»,-ճշտում մտցրեց լրագրողը, իսկ վարչության պետն էլի հարցը չհասկացավ` «Այսի՞նքն»:
Հետո նորից երկարաշունչ օրենք ընթերցեց պարոն Ավետիսյանը ու նշեց, որ բոլոր նախագծերը անցնում են փորձաքննություն:
Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ բնապահպանները պնդում են` պոչանքների համար հարկ չեն վճարում, մինչդեռ հարկվելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կլուծվեին, վարչության պետը նորից օրենք ցիտեց:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































