Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը՝ գեներալ Մանվելին. «Հավասարվե՞լ ես ուզում, գոնե մի անգամ առանց ջիփի ու ախրանիկների ման արի»

Հունիս 21,2013 22:52

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանը, խստորեն քննադատելով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը, ասաց, որ այն գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի համատեղ ջանքերով հատուկ մշակվել է, որպեսզի պառակտեն երկրապահներին:

N3

«Եթե հիշում եք, 2008 թվականից հետո գեներալ Մանվելը երկար-երկար խոսում էր, թե երկրապահը ապաքաղաքական կառույց է, երկրապահը հայի այլ տեսակ է, այդ դեպքում հարգելի Գրիգորյան, ի՞նչ գործ ունես Հանրապետականի ցուցակներում, անցնում ես ԱԺ պատգամավոր: Եթե երկրապահը ապաքաղաքական կառույց է, ինչո՞ւ էր ամբողջ երկրապահը էջմիածնում պայքարում քո որդու քաղաքապետ անցնելու համար: Այսինքն, գործիք ես դարձրել երկրապահը, դարձրել ես կոոպերատիվ, իսկ էն ազատամարտիկները, որոնք որ ազատ են մտածում, շարքով դուրս են եկել երկրապահից, եւ նրանց փոխարինել եք տարբեր մարզերի քաղաքապետերով, մարզպետներով, Իշխան Զաքարյաններով: Մանվել Գրիգորյանը հայտարարություն արեց Ազգային ժողովում, թե Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ցմահ ազատամարտիկներ են: Ես էդքան ժամանակ եղել եմ սահմաններում, Արցախում, ես ոչ էդտեղ Վարդան Այվազյան եմ տեսել, ոչ Հովիկ Աբրահամյան եմ տեսել, ոչ Իշխան Զաքարյան եմ տեսել, էլ չեմ ասում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին, էս ամեն ինչը խաբեություն է»:

Իսկ այդ օրենքով Մանվել Գրիգորյանին կհաջողվի՞ իջնել հասնել իր ընկերներին, ինչպես որ ԱԺ ամբիոնից երազում էր գեներալը, ԱԺ պատգամավորներին խնդրում էր թույլ տալ իրեն մի կող դնել իր գեներալ-լեյտենատի կոչումն ու դառնալ շարքային ազատամարտիկ, բարձր չլինել մյուսներից: «Բացարձակ սուտ ցանկություն է, եթե ուզում է հավասարվել ազատամարտիկներին, թող բարի լինի գոնե մի անգամ առանց էդ ջիփի, առանց ախրանիկների`սովորական քաղաքացի ազատամարտիկի պես շրջագայի Հայաստանում ու տեսնի, թե ազատամարտիկը ո՞նց է ապրում: Բացարձակ սուտ է, քանի որ ես նորից եմ կրկնում, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո անդունդ առաջացավ երկրապահի ղեկավարության եւ ազատամարտիկների մեջ: Որոշները գեներալների պաշտոններ ստացան, կոչումներ ստացան, պաշտոնների բարձրացում եղավ, իսկ շարքային ազատամարտիկը մնաց հանապազօրյա հաց վաստակելու հույսին: Այս օրենքով փորձում են հերթական անգամ խաբել ազատամարտիկին, սակայն հաշվի չեն առնում մի հանգամանք, որ ազատամարտիկները քծնվող չեն, շատ հպարտ են, ու եթե ինքնասիրությանն եք կպնում, նրանք ոտքի են կանգնում: Իսկ գեներալ Մանվելը փորձում է իր արդեն իսկ չեղած ավտարիտետը օգտագործել, բայց չի ստացվի, այլեւս ոչ մեկին չես խաբի, գեներալ: Իսկ եթե ռեալ փոփոխություն են ուզում ազատամարտիկի կյանքում, թող ոչ թե կրկնօրինակեին Ռոբերտ Քոչարյանի 2000 թվի որոշումը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1992 թվականի 116 որոշում, թող օրենքի ուժ տային, այն ավելի ռեալ էր»:

Ըստ մեր զրուցակցի, աբսուրդ է նոր օրենքի այն կետը, համաձայն որի մարտի դաշտում աջակցություն ցուցաբերողն էլ իրավունք ունի կարգավիճակ ստանալու: «Որ կարդում ես օրենքը, ստացվում է, որ ինչ-որ մեկը ցորեն է ուղարկել մարտի դաշտ, ու կարող է կարգավիճակից օգտվել, ո՞նց կարող են արյուն թափողին հավասարեցնել ցորեն ուղարկողի հետ, սա խաբեություն է»:

Ըստ Գեւորգ Ալիխանյանի, ազատամարտիկի վիճակը ավելի լավ կլինի, նա ավելի հարգված կլինի, երբ որ ժողովուրդը իրեն արժանապատիվ կզգա սեփական երկրում: Իսկ դա հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում, ոչ թե այս «վարչախմբի կոսմետիկ խաբեություններով»:

Ըստ նրա, օրենքում հաշվի չեն առել նաեւ ռազմագերիներին: «Օրենքում նշված է երկրապահի կարգավիճակ իրավունք ունի ստանալ այն անձը, ով առնվազն 3 ամիս, ասենք, որեւէ ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողություններին: Բա գերինե՞րը: Ես Գյումրիում շատ մարդկանց գիտեմ, որ 5 տարի ռազմագերի են եղել, Արցախից ժամանակին կոմունիստական, սովետի պասպորտի ռեժիմ են կատարել եւ մարդուն տվել են ադրբեջանցիներին, բա էդ մարդու վիճակը ինչպե՞ս է լինելու ի՞նչ է, ինքը ազատամարտիկ չի՞ համարվելու: 92 թվականին, երբ Գյումրիից 333-րդ գումարտակի շտաբի պետն էի, Մալյան Վարդանը հրամանատարն էր, դուրս եկավ Լաչին, 2 ամիս մարտական գործողությունների մասնակցեցինք, էդ գումարտակից եղան մարդիկ, որոնք ցանկություն չհայտնեցին էլ գնալու ռազմաճակատ, ի՞նչ է, էդ մարդիկ ազատամարտիկ չե՞ն համարվելու, որովհետեւ մի ամիս չի հերիքո՞ւմ: Հետո օրենքում նշված է էսպիսի մի բան, որ Լեռնային Ղարաբաղի եւ ՊՆ արխիվներից հանել են 2140, թե ինչքան չգրանցված ազատամարտիկների տվյալներ, ես ինչպե՞ս կարող եմ հավատալ այդ տվյալներին, երբ որ Սարգիս Հացպանյանին եմ հիշելու: Նրան կալանավորել էին, դատապարտել էին ու երբ որ նրա վրա համաներում էր տարածվում, եթե ընդամենը մի տեղեկանք լիներ, որ Հացպանյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր, բայց Հացպանյանի համար այդ նույն Արցախի արխիվներից չգտան այդ տեղեկանքը, որովհետեւ նա ընդդիմություն էր: Այս ամենից հետո ես ի՞նչ գարանտիա ունեմ, որ կառավարության կողմից հաստատված փաստաթղթերով գամ  միջգերատեսչական հանձնաժողով, ինձ այստեղ չեն ասի` գիտես, արխիվներում չկան այդ փաստաթղթերը: Այդ նույն օրենքով դիմումի ձեւ են մշակելու, եւ ես ենթադրում եմ, ինչպես որ հիմա գնում ես պետական հիմնարկ աշխատելու, դիմումի կամ անձնական քարտի մեջ գրանցում են քաղաքական, կուսակցության պատկանելություն, ես ի՞նչ գարանտիա ունեմ, եթե իշխանական կուսակցության չեմ պատկանում, իմ փաստաթղթերը արխիվներում կլինեն: Եվ այդ ամենը կախված կլինի մի քանի մարդուց, էդ հանձնաժողովի անդամներից: Այ սա է խաբեությունը, այս օրենքով ուզում են իրենց կանտրոլից դուրս եկած ազատամարտիկներին նորից հետ բերել, բայց հայտարարում եմ` էլ չի ստացվի», -ասաց Գեւորգ Ալիխանյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Կան մարդիկ, ովքեր մարտերի մեջ են (ապրել) եղել չորս (եւ ավելի) տարի, սակայն նրանք ազատամարտիկ չեն համարվում:
    Մանվելից լավ դերասան կստացվեր, բայց դարձավ անվորակ գեներալ(“հրամանատար”):

  2. Վաչագան says:

    Եթե մտածենք նուն ձևով,կստացվի,որ մարշալ Բաղրամյանը պատերազմի մասնակից չէ:Չի կարելի թացն ու չորը խառնել:

  3. Maxim says:

    Հայաստանի երկրորդ նախագահ կոչեցյալը՝, դավադրություններով, ոճռագործություններով, իրեն հաջորդող գործընկերոջ հետ բերեց Հայաստան այն բոլոր արատավոր երևույթները, ինչը դարերով
    կուտակվել էր ղարաբաղցու կյանքում, կենցաղում, և հոգեբանության մեջ: Այս ամենը կարող էր ճիշտ
    հակառակ պատկերը ունենալ, եթե սրանց փոխարեն լիներ Արթուր Մկրտչյանը, ով՝ շատ շատերի
    համոզմամբ կբերեր ղարաբաղցու բոլորովին հակառակ որակները,՝ կամք, համառուտյուն հանուն
    բարեկեցիկ երկիր կառուցելու, այլ ոչ հանուն թալանի ու ոճռագործությունների: Իսկ մնացած բոլոր
    սրանց շրջապատողները, այդ թվում և գեներալ կոչվողմերը, ընդհամենը այս երկուսի հաստ աղիից
    դուրսպրծուկներն են, որոնք դեռ շատ անելիքներ ունեն երկիրը՝ կործանելու գործում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930