Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դավիթ Ալավերդյանը click բերող նյութերի մասին. «Ո՞վ կկարդա, եթե գրվի՝ կոմպոզիտորը տվեց իր հոբելյանական համերգը»

Հուլիս 30,2013 15:33

Աղվերանում շարունակվում է «Մշակութային լրագրության առանձնահատկությունները» թեմայով դասընթացը, որը կազմակերպել է Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն ՀԿ-ն՝ CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց եռամյա ծրագրի շրջանակներում: 
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը միջոցառման ժամանակ փաստեց, որ այսօր մշակութային միջոցառումների լուսաբանումը ԶԼՄ-ների համար բարձր վարկանիշ չի ապահովում: Ինչ վերաբերում է, օրինակ, համերգի կամ նման այլ միջոցառումների մասին հրապարակումներին կամ ռեպորտաժներին, Ալավերդյանի խոսքով, դրանք եւս լսարանի համար առանձնապես հետաքրքիր չեն. «Մարդիկ իմանում են, որ համերգ է եղել, լիքը մարդ է գնացել, բայց դրանով միեւնույն է՝ իրենց մշակութային ծարավը չի հագենում»: Մյուս կողմից, նա համոզված է, որ ցանկացած մշակութային իրադարձությունից, պրոֆեսիոնալ աշխատելու դեպքում, կարելի է հետաքրքիր նյութ «կորզել»: Aravot.am-ը Դավիթ Ալավերդյանին խնդրեց խոսել մշակութային լրագրության «բացերի» եւ առկա միտումների եւ click բերող մշակութային նյութերի մասին:
Նա, հղում անելով circle.am-ին, փաստեց. «Եթե նայում ենք զուտ մշակութային կայքերի այցելությունների թիվը կամ հեռուստաընկերություններում դեռեւս մնացած զուտ մշակութային հաղորդումների ռեյտինգը, գալիս ենք այն եզրակացության, որ դրանք, ցավոք սրտի, մեծ մասսայականություն չեն վայելում, եւ այդ ուղղությամբ պետք է որոշակի քայլեր կատարել: Դա ոչ միայն պետության, այլեւ ԶԼՄ-ների խնդիրն է: Վերջիններս հաճախ պատճառաբանում են, թե մշակույթը հասարակությանը չի հետաքրքրում, դրա համար էլ իրենք նախապատվությունը տալիս են այլ ոլորտներին: Այստեղ մի բայց կա. մշակութային դաստիարակությունը նաեւ կարեւոր քաղաքական էլեմենտ է պարունակում, ինչը հասարակության զարգացման հետ է կապված: Երբեք չպետք է համեմատենք մշակութային հաղորդումների ռեյտինգը այլ թեմաներով հրապարակումների ռեյտինգի հետ, եւ հարկ է մշակութային միջոցառումները լուսաբանենք՝ անկախ ամեն ինչից: Այդ առումով աշխարհն էլ է նույն խնդիրները ապրում, դրսում եւս կա զուտ մշակութային հաղորդումների թվի պակաս, սակայն նրանք լուծումներ են գտել: Ես մի քանի բան կարող եմ առաջարկել. մեկն, օրինակ, մշակութային հեռուստաալիքի ստեղծումն է: Հանրային հեռուստաընկերությունը կարող էր ունենալ նաեւ այդպիսի մի հեռուստաալիք, որտեղ կլուսաբանվեին զուտ մշակութային իրադարձություններ, կցուցադրվեին լավագույն ֆիլմերը եւ այլն: Ենթադրում եմ, որ կհնչեն խոսքեր, թե դա գումարների ապարդյուն ծախս է: Մինչդեռ Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի փորձը ցույց է տալիս, որ այն իր կայուն լսարանն ունի: Ավելին, այդ լսարանն անցյալ տարվա հաշվարկներով կրկնապատկվել է: Այսինքն, դա ուտոպիա չէ, եւ պետությունը կարող է դրա մասին մտածել, որովհետեւ դա մասնավոր բիզնեսի խնդիրը չէ, նրա գլխավոր նպատակը գումար վաստակելն է: Երկրորդ տարբերակն այն է, որով գնացել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ նույն Ռուսաստանը: Նրանք մշակույթը «միացրել» են շոուների հետ: Ենթադրենք՝ ինչ-որ հայտնի մարդիկ նկարում են, այլ ոլորտում են ստեղծագործում, եւ դա գրավելով լսարանին, նպաստում է, որ մշակույթի տարբեր ասպարեզների նկատմամբ հետաքրքրությունն աճի, ավելի շատ երեխաներ ձգտեն այդ մասնագիտությունն ընտել: Կարծում եմ՝ մենք էլ պետք է ձգտենք համաշխարհային լավագույն փորձն օգտագործել՝ բնականաբար ադապտացնելով Հայաստանի պայմաններին»:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, ամեն ինչ չէ, որ կորած է, եւ մենք կարող ենք նպաստել մշակույթի եւ արվեստի պոպուլյարացմանը. «Ոչ թե գաղափարը պետք է փոխվի, այլ մատուցման ձեւը»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ գրավիչ վերնագրերի ընտրությանը եւ մշակույթի գործիչների՝ դրանց վերաբերյալ դժգոհություններին, մի բան, որ հաճախ է պատահում լրագրողական պրակտիկայում: «Անհնար է, որ նյութը բոլորին դուր գա, իսկ եթե բոլորին դուր գա կամ բոլորն անտարբեր մնան, դա ավելի վատ է: Մեր պրակտիկայում էլ բազմաթիվ մարդիկ մեզանից նեղացել են, զանգահարել, պահանջել են վերնագիրը կամ լուսանկարը փոխել: Մշակույթի մարդիկ պետք է հասկանան, որ իրենք իրենց միջոցառման տերն են, իսկ նյութի տերը եւ բովանդակության կառավարիչը մենք ենք: Մենք ավելի լավ գիտենք՝ ինչպես նյութը մատուցել, որպեսզի ավելի շատ թվով մարդիկ կարդան: Ի վերջո, վերնագիրն անմիջապես ինտրիգ է ստեղծում, դրդում է, որ ընթերցողը նյութը կարդա եւ չանցնի հարեւան նյութին կամ լքի այդ էջը: Մշակույթի գործիչները կարող են այդ հնարքը չհասկանալ եւ պարտավոր էլ չեն հասկանալ, որովհետեւ իրենք լրագրող չեն: Նրանք պետք է գիտակցեն, որ դա արվում է իրենց արվեստի պոպուլյարացման համար: Հաճախ ինքներս էլ տեսնում ենք, որ եթե նյութը այնքան հետաքրքիր չէ, վերնագրի առումով որոշակի «չարաշահման» ենք գնում: Դա խաբեություն չէ, եթե վերնագիրը բխում է նյութի բովանդակությունից»,- կարծում է Դավիթ Ալավերդյանը: Նա մի ցայտուն օրինակ բերեց. «Դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին գերմանական մի թերթ վերնագրում գրել էր՝ «Սկսվեց Երրորդ համաշխարհային պատերազմը»: Բոլոր նրանք, ովքեր գնեցին թերթը, պարզեցին, որ դա ինչ-որ գուշակ է ասել, բայց թերթն արդյունքում վաճառվեց: Իհարկե, դա խաբեության տեսակ է, բայց մեր պարագայում խաբեություն չկա, եթե համատեքստից վերցրված արտահայտություն ես օգտագործում: Հակառակ դեպքում, ո՞վ կկարդա, եթե, ասենք, վերնագրում գրվի՝ այս կոմպոզիտորը տվեց իր հոբելյանական համերգը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031