Լրահոս
Օրվա լրահոսը

Պալիատիվ խնամք ենք ներդնում, առանց թմրամիջոցների հարցը լուծելո՞ւ (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2013 16:57 Share

Paliativ-1 PaliativԲժիշկները ձեռնպահ են մնում թմրադեղերով ցավազրկողներ նշանակել

Հայաստանում պալիատիվ` ամոքիչ բուժօգնության ներդրման խոչընդոտներից մեկը թմրանյութերի հասանելիությունն է: Պալիատիվ բուժօգնության նպատակն է կյանքի վերջին փուլերում գտնվող հիվանդներին ազատել տառապանքից, ցավից եւ արժանապատիվ կյանք ապահովել: Ծանր հիվանդներին ցավազրկելու համար օգտագործվում են թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ, որոնք, սակայն, մեր երկրում խիստ սահմանափակ ձեւով են տրամադրվում, մինչդեռ պալիատիվ խնամքի մասնագետները պնդում են, որ դրանց տրամադրումը պետք է «ազատականացվի»:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպության կազմակերպված «Ցավամոքիչ խնամքի նորագույն զարգացումներն աշխարհում» միջազգային համաժողովի ժամանակ արտերկրի մասնագետները վստահեցրին, որ զարգացած երկրներում թմրանյութերի հետ կապված խոչընդոտները լուծված են: Ըստ ԲՀՀ-Հայաստան գրասենյակի իրավունքի եւ առողջապահության կրթաթոշակառու, «Իրավունքի Զարգացման Կենտրոն» հ/կ-ի տնօրեն Վիոլետա Զոփունյանի՝ Հայաստանում այդ դեղամիջոցների տրամադրումը վերահսկվում է ոստիկանության կողմից, եւ շատ հաճախ գլխավոր բժիշկները, վախենալով կորցնել պաշտոնները, ձեռնպահ են մնում այս կամ այն հիվանդին թմրադեղամիջոցներ նշանակել:

Aravot.am-ը համաժողովին ներկա «Իրական մարդիկ, իրական աշխարհ» հ/կ-ի խորհրդատու Հովհաննես Մադոյանից հետաքրքրվեց, թե մեր երկրում պալիատիվ խնամքի ներդրման ճանապարհին ի՞նչ խնդիրներ կան: Մեր այն դիտարկմանն էլ, թե մասնագետների վկայմամբ, պալիատիվ խնամքն հիվանդի հարազատներին օրական կարժենա մոտ 20 հազար դրամ, արդյոք աղքատ կամ միջին եկամուտներ ունեցող ընտանիքները կկարողանա՞ն օգտվել բուժօգնության այս տեսակից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կան բացեր, որոնք բժշկին դնում են խոցելի վիճակի մեջ: Բժիշկը գերադասում է իր պացիենտին այդ թմրամիջոց պարունակող դեղերը չնշանակել, քան նշանակելով տեղիք տալ, որ իրավապահ մարմինները ինչ-որ պրետենզիաներ ունենան»: 

Հովհաննես Մադոյանի խոսքերով, նույնիսկ միջին խավը մեր երկրում իրեն չի կարող թույլ տալ նման ծախս իր հարազատի համար, եւ պալիատիվ խնամքը դեռ անհասանելի է մեր քաղաքացիների համար. «Ընդհանրապես պալիատիվ խնամքը դա երկրի բարոյական եւ տնտեսական զարգացման ցուցանիշն է»: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում.

Համաժողովին ներկա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության պիլոտային ծրագրի ղեկավար Հրանտ Կարապետյանի տվյալներով, Հայաստանում 3200-3600 մարդ ունի պալիատիվ խնամքի կարիք: Ըստ նրա, ամեն տարի Հայաստանում մահանում է 27-28 հազար մարդ, որոնց 60-70 %-ին անհրաժեշտ է պալիատիվ խնամք:
Վաշինգտոնից պալիատիվ օգնության հարցերով միջազգային խորհրդատու Ստեֆեն Քոնորի խոսքերով, աշխարհում ամեն շաբաթ 1 միլիոն մարդ է մահանում, որոնց 80 տոկոսը մահանում են առանց ամոքիչ խնամքի: Ստեֆեն Քոնորի ներկայացմամբ՝
պալիատիվ խնամքը թիմային աշխատանք է, որտեղ ներգրավված պետք է լինեն սոցիալական աշխատողը, հոգեւորականը, կամավորականներ, ընտանեկան բժիշկը եւ այլն: Մասնագետի խոսքերով՝ Հայաստանում ներկայումս պալիատիվ խնամք ստացողների թիվը շատ ցածր է:
Մոնղոլիայի Բժշկական գիտությունների համալսարանի ընդհանուր պրակտիկայի բաժնի վարիչ Օդոնտույա Դավաասուրեն ուսումնասիրել է եւ պարզել, որ հետխորհրդային երկրներում, օրինակ քաղցկեղի ախտորոշումից հետո, հիմնականում մարդիկ մեկ տարի հետո մահանում են: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ հիվանդության վերջին փուլերին են դիմում բժշկի, ուստի ավելի լավ է նման հիվանդներին պալիատիվ խնամքով բուժել, քան` քիմիաթերապիայով: Նրա համոզմամբ, «կյանքը սկիզբ է առնվում սիրով եւ պետք է ավարտվի սիրով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձայն says:

    Նույնիսկ քիչ ցավերով մեռնելը մեր երկրում հնարավոր չե՝ քանի որ ներկա պայմաններում այն լավ հնարավորություն է տալիս կաշառակերներին այդ մեռնողներից էլ վերջին հնարավոր կաշառքը պոկել, դեղատոմս տալու համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930