Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին երեք նախագահների եռանկյունում

Հունվար 14,2014 13:08

«Ակնհայտորեն տարին մեկնարկում է մի փոքր անսովոր՝ այն առումով, որ Հայաստանի վրա ազդող մի քանի գործոններն ուժեղացել են»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Առաջինն, ըստ բանախոսի, արտաքին գործոններն են: Մինչեւ մայիս պետք է պատրաստ լինի Մաքսային միությանն անդամակցության տեքստը, իսկ դա նշանակում է, որ գալիք տարի մինչեւ հունվարի 1-ն ամեն ինչ արվելու է, որպեսզի Հայաստանը մտնի եվրասիական տնտեսական գոտի: Այդ դեպքում, Սաֆարյանի գնահատմամբ, Եվրոպան ու Արեւմուտքը ձեռքերը ծալած չեն նստի. «Թեժ պայքար է լինելու տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար»:

Երկրորդը`ներքաղաքական իրավիճակներն են, որոնց բալանսը մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ, բանախոսի կարծիքով չեն կարող փոխվել: Բայց փոփոխություններ ակնկալող ուժերը ձգտելու են փոփոխությունների ակնկալիքներ փայփայել: Սաֆարյանի գնահատմամբ, քաղաքական ուժերը պատրաստվում են գալիք`2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Դրա վկայություններից մեկն էլ բանախոսը համարում է Ռոբերտ Քոչարյանի տարեվերջյան ակտիվացումը: «Երեկ երկրորդ նախագահն արձանագրեց, որ վարչապետի հետ այլեւս չի խոսում, թե հաջորդ փուլում Սերժ Սարգսյանին ձեռնոց կնետի`կերեւա առաջիկայում»,- ասաց նա: Բայց կասկածում է, որ կսկսվի Քոչարյան-Սարգսյան նամակագրություն. «Նրանք երբեք ռուբիկոնը չեն անցել: Սա բեմականացում է, երկու կողմից ընդունված խաղի շրջանակներում»:

Այս համատեքստում, երեկ ՀՀԿ մամուլի խոսնակի կոշտ արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, այսպես բնութագրեց. «Համբերության բաժակը լցվում է»:

«Ակնհայտ է, որ երեք նախագահներն ակտիվացել են: Տարեվերջին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ և, ըստ էության, հասկացրեց, որ այս գարնանը գալու է ակտիվանալու ժամանակը: Երկրորդ նախագահը ևս խաղի մեջ մտավ; Քաղաքական պրոցեսները նորից տեղափոխվում են երեք նախագահների եռանկյունու մեջ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Առաջիկա խնդիրներից մեկն էլ, ըստ նրա, լինելու է այն ուժերի կողմնորոշումը, որոնք այդ եռանկյունուն չեն հարում: Բայց, որ թիրախը կառավարությունն ու վարչապետն են լինելու, Սաֆարյանը կասկած չունի: «Քաղաքական այդ շրջանակներն առնվազն փորձում են հասնել վարչապետի հրաժարականին»,- ասաց բանախոսը`առայժմ ձեռնպահ մնալով մանրամասնել, թե հատկապես ո՞ւմ համար է նախատեսվում ազատել վարչապետի պաշտոնը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031