Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազին տեղեկացվում է՝ «Կարմիր Խաչի Ալիկի նստավայրում» ինչ են պահանջել

Հունվար 14,2014 16:21

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատրյանին, ոստիկանության պետ Վ.Գասպարյանին, ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության պետ Գ.Ամիրխանյանին այսօր դիմել է Անուշ Հովհաննիսյանը:

Նա անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին ներկայացրել էր հայտարարություն` հանցագործության կատարման մասին:

Քաղաքացին հայտնել է, որ 2013 թ. ապրիլի 10-ից տարածքի վարձակալության պայմանագրով վարձակալել է Երևանի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց 19 հասցեն՝ մինչև. դեկտեմբերի 23-ը: Տարածքի սեփականատերն է Մհեր Զաքարյանը: Տարածքը վարձակալվել է առևտրային գործունեությամբ զբաղվելու համար: Ըստ քաղաքացու, յուրաքանչյուր ամիս նա Մ.Զաքարյանի պահանջով վճարել է հետևյալ գումարները` ապրիլ՝ 1.800.000 ՀՀ դրամ, մայիս՝1.600.000 ՀՀ դրամ, հունիս՝ 1.200.000 ՀՀ դրամ, հուլիս՝ 800.000 ՀՀ դրամ, օգոստոս՝ 800.000 ՀՀ դրամ, սեպտեմբեր ՝ 800.000 ՀՀ դրամ, հոկտեմբեր՝ 800.000 ՀՀ դրամ, նոյեմբեր՝ 800.000 ՀՀ դրամ:

Վարձակալված տարածքը մթերային խանութ էր, որտեղ առկա են եղել 8.500.000 ՀՀ դրամին համարժեք խառը մթերային ապրանքներ:Դրանց մեջ կային նաև ժամկետանց ապրանքներ, որը բողոքաբերն առանձնացրել է պիտանի ապրանքից և պահեստավորել (մոտ 400.000 ՀՀ դրամի արժողության): Ըստ հայտարարության, դեկտեմբերի 23-ի դրությամբ խանութում, հաշվապահական հաշվարկի համաձայն, առկա է եղել մոտավորապես 5.500.000 ՀՀ դրամի համարժեք խառը ապրանք:

«Այդ օրը Մհեր Զաքարյանն իր շեֆի` Ալիկի հետ միասին, առանց ինձ տեղյակ պահելու, փականով փակել են խանութի դուռը և ինձ կանչելով «Կարմիր Խաչի Ալիկի նստավայր», հայտնել են, որ տարածքը ուզում են հանձնել մեկ այլ կազմակերպության և դադարեցրել են գործունեությունը: Նրանք պահանջեցին վճարել 8.500.000 ՀՀ դրամ, որպես հանձնված ապրանքի արժեք, ինչպես նաև 1.600.000 ՀՀ դրամ` դեկտեմբեր և հունվար ամիսների վարձավճար: Ես հանկարծակիի գալով նրանց արածից` չկարողացա կողմնորոշվել ինչ անեմ, ուղղակի ասացի, որ խանութում առկա են 5.500.000 ՀՀ դրամի համարժեք խառը ապրանքներ, մեր պայմանագիրը կնքվել է 1 տարով, թույլ տվեք գոնե առկա ապրանքը իրացնել, քանի որ ես տարբեր ֆիրմաների ապրանքներ եմ մուտքագրել, սակայն չեմ հասցրել իրացնել նշված ապրանքները: Ալիկն ասաց, որ մնացած ապրանքի հետ ես այլևս չեմ կարող գործ ունենալ, քանի որ ապրանքն իրենն է և ինքը պետք է տնօրինի, որը վերցնում է հանձնված ապրանքի դիմաց: Ես խնդրեցի նրան, որ թույլ տա մտնեմ խանութ, քանի որ խանութում առկա են արագ փչացող ապրանքներ: Նա ասաց, որ կգնաք և կտեսնեք, որ այդ ամենը փչացել է և հավաքարարը ավլում – թափում ա, իսկ տարածքը ուրիշ արենդատորներ ունի»,-հայտնել է Ա. Հովհաննիսյանը: Վերջինը խնդրում է, որ հնարավորություն տրվի իրեն մեկ շաբաթ՝ կամ ապրանքը վերադարձնելու ֆիրմաներին, կամ վաճառելու, գումարը ֆիրմաներին տալու համար, անձնական գումարով ձեռք բերվածը պետք է հաներ խանութից: Ալիկը համաձայնության չի գալիս, պահանջում է, որ տիկինը 11 միլիոն դրամի չափով ստացական գրի, գրավ դնելով որևէ անշարժ գույք:

«Փաստորեն, ստացվեց այնպես, որ Ալիկը և Մհերը ստացել են ինձանից 9.400.000 ՀՀ դրամ և 1.800.000 ՀՀ դրամ` 8 ամիսների վարձավճար: Ես նրան չեմ վճարել դեկտեմբերի վարձավճարը ՝ 200.000 ՀՀ դրամ և Ալիկին չեմ վճարել նրա պահանջած 800.000 ՀՀ դրամը: Ես վստահելով Մհերին և իր շեֆ Ալիկին՝ վարձակալել եմ նրանց Մամիկոնյանց 19 հասցեում գտնվող առևտրային տարածքը, նրանց եմ վճարել 9.400.000 ՀՀ դրամ և այսօր նրանց անօրինական գործողությունների պատճառով կանգնել ենք փաստի առաջ»,-հավելում է բողոքաբերը: Ա.Հովհաննիսյանը չի կարողանում մուտք գործել խանութ, իրացնել շուրջ 5.500.000 ՀՀ դրամի ապրանքը, վճարել աշխատողների աշխատավարձը և տարբեր ֆիրմաներից ստացած ապրանքների գումարները:

Նա գլխավոր դատախազից խնդրում է, որ հարցին տրվի արագ լուծում, քանի որ խանութում կան արագ փչացող ապրանքներ:

Ի դեպ, ըստ նրա, անցյալ տարվա դեկտեմբերի 29-ից առ այսօր ոստիկանության հետաքննիչը Ա.Հովհաննիսյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով բացատրություն է վերցրել միայն նրանից: «Հետաքննիչի անբարեխիղճ կեցվածքից օգտվելով` Մհեր Զաքարյանը սպառնում է ինձ, որ եթե ես չկատարեմ իր պահանջները, ապա ինքը կորոշի խանութում գտնվող իմ սեփականությունը հանդիսացող մթերքի ճակատագիրը»,-ահազանգում է Ա.Հովհաննիսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031