Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշխունջ Պողոսյան. «Կարեն Արիստակեսյանի հայտարարություններում ճշմարտության հատիկ չկա»

Հունվար 29,2014 17:45

«Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը հողին է հավասարեցնում իրեն նախորդած տնօրենների աշխատանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը:

Վերջինիս վրդովեցրել է թանգարանի տնօրենի՝ հունվարի 25-ին տված մամուլի ասուլիսը, որին, ի դեպ, անդրադարձել է նաև Aravot.am-ը: Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Կ. Արիստակեսյանը լրագրողներին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում թանգարանի գրանցած հաջողությունները:

«Արիստակեսյանի ասածից դուրս է գալիս, որ մինչև իր տնօրեն լինելը ոչինչ չի կատարվել թանգարանում, և բոլոր լավ բաները եղել են նրա գալուց հետո: Ես աշխատել եմ թանգարանում մինչև 2005 թվականի փետրվարը և քաջատեղյակ եմ թանգարանի պատմությանը, այնտեղի անցուդարձին: Վստահ կարող եմ ասել, որ ներկայիս տնօրենի հայտարարություններում ճշմարտության հատիկ չկա,- ասում է Աշխունջ Պողոսյանը:- Հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կարեն Արիստակեսյանը հայտարարեց թանգարանում կատարված այնպիսի գործերի մասին, որոնք, ըստ նրա, առաջին անգամ կատարվել են 2008-2014 թվականներին, այսինքն՝ նրա տնօրինության ընթացքում: Նրա խոսքով՝ առաջին անգամ այդ տարիներին են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում կատարվել պահոցների բարեկարգման աշխատանքներ, հարգորոշիչ աշխատանքներ, առաջին անգամ են հրատարակվել գրքեր, ուղեցույցներ, և որ անցյալ տարի թանգարանի պատմության մեջ առաջին անգամ թանգարան է այցելել 25.000 այցելու»:

Աշխունջ Պողոսյանը վստահեցնում է, որ պատկերն իրականում այլ է. «Միայն 1978-1991 թթ. մեր թանգարանում կազմակերպվել են շուրջ 30 ազգագրական գիտարշավներ, ավելի քան 35 ժամանակավոր ցուցահանդեսներ՝ իհարկե, հիմնական ցուցադրությանը զուգահեռ, թանկարժեք մետաղների հարգորոշման աշխատանքները կատարվել են 1982 թվականից: Մինչև 1990 թ. թանգարանի ցուցադրությանը ծանոթանում էին տարեկան նվազագույնը 100.000 այցելու: Այսինքն՝ 25000 այցելուն մի մեծ բան չէ: Նույնիսկ 2005-2006 թթ. այցելուների քանակն ավելին է եղել, քան 25.000-ը: Ստացվում է, որ նախորդ տարիներին թանգարանն անհամեմատ ավելի կատարյալ ու ակտիվ է եղել»,- ասում է թանգարանի նախկին աշխատակիցը: Նրա խոսքով՝ թանգարանում պահվող մոտ 74.000 թանգարանային արժեքների, գիտաօժանդակ նյութերի 99%-ը ձեռք է բերվել 1978-1991թթ.:

«Ուրեմն՝ ի՞նչ նոր բան է արել նա,- հարցնում է գորգագետը:- Նորություն են թանգարանի աշխատակիցների նկատմամբ բացարձակ արհամարհանքն ու նրանց նվաստացնելը, աշխատակցուհիների հետ ծեծկռտուք սարքելը: Դա խայտառակ մի դեպք էր, բայց հանկարծ հեռուստատեսությամբ ելույթ է ունենում տնօրենը և ասում, որ տեղի ունեցածը ընդամենը լեզվակռիվ է եղել, որի մեջ որևէ լուրջ բան չկա:

Ընդհանրապես, այս գործի առնչությամբ տրամաբանական էին թվում տնօրենի կամ հրաժարականը կամ էլ պաշտոնանկ արվելը, քանի որ կային տուժածներ և անհրաժեշտ փաստարկներ: Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եղավ, որ բժիշկների ու քննիչների սկզբնական կարծիքները փոխվեցին, ու տնօրենը հնարավորություն ստացավ հաղթանակած զորավարի տեսքով հայտարարել, որ եղածը ընդամենը լեզվակռիվ էր: Հետաքրքիր է՝ որտե՞ղ մնացին բժիշկների ու քննիչների ասածները: Ինչքա՞ն պետք է միջին չինովնիկը խաղա պետության հեղինակության հետ, և ինչքա՞ն պետք է պետական վերին մարմինները հանդուրժեն այդպիսինների ներկայությունը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031