Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանի պատասխանը ՀՅԴ-ին

Փետրվար 20,2014 19:30

ՀՅԴ –ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Առավոտ»-ի  հետ զրույցում անընդունելի էր համարել այն ոճը, որով հանրապետության նախագահը որևէ հասարակական կազմակերպության ժողովում փորձում է լուծումներ առաջարկել քաղաքական խնդիրներին և քաղաքական տեսակետներ հնչեցնել՝ նկատի ունենալով ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հարցուպատասխանը: Պատգամավորի հիմնավորմամբ այն հակասում է ՀԿ-ների օրենսդրությանը, որն իրավունք չի վերապահում տվյալ կազմակերպությանը քաղաքականությամբ զբաղվել:

Հակադարձելով ընդդիմադիր գործընկերոջ դիտարկումներին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտն ասած, չգիտեմ որևէ հիմք, որը կարող է սահմանափակել նախագահի իրավունքն ու հնարավորությունը՝ շփվել ժողովրդի հետ, խոսել ուղղակիորեն, հարց ու պատասխանի մեջ մտնել և անկեղծ ու շիտակ, բաց պատասխանել ժողովրդի հարցերին: Ես չգիտեմ, թե ինչու հասարակական կազմակերպության ժողովի կամ համագումարի ձևաչափը չի համապատասխանում հանրապետության նախագահի կամ մեկ այլ քաղաքական գործչի՝ մարդկանց մոտ առաջացած հարցերին պատասխանելու իրավունքին, երբ կա դրա անհրաժեշտությունը: Ես կարծում եմ որևէ մեկը չի կարող և չպետք է սահմանափակումներ դնի նախագահի իրավասությունների կամ լիազորությունների վրա, առանձնապես՝ նախագահի մարդկանց հետ շփվելու հնարավորությունների վրա, նույնիսկ եթե դա տվյալ անձին հասու չէ: Իսկ թե այդ ոճը որևէ մեկի համար ընդունելի է, թե ընդունելի չէ, կարծում եմ դա իր խնդիրն է:

Կասեի, հակառակը, ես գտնում եմ, որ հասարակական կազմակերպությունները հենց այն ձևաչափն են, հանրության ակտիվության, մարդկանց հասարակական կյանքին մասնակցելու հենց այն ամբիոնն են, որտեղ ավելի լայն հնարավորություն և անհրաժեշտություն կա, որպեսզի քաղաքական գործիչները, ղեկավարները, առաջնորդները ավելի շատ մասնակցեն, ավելի հաճախ դեմ առ դեմ տեսակցեն մարդկանց, որպեսզի նրանք հենց առաջին դեմքից կարողանան ստանալ  իրենց անհանգստացնող հարցերի պատասխանները, այնպես, ինչպես եղավ ԵԿՄ համագումարում:

Ավելի լավ կլիներ, որ մեր քաղաքական գործիչները ու ղեկավարները ավելի հաճախ երևային այդ հարթակում և համարձակություն ու պատրաստակամություն ունենային մարդկանց հարցերին շիտակ պատասխանելու»:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման թեմային, Արծվիկ Մինասյանն իր հարցազրույցներից մեկում նաև մտահոգություն էր հայտնել, որ այս համակարգի ներդրմամբ՝ ներկա կառավարությունը պարտադրում է ապագա բոլոր կառավարություններին,  և ժողովրդին ասում է՝ պետության վրա հույս մի դրեք:

Ցրելով բոլոր նման հնարավոր մտահոգությունները, մեր զրուցակիցը հավելեց. «Այս համակարգը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում, այն արդյունավետ է համարվում բոլոր այդ երկրներում, ավելի արդյունավետ, քան բաշխողական համակարգը, և երբևէ նման քննադատության չի արժանանում և մեղադրանք չի հնչում, թե պետությունը իր վրայից պարտականությունը վերցնում է՝ «ժողովուրդ,  իմ վրա հույս չդնես» ռեժիմով և պարտադրում ապագա կառավարություններին: Ավելին, այս քննադատությունն առավելապես անտեղի է, որովհետև կառավարությունը ոչ միայն չի ասում՝ հույսդ ինձ վրա մի դիր, այլ դեռ մի բան էլ ասում է՝ կկրկնապատկեմ քո դրած գումարը, քո դրած գումարի չափով կմասնակցեմ ու կավելացնեմ այն տարիներ շարունակ՝ մինչ կենսաթոշակիդ անցնելու օրը: Այսինքն՝ կառավարությունը ոչ թե բեռը դնում է միայն մարդկանց վրա, այլ հակառակը՝ հավասարը հավասարի սկզբունքով լծվում է նրանց ապագա բարեկեցության կառուցման գործին:

Թեև ես հարգանքով եմ վերաբերվում ՀՅԴ-ի դիրքորոշմանը, որովհետև օրենքի քննարկումների ողջ ընթացքում իրենց ընդդիմախոսությունը դրսևորել են: Ի տարբերություն մեր այլ խորհրդարանական գործընկերների, իրենք՝ և՛ Արծվիկ Մինասյանը, և՛ Արա Նռանյանը, և՛ Վահան Հովհաննիսյանը, օրենքի որոշ կետերի շուրջ այն ժամանակ իրենց մտահոգությունները բարձրաձայնել են, բայց և այնպես, չեմ կարող չհիշեցնել, որ այս համակարգի կերտման ու գլոբալ մշակման երկարատև գործընթացին ակտիվորեն մասնակցել և իրենց ներդրումն են ունեցել նաև ՀՅԴ-ի կողմից նախարար հանդիսացող գործիչները: Եթե դա այդքան վատն էր, ապա ինչո՞ւ են արել»:

ՀՀ նախագահը ԵԿՄ համագումարում նշել էր նաև , որ չնայած հասարակության 80 տոկոսը դժգոհ է, բայց համակարգն, այնուամենայնիվ, գործելու է, ինչն էլ ոմանց կողմից, այդ թվում նաև Արծվիկ Մինասյանի, դիտարկվեց որպես սեփական ժողովրդի կամքի անտեսում:

Հերմինե Նաղդալյանն այլ մոտեցում ունի. «Դժգոհ լինելը և հակառակ կարծիք ունենալը տարբեր բաներ են: Այսօր մարդիկ դժգոհելու բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց դա չի նշանակում, եթե պահը գա քվեարկելու կամ համաժողովրդական հանրաքվեի, մարդիկ կգան ու դեմ կքվեարկեն: Դրանք նույն բաները չեն, և ես ևս մեկ անգամ կբերեմ ԱՊՊԱ-ի օրինակը՝ երբ այն ներդնում էինք, 80 –նն էլ, 100-ն էլ դժգոհ էին, և բնական էր, քանի որ լրացուցիչ վճարում պետք է անեին, բայց այսօր տեսեք, որքան լավ գործող համակարգ է և ինչքան ճիշտ էր, որ այդ բարեփոխումը կատարվեց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցի այլ մանրամասները`ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավորի`Արմեն Ռուստամյանի հայտարարությունների հակադարձումները, կարդացեք վաղվա «Առավոտի» տպագիր տարբերակում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. HAYK says:

    Տիկին Նաղդալյանը երևի մոռացել է իր և մի խումբ բնակիչների խնդիրները, թե ոնց է տոկոսով տված գումարների դիմաց վերցրել և հետ չի տալիս նրանց տները: Իսկ երբ պիտի ինքն առերեսվի հասարակության հետ,շուտ մոռացավ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728