Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար. «Բոլորն ուզում են նախարար դառնալ, որովհետեւ պատասխանատվության ինստիտուտ չկա». (Տեսանյութ)

Մարտ 18,2014 18:47

«Տնտեսությունը հայրենասիրություն չի ճանաչում, եւ միայն հայրենասիրական մղումով գան այստեղ բիզնես դնեն արտերկրի հայերը, չի ստացվի: Բիզնեսն իր օրենքներն ունի»,-այսօր «Տնտեսություն եւ գործարարություն» ակումբում  քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց սփյուռքահայ ներդրող, «Միթեփ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Միսակ Թեբելեկյանը, որը Հայաստանում շինարարության ոլորտում է բիզնես ծավալել:

Պարոն Թեբելեկյանը հորդորեց այլեւս չասել սփյուռքահայ, այլ օգտագործել արտերկրաբնակ հայ: Գործարարի դիտարկմամբ, որպեսզի արտերկրաբնակ հայերը գան Հայաստան ներդրումներ անելու, անհրաժեշտ է հարմար պայամններ ստեղծել, որպեսզի ներդրողներն իրենց զգան որպես իրենց տանը:

Պարոն Թեբելեկյանի խոսքերով` «Կապ չունի թե քանի միլիոն հայ ենք, պետք է բոլորս միասին այնպես անենք, որ այս փոքրիկ հողակտորը, որ մնացել է, կարողանանք այնպես զարգացնել, որ աշխարհում նշանակալի պետություններից մեկը լինի: Բոլորս պետք է մտածենք` Հայաստանը բոլորինս է: Եթե չլիներ ինձ տված այն գենետիկ հասկացությունը, որ ես հայ եմ, եւ այն, որ այս բոլորը պատկանում է ոչ միայն տեղաբնակներին, այլ բոլոր հայությանը, հավանաբար ես չէի ծավալի այն գործունեությունը, որը 10 տարի ծավալում եմ:  Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտերկրաբնակ հայերը ցանկանան իրենց ներուժը դնել այստեղ, որպեսզի Հայաստանը ծաղկի: Դրա լավագույն օրինակը Իսրայելն է, մի փոքր ուսումնասիրություն անենք, կտեսնենք, որ շատ բաներ ունենք անելու ու կարող ենք անել»:

Քննարկման մասնակից «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ նկատեց, որ այսօր տնտեսություն ներդաշնակ չի զարգանում. որոշումները կայացնում են բիզնեսմենները. «Այսօր ՀՀ վերջին 2 նախագահները ամենախոշոր բիզնեսմեններն են մեր երկրի, եւ բնական է, բոլոր քաղաքական եւ պետական որոշումները կայացվում են իրենց եւ իրենց շրջապատի բիզնեսմեների շահերի համար»:

Պարոն Խուրշուդյանի դիտարկմամբ` պետք է մտածել, թե ինչ կարելի է անել հաղթահարելու այն խնդիրը, որ կամ լուծելու այն խնդիրը, որ տնտեսության համար դարձել է չարիք, իսկ այդ չարինքն, ըստ պարոն Խուրշուդյանի, այն ձեռներեցներն են, որոնք սերտաճել են իշխանության հետ:

Պարոն Խուրշուդյանի դիտարկումները մանրամասն` տեսանյութում

«Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի խոսքերով էլ, այսօր  տնտեսություն բոլոր խնդիրները հանվում են ջրի երես, բայց լուծումներ գրեթե չեն առաջարկվում. «Խնդիրը տեսնում ենք, անցնում առաջ: Ամենախոցելի խավը գործարարն են, որովհետեւ այդ խավի վրա է հիմնված ամբողջ տնտեսությունը, բանակի հզորությունը, արվեստը, ամեն ինչ կառուցվում է դրա վրա: Եթե գործարարությունը խղճուկ վիճակում է, պետությունը չի կարող հզոր լինել»:

Պարոն Բաղդասարյանը նկատեց, որ ներկայումս Հայաստանում փոքր բիզնեսը չի կարողանում միջին դառնալ, միջինն էլ` մեծ. «Այս էվոլյուցիան խախտված է, տրանսֆորմացիան համարյա ոչնչացման եզրին է: Պետք է խաղի մրցակցային, հստակ կանոններ լինեն, անաչառ դատական համակարգ, ակտիվ հասարակություն, ժողովուրդ-կառավարություն կապը կարելի ապահովել հասարակական կառույցների միջոցով, ամբողջ խնդիրները  վերլուծվեն,  համակարգվեն եւ ներկայացվեն օրենսդրական մարմիններին»:

Պարոն Բաղդասարյանի ներկայացմամբ` ոլորտում եղած խնդիրների լուծման առաջնային պայմանը` թափանցիկության բարձրացումն է  պետական մարմինների կառավարման համակարգում: Այսինքն, ըստ պարոն Բաղդասարյանի, թափանցիկություն, որ ունի գործատուն իր հաշվետվություններում, նույնը պետք է դրվի բյուջետային ծրագրերի իրականացման դեպքում, պատասխանատվության ինստիտուտում: Գործարարի դիտարկմամբ, պետք է խիստ պատասխանատվության ինստիտուտը ներդրվի.«Եթե լինի պատասխանատվության ինստիտուտը, ապա կառավարելն այդքան հաճելի չի լինի: Դա չկա, այդ պատճառով էլ հիմա բոլորն ուզում են դառնալ նախարար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31