Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում»

Օգոստոս 31,2023 09:50

Իրավաբանների հայկական ասոցիացիան, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ), ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել և անցկացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։

Ըստ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հրապարակած հաղորդագրության՝ բացման խոսքով հանդես եկավ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Նա նշեց, որ ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում։ Ֆինանսների նախարարության ընդհանուր քաղաքականությունը գնումների ոլորտում բացարձակ թափանցիկություն ապահովելն է։

«Ցանկացած կոռուպցիոն դեպք նշանակում է ՀՀ քաղաքացիների՝ տաժանակիր աշխատանքով վաստակած միջոցների վատնում։ Մեր նպատակն է բոլոր այդպիսի դեպքերը բացահայտել, հնարավորինս նվազեցնել։ Հասկանում ենք՝ այն երազանքը, որ կոռուպցիոն դեպքերը կհասնեն 0-ի, գրեթե անհնարին է, քանի որ զարգացած աշխարհը չի կարողանում այդ խնդիրը լուծել, բայց պետք է փորձենք դա անել։ Մենք շարունակելու ենք մեր քայլերը բացարձակ թափանցիկության հասնելու ճանապարհով»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ռազմավարության ոչ արդյունավետ իրականացումը միջոցների վատնման հնարավորություն է տալու։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը կարևորեց կառուցողական երկխոսությունը՝ նշեց, որ պետական համակարգը և քաղհասարակության ներկայացուցիչները համատեղ ուժերով պետք է հաղթահարեն բոլոր խնդիրները։

«Կոռուպցիայի ընկալման համաթվի բացասական միտումները հասարակության շրջանում մտահոգություն են առաջացնում, որ կոռուպցիան նորից սկսում է գլուխ բարձրացնել։ Լավ է, որ կոռուպցիան համակարգային չէ, դա տեսանելի է։ Նշանակում է, որ իշխանությունները շահագրգռված են քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար դեմը առնել այս գործընթացի, բայց չի կարելի չտեսնել այս գործընթացի վտանգները։ Մենք Եվրամիության հետ հարաբերությունների կարևոր հեռանկարներ ունենք։ Առանց այս խնդրի հաղթահարման մենք դրան չենք կարողանա հասնել։ Կոռուպցիան դա մի ախտ է, որը երկրի բոլոր ոլորտների զարգացմանն է խոչընդոտում»,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը՝ շեշտելով, որ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը ակտիվ ներգրավվածություն ունի ռազմավարության ձևավորման գործում։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է. մինչև կոռուպցիան չդառնա ամոթ, սարսափելի և ոչ ձեռնտու, քիչ բան կփոխվի հասարակության շրջանում։ Նրա խոսքով՝ կաշառքը կոռուպցիոն երևույթներից «ամենաարդարն ու մրցակցայինն է»։

«Եթե ես ուզում եմ ստանալ այս կամ այն պատվերը կամ լիցենզիան և մեկ այլ գործարար նույնպես ուզում է դա ստանալ, ապա մենք մրցում ենք կաշառքի չափով։ Այնինչ, ես չեմ կարող դառնալ չինովնիկի հորեղբոր որդին, քավորը, սանիկը, կուրսեցին։ Ես չեմ գովերգում կաշառքը, ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ այս մյուս երևույթները կան ու դեռ աճում, բարգավաճում են Հայաստանում, ինչքան էլ ասում եք՝ կոռուպցիայի մակարդակը ընկել է։ Այս մյուս երևույթները խորանում են։ Պետք է զոհաբերության մակարդակի ջանք գործադրել, որպեսզի մեզ համար ինչ-որ արարքներ լինեն ամոթալի»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ կարևորելով կրթության դերն արատավոր երևույթների դեմ պայքարում։

Բացման խոսքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը չհամաձայնեց Հովսեփ Խուրշուդյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է գնահատականներ տալը։

«Ինչպես հստակ օրինակներ բերեց Արդյունաբերողների միության փոխնախագահ պարոն Մարտիրոսյանը, կոռուպցիան միայն «քեշ» փողով կաշառքը չէ։ Մենք մեր ամենօրյա կյանքում տեսնում ենք այդպիսի դեպքեր, օրինակ՝ վարչական մարմնի ղեկավարը պետական մեքենայով գնում է քարոզարշավի. կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Եթե սկսենք այս ամենը գնահատել, ոնց որ թե վերադառնում ենք այն տարիներին, որոնց դեմ սկսվել էր պայքարը։ Բացի այդ, սեղանի շուրջ նստած են մարդիկ, որոնք իրենց կյանքի կեսը նվիրել են հասարակական գործունեությանը ու շատ կարևոր է, որ զգանք՝ լսված ենք»,- նշեց Հակոբ Ավագյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031