Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները օդում կախված են». Ստյոպա Սաֆարյան

Մարտ 26,2014 13:40

«Մարտի 28-ի մեր հանրահավաքի հիմնական նպատակը միասնական հրապարակի կայացումն է»,- այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ միասնական հրապարակը քաղաքացիական եւ քաղաքական բոլոր խմբերի, ուժերի միավորումն է մեկ միասնական օրակարգի շուրջ, որը երկրում կբերի նոր իշխանության ձեւավորում, նոր քաղաքականության իրականացում եւ վերջ կդնի երկրում առկա հակասահմանադրական, հակաօրինական իրավիճակներին։

Միասնական հրապարակի կայացման համար Ստյոպա Սաֆարյանը անհրաժեշտ է համարում բոլոր ընդդիմադիր եւ ոչ իշխանական կուսակցությունների առաջնորդների հանդիպումը, եւ նրա խոսքերով՝  այդ համագործակցությունը չպետք է սահմանափակվի 4 քաղաքական ուժերով, այլ պետք է ներառի արտախորհրդարանական, հասարակական, քաղաքացիական հասարակական խմբերին. «Այս ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ավելի քան հրատապ են դարձնում խնդիրը, ստիպում են մեզ ավելի արագ շարժվել եւ ավելի արագացնել այդ հրապարակը, քանի որ տեսնում ենք՝ Հայաստանը, ըստ էության, այլեւս չի կարողանում պահել հավասարակշռությունը միջազգային հարաբերություններում, որն անհրաժեշտ է նրա ռազմաքաղաքական անվտանգության համար»։

Ստյոպա Սաֆարյանը համարում է, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները օդում կախված են, եւ նկատելի է համարում, որ այս շրջանում, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսում նման փոփոխություններ են տեղի ունեցել, ծագել են ռիսկային եւ մարտահրավեր պարունակող խնդիրներ, օրինակ՝ Ղրիմի հանրաքվեի ճանաչումը. «Այն, որ Ադրբեջանն օգտագործելու է այդ իրավիճակը, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում. նա դա արել է բոլոր ժամանակներում՝ անգամ փորձելով ղարաբաղյան հակամարտության հետ կապել ամենահեռավոր խնդիրը, փորձելով միջազգային հանրության օրակարգում, աշխարհի խոշոր տերությունների օրակարգում ավելի մեծ առաջնահերթություն հայտնել ղարաբաղյան խնդրին: Կարծում եմ, տեսանելի է՝ երեկ Հագայում երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքում ձեռք է բերվել Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողով կազմակերպելու համաձայնություն»։

Ս. Սաֆարյանը իրար է կապում այս բոլոր իրադարձությունները եւ ռիսկային է համարում առաջիկայում գագաթնաժողովի կազմակերպումը , քանի որ դրա կազմակերպումն այժմ, երբ Հայաստանն ունակ չէ պատասխանել ներքին եւ արտաքին մարտահրավերներին, երբ խախտվել է երկրի արտաքին քաղաքականությունը, երբ Հայաստանը չունի Արեւմուտքի այն աջակցությունը, որը ուներ տարիներ առաջ, լավ բան չի խոստանում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31