Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«3 տարվա ընթացքում ոչ մի հոգեբան ինձ հետ չի զրուցել, երբ ես արդեն մերժվել եմ 6 անգամ»

Մարտ 26,2014 14:15

Կալանավորը դիմել է ՀՀ կառավարությանը

Ես բազմիցս բարձրացրել եմ վաղաժամկետ պայմանական ազատման հարցը, քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով դատապարտյալներիս նկատմամբ իրականացվում է խտրականություն եւ ոտնահարվում են մեր իրավունքները:
Ամեն երեք ամիսը մեկ ես ներկայացվում եմ վաղաժամկետ պայմանական ազատման եւ մերժվում, եւ այսպես՝ 6 անգամ: Շատերը այս մերժումների հետեւանքով չարանում են եւ ձեռք բերում հոգեկան շեղումներ, քանդվում են նրանց ընտանիքները: Ընդ որում, իմ մերժման պատճառաբանությունն է բանավոր կարգով՝ իմ քաղհայցը, իսկ գրավոր տեսքով, որ «ես ծածկամիտ եմ, խորամանկ, չեմ մասնակցում հանրօգուտ միջոցառումներին», սակայն իրականում ես սպորտային եւ կրթական միավորումների անդամ եմ: Պետությունը դատապարտյալներիս համար չստեղծելով որեւէ զբաղմունք՝ պահանջում է մեզնից մասնակցել հանրօգուտ միջոցառումների: Դատապարտյալներիս ուժերով ստեղծվել են տարբեր ինքնագործ միավորումներ:

Իմ քաղհայցը չի կարող խոչընդոտ հանդիսանալ իմ վաղաժամկետ ազատմանը, քանի որ գործող օրենքներով չկա սահմանում, որ քաղհայցի պատճառով պետք է մերժել վաղաժամկետ ազատումը: Ավելացնեմ նաեւ, որ ես անվճարունակ եմ եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով (դատավոր Գ. Խաչատրյանի, սնանկության գործով կառավարիչ Վ. Ամիրխանյանի) 04.02.2013թ. սնանկ եմ ճանաչվել: Եթե սնանկ եմ ճանաչված, ապա ինչո՞ւ են ինձ մերժում՝ պատճառաբանելով քաղհայցի առկայությունը: Ամբողջ ցավը նրանում է, որ իշխանության մարմինները չեն համագործակցում եւ չեն ենթարկվում ընդհանուր մի օրենքի: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ դատապարտվել եմ 6 տարի ժամկետով, շինծու մեղադրանքով եւ զրպարտող սուտ վկաների ցուցմունքներով, իսկ հիմա ինձ վաղաժամկետ չեն ազատում եւ չեմ հասկանում՝ ինձ անհատականորե՞ն են հետապնդում, թե՞ ընդհանուր խտրականության զոհ եմ: Հաշվի չեն առնում նաեւ այն հանգամանքները, որ խնամքիս են գտնվում կինս, 4 երեխաներս եւ վատառողջ մայրս, որից 2 երեխաներս կալանքիս ընթացքում են դարձել չափահաս: Հայտնում եմ նաեւ, որ նույն քաղհայցի պատճառաբանությամբ իմ (եւ ոչ միայն իմ) նկատմամբ չի կիրառվել 2011-13թթ. համաներումները: Այսինքն, եթե նաեւ օրենսդիր մարմինները հաշվի չեն առնում սնանկ ճանաչման որոշումները, ապա ինչո՞ւ են սահմանված սնանկության մասին օրենքները: Մենք պահանջում ենք կառավարությունից վաղաժամկետ ազատման խնդրի շուտափույթ լուծում, իսկ նրանք, ցանկանալով աչքակապություն անել, հայտարարում են պրոբացիոն ծառայության ստեղծման մասին, որը էական նշանակություն չունի եւ որի գործարքի ժամկետը անհայտ է: Մենք պահանջում ենք հանել անօրինական տաբուն, որը որպես արգելք դրված է ՀՀ քրօր-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 268… եւ էլի մի շարք հոդվածների վաղաժամկետ ազատման վրա: «Առավոտում» բարձրացվել է վաղաժամկետ պայմանական ազատման չգործելու հարցը, որը մասնավորապես բարձրացվել է Ռուբեն Ամատունու կողմից, ես կողմնակից եմ Ամատունու այդ հարցի բարձրացմանը: «Սուր անկյուն» հաղորդմանը տված հարցազրույցում Անկախ հանձնաժողովի անդամ, հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը հայտարարեց, որ մի քանի անգամ մերժում են մարդկանց, որպեսզի վերջիններս կոփվեն, ձգվեն եւ տպավորություն չստեղծվի, որ հեշտությամբ են ազատվել: Մի՞թե սա մարդասեր հոգեբանի նորմալ եւ մարդկային տրամաբանություն է: Եթե օրենքով հասնում է վաղաժամկետ ազատում տվյալ անձին, ապա ինչո՞ւ են անտեղի մերժում՝ խախտելով օրենքը եւ ղեկավարվելով իրենց քմահաճույքով: Նա հայտնեց նաեւ, որ առաջնահերթ ուշադրություն է դարձնում տույժ չունենալու, նախկին դատվածություն չունենալու, երեխա եւ ընտանիք ունենալու վրա: Ես չունեմ տույժ, կարգապահական խախտում, սակայն իրենց այս ասածների մեջ ոչ մի իրականություն չեմ տեսնում, նա հայտնեց նաեւ, որ ինքը այցելում է ՔԿՀ-ներ եւ զրուցում դատապարտյալների հետ: Ես 3 տարի է՝ կալանք եմ կրում «Կոշ» ՔԿՀ-ում եւ 3 տարվա ընթացքում ոչ մի հոգեբան ինձ հետ չի զրուցել, երբ ես արդեն մերժվել եմ 6 անգամ: Այդ հարցազրույցում իր այդ արտահայտություններով նա կասկածի տակ դրեց իր մեծահոգի, մարդկային, մարդասեր եւ հոգեբան լինելը: Հարգելի կառավարություն եւ հայ ժողովուրդ, դուք ինքներդ ականատես եղաք հոգեբանի այդ արտահայտություններին եւ ինձ թվում է՝ բոլորդ հասկացաք, թե ինչ է կատարվում ՔԿՀ-ում վաղաժամկետ ազատման գործընթացում եւ ինչպես են խախտվում եւ ոտնահարվում, անտեսվում մեր իրավունքները եւ ՀՀ օրենքները: Խնդրում ենք կառավարության անդամներին՝ ողջամիտ գտնվել եւ շուտափույթ ու դրական լուծում տալ դատապարտյալներիս վաղաժամկետ ազատման հարցին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՆԵՋՅԱՆ

դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31