Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Հայաստանն ընդունել է Մադրիդյան փաստաթուղթը՝ որպես հիմք բանակցությունների համար». 7or.am

Մայիս 12,2014 20:06
Shavarsh Qocharyan

Հարցազրույց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ

–Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ գրեթե բառացի կրկնել են օրեր առաջ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքերը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նրանց այս հայտարարությունը։

–Նախ՝ համանախագահողների հայտարարությունը տառացիորեն կրկնում է Լ’Աքվիլայի հայտարարությունը, այսինքն՝ համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը։ Բառացի՛, առանց որևէ բացառության, ի տարբերություն Ուորլիքի հայտարարության, ով ավելի ազատ է շարադրել, այսինքն՝ կան շեղումներ։ Իսկ ինչ վերաբերում է հայտարարությանը, շատ բնական էր. զինադադարի 20–ամյակն է, և բնական է, որ պետք է հայտարարություն լիներ, և այսօր նոր բան չեն ասել, բացի նույն կոչերից՝ ուղղված կողմերին, որ պետք է առաջընթաց լինի։ Ցանկանում եմ մի բան հիշեցնել, որ ինքնին զինադադարը միակ լուրջ ձեռքբերումն էր ամբողջ այս բանակցային գործընթացում։ Եվ ո՞րն է դրա խորհուրդը։ Ինչո՞ւ հաջողությամբ պսակվեց 1994թ. զինադադարի կնքումը։ Որովհետև Բաքուն անմիջապե՛ս մտավ բանակցությունների մեջ ԼՂՀ–ի հետ՝ ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակի հանդիպումներ՝ Հեյդար Ալիև–Ռոբերտ Քոչարյան։ Դա այն պարարտ հողը ստեղծեց, որի հիման վրա հետո եղավ զինադադարի պայմանագիրը։ Այսինքն, առաջինը դա, երբ Բաքուն իրոք ցանկանում է որևէ առաջընթաց արձանագրել, նա դիմում է հակամարտության իրակա՛ն կողմին, ոչ թե ձևացնում, որ նա գոյություն չունի։ Երկրորդը՝ 1993–94թթ. առնվազն Ադրբեջանը ճանաչել է ԼՂ–ն՝ որպես հակամարտող կողմ։

–Բայց դրանից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, առաջին անգամ փաստաթուղթ ստորագրեց, որտեղ ԼՂ–ի ստորագրությունը չկար։

–Եկեք ճիշտ հասկանանք։ Մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Երբ որ Ռուսաստանի նախագահը դիմում է երկու նախագահներին, և որտեղ կա այնպիսի փաստաթուղթ, որը դրական է, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվես։ Խնդիրն այլ է. Հայաստանը մասնակցում է բանակցային գործընթացին, բայց իրենով երբեք չի կարող փոխարինել ԼՂ–ն, և դա համանախագահողները շատ լավ գիտեն։ Իսկ ինչո՞ւ ենք մասնակցում, որովհետև Մինսկի խմբի ձևաչափը ունի երկու առաքելություն՝ նպաստել, որ կողմերը փոխզիջումներով հասնեն վերջնական կարգավորման, որը չի իրականանում Բաքվի դիրքորոշման պատճառով, մյուսը՝ այն փխրուն զինադադարի, որը պետք է պահպանել։

–Ասում եք, որ Բաքվի մեղքով։ Այսինքն, կարելի՞ է ասել, որ Հայաստանը համանախագահների ներկայացրած այդ բոլոր կետերին համաձայն է, բայց Ադրբեջա՛նը չի համաձայնում։

–Խնդիրն այն չէ, որ համանախագահողները ներկայացրել են հայկակա՛ն առաջարկներ։ Ամենևին էլ ո՛չ։ Այն, ինչ ներկայացվել է, կողմերի երազանքը չէ, բայց որպես հիմք՝ ընդունվել է երկու կողմերից՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի։ Այլ բան, որ առաջընթաց չկա հենց այն պատճառով, որ Ադրբեջանը գործում է հակառակ բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների։

–Այսինքն, Հայաստանը կո՞ղմ է ԼՂ–ի հարակից տարածքները վերադարձնելուն, ինչպես որ համանախագահներն են նշում։

–Հայաստանը ինչին կողմ է, կամ Ղարաբաղը ինչին կողմ է, դա մի՛ հարց է, ա՛յլ հարց է բուն բանակցային գործընթացը։

–Խնդրում եմ, հստա՛կ ասեք՝ Հայաստանը պատրա՞ստ է այդ տարածքները հանձնելուն։

– Հայաստանն ընդունել է Մադրիդյան փաստաթուղթը՝ որպես հիմք բանակցությունների համար։
Մանրամասները կարող եք կարդալ 7or.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031