Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու ես երգեցի Օպերայում

Մայիս 16,2014 14:00

Սիրելի՛ Արամ,
Բացվեց Օպերայի վարագույրը, բեմում հայտնվեցին իրար հենված տարաշխարհիկ ճերմակ զանգվածներ: Ո՛չ հանդիսավար հայտնվեց, ո՛չ էլ դու, բարեկա՛մս:
Համատարած լարվածության մեջ ես ուշացած նկատեցի, որ բեմը զարդարում են Համո Սահյանի գրքերը:

7-2

Ես տեսել էի Սոս Սարգսյանին նվիրված քո բեմադրությունը, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Խորեն Աբրահամյանի, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանի տասնհինգամյակին նվիրված քո բեմադրությունները: Ես տեսել էի քո ֆիլմը, որի խմբագիրը լինելու պատիվն եմ ունեցել: Լսել էի, թե դու ինչպես ես կարդում «Խմբապետ Շավարշ» եւ Վահան Տերյան:
Այո՛, իմ փոխքաղաքապե՛տ ընկեր, այսինքն թե՝ իմ չինովնի՛կ ընկեր, բայց ո՛չ չեխովյան մատուցմամբ:

Ինչեւէ, բարեկա՛մս, դու շատ լավ գիտես, որ Համո Սահյանի կյանքի վերջին տարիներին եղել եմ նրա կրտսեր ընկերը եւ վարպետից տասնյակ պատմություններ եմ պատմել քեզ եւ մեր ընկերներին: Ու ես վստահ էի, որ երեկոն պիտի հրաշալի լինի, եթե դու ես բեմադրիչը, բայց այն, ինչ տեսա բեմում ավելի քան երկու ժամ, անկեղծ ասած, ցնցեց ինձ:
Տե՜ր Աստված, հայ երեւելի բանաստեղծին ներկայացնելու ինչպիսի՜ մեծ արվեստ էիք ընտրել դու եւ քո ընկերները, ովքեր մասնակցել էին դրա ստեղծմանը:

Արա՛մ ջան, մեր ժամանակներում, թերեւս նախկինում էլ է այդպես եղել, մենք շատ դժվար ենք ընդունում ուրիշի տաղանդը, շատ դժվար ենք բարի խոսք ասում… Այնինչ Համո Սահյանի հարյուրամյակին նվիրված քո ստեղծած երեկոն մինչեւ այսօր զրնգում է իմ մեջ: Եվ եթե բեմադրությունն անգամ տեւեր չորս ժամ, ոչ ոք տեղից չէր շարժվելու, որովհետեւ այնպիսի մոգական էություն էր ընտրված բանաստեղծի ոգին արտահայտելու, որ բոլորին դարձրել էր երջանիկ ու գամել իրենց աթոռներին:

Այո՛:
Գնում ես, դե ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ,
Թող մի քիչ կուրծքս ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ…
Արա՛մ, բարեկա՛մս, դու Համո Սահյան-չքնաղ բանաստեղծին այնպես ներկայացրեցիր մեզ այդ երեկո, որ մեր դժվար օրերում մեզ լուսավոր եզերքներ տարավ:
Եվ պատկերացնո՞ւմ ես, երեկոյի ավարտին ես այնքան ոգեւորվեցի, որ ոչ միայն քո առաջարկով Տիգրան Մանսուրյանի, Սասուն Պասկեւիչյանի, Էդուարդ Միլիտոնյանի հետ միասին վարպետի քառատողերը կարդացինք, այլ ես չդիմացա ու երգեցի: Երգեցի Համո Սահյանի մանկությունից սիրած երգերից մեկից մի տուն.
Ելել եմ սարը սնձի,
Յարս, յարս, յարս, յարս,
Յարս գար, գտներ ինձի,
Վառիր ջանս…
Մի քիչ տարօրինակ է, բայց բեմադրությանդ ներշնչանքն այնքան մեծ էր, որ ես Օպերայում երգեցի, իհարկե՝ ոչ բեմից: Վարպետի սիրելի երգի այդ քառատողը մեր նվերն էր Համո Սահյան-վարպետի հարյուրամյակին: Մի երեւելի բանաստեղծ, ով ապրեց ու գրեց մեզ համար՝ իր հայրենիքի ու իր ժողովրդի համար: Ժամանակների մեջ երբեք չխաթարեց իր գիրը եւ հանգեց պարզ ու հավերժական մի ճշմարտության. «Թագավորն ապրած կենա, Աստվածս ցորենին ասեմ»…
Ինչեւէ, Արա՛մ ջան, շնորհակալություն քեզ, մշակույթի նախարարությանը, ինչպես նաեւ քո որդի Նարեկին ու քո բոլոր ընկերներին, ովքեր կողքիդ էին բեմադրությունը ստեղծելիս: Ուստի դարձյալ անդրադառնանք ու հիշենք.
Առուն մասուր է բերում,
Կարմիր սարսուռ է բերում,
… Եվ սարսռացողը դարձրյալ մե՛նք ենք՝ քեզ հետ միասին…
Ապրեց բանաստեղծը եւ իր՝ մեզ հասցեագրված երգով ապրելու է դարեր: Ապրես, Արա՛մ ջան, դու եւ մեր ժողովուրդը, որ այսպես ենք սիրում նրան եւ այսպես ենք ներկայացնում, եւ եթե ներկա լիներ նա՝ բանաստեղծ-վարպետը, ինչքա՜ն անհարմար կզգար բեմի հանդիսավորությունից այդ անհավատալի համեստ մարդը, ով իր կյանքն այնպես ապրեց, որ կարծես ներողություն էր խնդրում, որ տեղ է զբաղեցնում Աստծո ստեղծած այս աշխարհի վրա:

Ինչեւէ, Արա՛մ, բարեկա՛մս, ամփոփեմ նամակս՝ մաղթելով ստեղծագործական նոր սխրանքներ քեզ եւ քո թիմակից ընկերներին: Ո՛ղջ լեր:

Միշտ բարեկամդ՝

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031