Լրահոս
Օրվա լրահոսը

Հայորդին վերադարձավ առաջին մրցանակով

Մայիս 24,2014 13:55

Ամենուր ազգային երգը ներկայացնող Հայկ Մխոյանը վերջերս է վերադարձել Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած «Sea And Memories» («Ծով եւ հիշողություն») երգի միջազգային մրցույթ- փառատոնից: Խստապահանջ ժյուրին երիտասարդ երգչին գնահատել է ըստ արժանվույն եւ նրան հանձնել փառատոնի գլխավոր մրցանակը: Այս փառատոնի ավարտից հետո Հայկ Մխոյանը հրավեր ստացավ մասնակցելու նաեւ հունիսին Իսպանիայում կայանալիք երգի միջազգային մրցույթ- փառատոնին, որը տաղանդաշատ երգչին հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ օտարազգի արվեստասերին ներկայացնել հայկական մաքրամաքուր երգն ու մեղեդին:

Ակնկալիքներ կան, որ երգիչը հերթական մրցույթ-փառատոնից հետո հրավեր կստանա Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու Չինաստանից: Ասել է, թե սիրելի երգչին նոր փորձություններ եւ նոր հաղթանակներ են սպասվում… Հայկը իրապես կայացած արվեստագետ է, կայացած երգիչ, որը կոչված է ծառայելու հայ երգարվեստին: Իր արվեստը չծառայեցնելով սեփական շահին, ուստի՝ տխուր, բայց օրինաչափ է, որ սոսկ ֆինանսական դժվարությունների պատճառով նա չի կարողանում արձագանքել շատերի համար երազելի, արտասահմանյան բազմաթիվ հրավերներին: Հայ ժողովրդական երգը, իսկապես, կարիք ունի անմնացորդ նվիրյալների, որպիսիք, ցավոք, սակավաթիվ են: Հայկ Մխոյանը, ի պատիվ իրեն, վերջինների թվում է եւ որքա՜ն օրհնյալ պիտի լինեն ֆինանսապես օժտված, հայ երգարվեստի, առհասարակ, հայ մշակույթի հարկն ու պատիվն իմացող պատվարժան այն անձինք, ովքեր մանթաշովյան հոգեբանությամբ, իրենց անշահախնդիր օգնությունն են ցուցաբերելու միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Հայկ Մխոյանին, այսինքն՝ նրան, ով իր երգով երկիր ու հայրենիք է ներկայացնում: Ներկայացնում է պատվով, արժանապատվությամբ ու պարտքի խորը զգացումով սեփական եսի ու իր հայրենիքի հանդեպ:

ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031