Վերստին ցանկանում եմ անդրադառնալ մեծ մտածող և փիլիսոփա Ի.Կանտի՝ հայերին տված բնութագրմանը: Այդ բնութագրումից առանձնացնենք հետևյալը. «աշխատասեր և բանիմաց ժողովուրդ», ունի «հատուկ ծագում», «բոլոր ժողովուրդները նրանց ընդունում են գրկաբաց», նրանք ունեն «գերազանց խառնվածք», նրանց «նախնական ձևավորման մասին ի զորու չենք խոսել» (կանտյան այս բնութագրմանը հակիրճ անդրադարձել ենք «Մտորումներ» (Ե., 2020), գրքում):
Կանտյան բնութագրմանը ծանոթանալուց հետո առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ նա նկարագրելով միջազգային առևտրի աշխարհագրական շրջանակները որպես հանրահայտ իրողություն, նույն կերպ, նույն ոճով ներկայացնում է ե՛ւ «գրկաբաց ընդունելությունը», ե՛ւ աշխատասիրությունը, ե՛ւ բանիմացությունն ու խելացիությունը, ե՛ւ ծագումն ու խառնվածքը: Այսինքն՝ դրանք բոլորը նույն իրողություններն են և հանդես են գալիս որպես հաստատված, կասկածից դուրս հանրահայտ փաստեր: Ակամայից վերհիշվում է ֆրանսիացի 17-րդ դ. մեծ մտածող Ժոզեֆ Պիտոն դը Տուռնըֆորի տեսակետը. «հայերը աշխարհի լավագույն ժողովուրդն են, առաքինի են, բարեկիրթ, համակված են ողջախոհությամբ ու պարկեշտությամբ»:
Մյուս ուշագրավ հանգամանքն, ըստ իս, «առևտրային ոգի» արտահայտությունն է, որը կարող է նշանակել հատուկ շնորհ, ինչը տրված չէ ամեն մեկին: Այդ արտահայտության բացատրություն կարելի է համարել հայտնի ազգագրագետ Ավգուստ ֆոն Հաքստհաուզենի արտահայտած միտքը. «Բոլոր հետազոտությունները մատնանշում են այն փաստը, որ հայ ժողովուրդը նշանավորվել է Աստծո կամոք և ընտրվել է որպես Արևելքում քրիստոնեության և քաղաքակրթության տարածողը»:
Ուշագրավ է նաև այն, որ հայ ժողովրդի հատկանիշները ներկայացված են որոշակի հիերարխիայով, որի հիմքը «բանիմացությունն ու աշխատասիրությունն է», ինչն էլ պայմանավորում է մյուս հատկանիշները: Ընդ որում, առանց բանիմացության աշխատասիրությունն անպտուղ է, այնպես, ինչպես և առանց աշխատասիրության բանիմացությունն անհնար է: Այդպես է ինչպես անհատի ողջ կյանքում, այնպես էլ ամբողջ հանրության պատմության ընթացքում:
Կարդացեք նաև
Նման փոխհարստացման պայմաններում էլ ձևավորվում է նրանց խառնվածքը, ինչն անշուշտ պայմանավորված է նրանց յուրահատուկ ծագմամբ:
Բանիմացությամբ և աշխատասիրությամբ օժտված մարդն ունի մեկ հիմնական խնդիր՝ ստեղծել բարիք ե՛ւ իր, ե՛ւ մյուսների կարիքները հոգալու համար, քանզի միայնակ մարդը գոյատևել չի կարող:
Բացի այդ, բարիք ստեղծող մարդը դառնում է պրպտող, ձգտում է այն բազմապատկել, դառնում է խաղաղասեր, ատում է ընչաքաղցությունը….
Դառնանք «գրկաբաց ընդունելությանը»: Ինչո՞վ է այն պայմանավորված, ի՞նչ պայմաններ են նպաստել նման վարքագծի ձևավորմանը։ Այս և նմանատիպ հարցերին պատասխանելու համար հիշենք մի շարք հանգամանքներ։ Հայտնի է, որ հայերը պատմության ընթացքում պարբերաբար վայրագ, բարբարոս ցեղերի բազմաթիվ ասպատակությունների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը և ապաստանել օտար երկրներում։ Ապրելով այդ օտար շրջապատում, հնարավոր էր գոյատևել մի պայմանով. դառնալ այդ երկրների ժողովուրդների օրենքները պահպանող, սովորույթները հարգող։
Բնականաբար, լինելով աշխատասեր, բարիք արարող, նրանք դառնում էին նաև հարկ վճարողներ, նպաստում այդ երկրների զարգացմանը։ Պատահական չէ, որ շատ դեպքերում հայերին տալիս էին արտոնություններ՝ որոշակի չափով ինքնավարություն ունենալու իրավունք, հաճախ իրենք էին հայերին հրավիրում իրենց երկիր։ Հայերն իրենց հերթին, ինքնությունը պահպանելու նպատակով, կառուցում էին եկեղեցիներ, ստեղծում դպրոցներ և մշակութային օջախներ։ Մի չափազանց կարևոր հանգամանք ևս. օտար միջավայրում հայը չէր կարող լինել գող, խաբեբա, գցող, խոսքը չպահող և այլն, որովհետև դա անմիջապես վերաբերում էր ոչ միայն տվյալ անհատին, այլ ամբողջ համայնքին, ուստի և նման վարք ունեցողներին առաջին հերթին դատապարտողները հենց իր հայրենակիցներն էին։ Կարճ ասած, հայերը ոչ միայն իրենց խնդիրներն էին լուծում, այլև դառնում էին օրինակելի տեղաբնիկների համար և արդյունքում դառնում էին նաև քաղաքակրթություն տարածողներ։ Այս ամենը (ինչպես և չնշված բազմաթիվ այլ հանգամանքներ) նկատի ունենալով և հավելյալ նշելով նաև, որ հայկական գաղթօջախները շատ էին տարածված, դժվար չէ տեսնել, որ հայերը հայտնի էին իրենց վարքով և բարքերով, ուստի և ընդունելի ամենուր, ինչն էլ արձանագրել է Մեծ մտածողը։
Այսպիսով, խոսելով այս ամենի մասին, ուրվագծվում է մի ընդհանրական նկարագիր: Սկսած 10-րդ դարից (հատկապես Անիի անկումից հետո)՝ վայրենի ու վայրագ հորդաների ասպատակությունների հետևանքով հայկական հոծ զանգվածներ գաղթում են տարբեր երկրներ, որտեղ ստեղծվում են կազմակերպված գաղթօջախներ՝ Հնդկաչինից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Հայ վաճառականները առևտուրը կազմակերպելու համար միմյանց էին կապում այդ օջախները, որոնք դառնում էին մի հսկայական սարդոստայնի հանգույցներ։ Այդ ամենի արդյունքում, արդեն 17-րդ դարում և դրանից հետո ձևավորվել էր մի յուրահատուկ հայկական աշխարհ, որը գոյատևում էր իր հոգևոր արժեքներով, արգասաբեր աշխատանքով, քրիստոնեական բարեպաշտությամբ, կրթական և մշակութային համակարգերով և այլն։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում հայ վաճառականները հաջողությամբ համագործակցում և մրցակցում էին այդ ժամանակների հզոր պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և մյուս երկրների վաճառականների հետ։ Ընդ որում, բազմիցս հիշատակվում է, որ վերջիններս Արևելքի երկրներում հաճախ ներկայանում էին որպես հայ վաճառականներ։ Հայկական աշխարհը իր հզորությամբ գոյատևեց մինչև մոտավորապես 19-րդ դարը, երբ աստիճանաբար այդ հզոր պետությունների աջակցությամբ և ճնշմամբ հայ վաճառականները ստիպված էին իրենց դիրքերը զիջել։
Մի դիտարկում ևս. ակնհայտ է, որ Ի. Կանտի ասվածը վերաբերում է ոչ թե ամբողջ հայությանը, այլ միայն գաղթօջախներին։ Բոլորովին այլ պայմաններում էր ապրում բուն Հայաստանը, որտեղ տնօրինում էին բիրտ, վայրագ, թալանչի, անմարդկային ցեղերը։
Վ. Պողոսյան
«Առավոտ» օրաթերթ
18.09.2026


















































