Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Շահվերդյանը բեմադրել է «Տիկին մինիստրուհին»

Մայիս 24,2014 14:07

Սերբ հեղինակի հայտնի գործը, նրա համոզմամբ, արդիական է

Սերբ դրամատուրգ Բրոնիսլավ Նուշիչի հանրահայտ «Տիկին մինիստրուհին» պիեսը բազմիցս բեմադրվել է տարբեր երկրներում: Թեման երբեք չի խունանում: Այնտեղ արծարծված հարցերն այսօր էլ արդիական են. հերոսը հանուն փառքի ու հարստության կորցնում է իր դեմքը, անճանաչելիորեն փոխվում, հետո՝ ճակատագրի բերումով «վայրէջք» կատարում:

Այժմ «Տիկին մինիստրուհին» հայ հանդիսատեսին էլ հասու կլինի: Ճանաչված բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը բեմադրել է սերբ հեղինակի պիեսը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջարկով: «Թատրոնն այս պիեսը մտցրել է իր խաղացանկի մեջ: Ներկայացման մեջ բարձրացված հարցերը, խնդիրները խիստ այսօրվա են: Երբ ես կարդում էի պիեսը, այն ինձ այդքան արդիական չէր թվում, ինչքան հիմա, երբ բեմից եմ լսում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ուզում էր պիեսը բեմադրվի նպատակային, հատուկ դերասանուհի Նարինե Ալեքսանյանի համար, որը ներկայումս հանդես է գալիս գլխավոր դերում: «Տիկին մինիստրուհուն» ծանոթ եմ շատ վաղուց, խորհրդային տարիներին պիեսը բեմադրվել է գրեթե բոլոր թատրոններում: Նույնիսկ Մոսսովետի ներկայացումն եմ հիշում, որտեղ Վերա Մարեցկայան էր խաղում գլխավոր դերը: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ այդ դերը ժամանակին խաղացել է տաղանդաշատ դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը, որի դերակատարումը, ավաղ, չեմ տեսել: Մի խոսքով, ես Երվանդ Ղազանչյանի առաջարկը սիրով ընդունեցի, որովհետեւ երբ ծանոթացա պիեսին, սիրեցի այն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Շահվերդյանը:

Պարզեցինք, որ սա բեմադրիչի 82-րդ ներկայացումն է, չնայած Վահե Շահվերդյանը խոստովանում է, որ ամեն անգամ նոր ներկայացում բեմադրելիս, հուզվում է սկսնակի նման: «Միշտ սկզբում վախենում եմ, ինձ թվում է՝ չեմ կարողանալու բեմադրել, զգացողություն եմ ունենում, կարծես մինչ այդ ոչ մի բեմադրություն չեմ արել: Այս անգամ չեմ ուզում ձեւական բաներ ասել, համոզմունք ունեմ, որ վատ չի ստացվել»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Վահե Շահվերդյանի բեմադրած մոնոներկայացումներին: Նա նշեց, որ նախկինում չէր բեմադրում մոնոներկայացումներ, բայց Գրետա Մեջլումյանի համար բեմադրած «Թափորը» մոնոներկայացումից հետո սկսել է սիրել այդ ժանրը, ներկայացման այդ տեսակը: Նա իրեն դերասանապաշտ բեմադրիչ է որակում. «Ես ընդհանրապես դերասանապաշտ բեմադրիչ եմ, դերասաններին եմ տրվում լիովին: Ներկայացումների ստեղծման ժամանակ ես սիրահարվում եմ նրանց, նրանք էլ դա զգում են: Ստեղծագործական պրոցեսի ժամանակ երկուստեք սիրո դաշտ է գոյանում, արդյունքում էլ ծնվում են հաջողված ներկայացումներ: Ես եւս երկու մոնոներկայացում եմ բեմադրել, մեկը՝ Կարինե Խոդիկյանի «Պենելոպեն» էր՝ Ագնեսա Շահնազարյանի կատարմամբ, որը հաղթանակ ունեցավ Սանկտ Պետերբուրգում եւ շարունակում է հրավերներ ստանալ: Անցյալ տարի էլ բեմադրեցի Տուրգենեւի «Մեկ ամիս գյուղում» ներկայացումը՝ Մոսկվայի պատվերով, որի հիման վրա այս տարի մոնոներկայացում արեցի: Ըստ իս՝ այդ մոնոներկայացումը հրաշալի խաղաց Յուրի Իգիթխանյանը»:

Վահե Շահվերդյանը շնորհակալություն հայտնեց Հ. Պարոնյանի անվան թատրոնի ղեկավարությանն ու բեմադրաարտադրական ողջ խմբին, իր խոսքերով՝ իրեն գուրգուրելու, գեղեցիկ մթնոլորտում ու բարության մեջ աշխատելու հնարավորության համար:

Բնականաբար հարց ծագեց՝ Մայր թատրոնից նոր ներկայացում բեմադրելու առաջարկ չի՞ ստացել, մանավանդ երկար տարիներ եղել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը: «Ո՛չ, առաջարկ չունեմ, չեմ ստացել: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում ես լինում եմ բոլոր այն օրերին, երբ իմ ներկայացումներն են խաղում: Մի շարք ներկայացումներ խաղացանկում են: Նոր ներկայացման առաջարկ չեմ ստացել, բայց հուսամ՝ կստանամ»,- պատասխանեց Վահե Շահվերդյանը: Հիշեցնենք, որ 2008-ի օգոստոսից ՀՀ մշակույթի նախարարի հրամանով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատվեց Վահե Շահվերդյանը, իսկ տեւական անորոշությունից հետո, այդ հաստիքն ընդհանրապես վերացվեց:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031