Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բյուջեի կատարողականը՝ թվերով ու տվյալներով

Մայիս 28,2014 14:46

Ի՞նչ է արվել նախորդ տարվա բյուջեն կատարելու համար, ինչպե՞ս է կատարվել, ի՞նչը չի կատարվել եւ ի՞նչն է գերակատարվել… Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները տեղ են գտել 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ, որը երեկ, այսօր եւ հինգշաբթի ԱԺ մշտական հանձնաժողովներին կներկայացնեն կառավարության անդամները:

Այս հոդվածում չենք անդրադառնա նրան, թե որ պատգամավորը կառավարության որ անդամին ինչ սուր հարց տվեց եւ ինչ պատասխան ստացավ կամ չստացավ: Միայն կներկայացնենք բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ տեղ գտած որոշ կարեւոր թվեր, որոնք խոսում են մեր տնտեսության վիճակի մասին: Տվյալները բերված են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից պատրաստված ամփոփ նկարագրի համաձայն:

2013 թ. Հայաստանի տնտեսությունը շարունակել է զարգանալ, բայց ավելի դանդաղ տեմպերով, քան 2012-ին: 2013թ. Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3,5%, տարեկան միջին գնաճը կազմել է 5.8%: Բյուջեի եկամուտները անվանական՝ 13,2%, իսկ ծախսերը 13,6% աճ են գրանցել:

Այժմ ավելի մանրամասն:

Տնտեսական աճին ամենաշատը` 2,3%-ով նպաստել է ծառայությունների ճյուղը, իսկ գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերը նպաստել են տնտեսական աճին 1,6 եւ 0,8 տոկոսային կետերով: Եթե ավելի մանրամասնենք, ապա 2013թ. գյուղատնտեսությունը աճել է 7,1%-ով, այդ թվում՝ բուսաբուծությունը՝ 6,6%-ով, անասնաբուծությունը՝ 7,8%-ով (կաթի արտադրությունը՝ 6,3%, իսկ մսինը՝ 12.7% աճերով), ձկնաբուծությունն ամենամեծ աճն է գրանցել՝ 1,3 անգամ: Արդյունաբերությունը աճել է 6,8%-ով՝ հիմնականում մշակող արդյունաբերության՝ 7,7% աճի շնորհիվ: Խմիչքների արտադրությունն աճել է 17,9%-ով, հիմնային մետաղների արտադրությունը՝ 9,2%-ով, ծխախոտի արտադրությունը՝ 19,6%-ով: Զգալիորեն աճել են կառավարության առաջնահերթություն հռչակած ուղղությունները՝ դեղագործությունը՝ 29,9%-ով, ոսկերչական արտադրատեսակները՝ 15%-ով:

Շինարարությունը, որի ծավալների անկումը էականորեն ազդել է ընդհանրապես տնտեսական աճի վրա, 2013թ.-ին նվազել է 8,1%-ով: Ընդ որում՝ կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարությունը կրճատվել է 21.4%-ով, իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությունը, որի ծավալներն անհամեմատ փոքր են, 31,9% աճ է գրանցել:

Ծառայությունների եւ առեւտրի ոլորտում նույնպես աճ է գրանցվել՝ 3,6%-ով:

2013թ. առեւտրի շրջանառությունն ընթացիկ գներով կազմել է 2331 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1,2%-ով:

Գնաճը միջինում կազմել է 5,8%` պայմանավորված հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 4,0%, ոչ պարենային ապրանքների գների` 3,5% եւ ծառայությունների սակագների 9,7% աճով:

Նախորդ տարի գործազրկության մակարդակը նվազել է 1,1%-ով` կազմելով 16,2%:

2013թ. միջին անվանական աշխատավարձը աճել է 6.0%-ով` կազմելով 158239 դրամ՝ պետական հատվածում 5,4%-ով, կազմելով 139032 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 7,2%-ով` 185630 դրամ: Իրական աշխատավարձը աճել է 0,2%-ով:

2013 թ. արձանագրվել է արտահանման աճի տեմպերի արագացում: Արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 5956.8 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 5.6%-ով: Արտահանումն աճել է 7.2%-ով` կազմելով 1480.0 մլն դոլար, իսկ ներմուծումը` 5.1%-ով եւ կազմել է 4476.8 մլն ԱՄՆ դոլար:

Այժմ անդրադառնանք ֆինանսական շուկային: 2013թ. տարեկան միջին փոխարժեքը կազմել է 409.6 դրամ մեկ 1$-ի դիմաց (2012-ին` 401.8): Փողի բազան կազմել է 888 մլրդ դրամ` տարեսկզբի նկատմամբ աճելով 29,8%-ով, տարեվերջին փողի զանգվածը կազմել է 1545.3 մլրդ դրամ` տարեսկզբի նկատմամբ աճելով 15%-ով: 2012-ի 63,22%-ի դիմաց դոլարային ավանդների կշիռն ընդհանուր ավանդների մեջ կազմել է 60%:

Առեւտրային բանկերի կողմից ռեզիդենտներից եւ ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2013թ. 2012-ի համեմատ ավելացել են 33%-ով: Ավանդների տոկոսադրույքները միջին հաշվով կազմել են 10.16%: Առեւտրային բանկերի կողմից ռեզիդենտներին եւ ոչ ռեզիդենտներին տրված վարկերը 2012-ի համեմատ ավելացել են 12.%-ով, դրանց տոկոսադրույքները միջին հաշվով կազմել են 16%:

2013 թվականի պետական բյուջեով, ելնելով 6.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ 1032.8 մլրդ դրամ եկամուտ: 2013թ. փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1071.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 125.2 մլրդ դրամով կամ 13.2%-ով, ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.8%-ով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100%-ով, այլ եկամուտները 8.2%-ով գերազանցել են ճշտված ծրագրային ցուցանիշը, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 66.2% կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 6.8 մլրդ դրամ:

ՀՀ 2013թ. պետբյուջեի եկամուտների 93.4%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 1000.9 մլրդ դրամ եւ 100%-ով կատարել տարեկան ծրագիրը:

2013թ. հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ եկամտահարկի եւ պարտադիր սոցապ վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 251.1 մլրդ դրամ: 2013թ. ներդրված նոր շրջանառության հարկով պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 13.4 մլրդ դրամ: Ավելացված արժեքի հարկից մուտք է եղել շուրջ 401.9 մլրդ դրամ: Ակցիզային հարկից պետական բյուջեի մուտքերը կազմել են 52.1 մլրդ դրամ, իսկ շահութահարկի հաշվին` 124.6 մլրդ դրամ: Մաքսատուրքը կազմել է ավելի քան 46.3 մլրդ դրամ, եւ ավելի քան 11 մլրդ դրամ էլ մուտքագրվել է որպես հաստատագրված վճար: Բյուջե են մուտքագրվել շուրջ 35.1 մլրդ դրամ բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ, եւ 14.7 մլրդ դրամի այլ հարկեր:

2013թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 27.3 մլրդ դրամ պետական տուրք: Նույն ժամանակահատվածում արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 13.3 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք հատկացվել են բացառապես եվրոպական եւ ամերիկյան աղբյուրներից՝ Գերմանիայի զարգացման վարկերի բանկը, Համաշխարհային բանկը, Եվրամիությունը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ԱՄՆ-ը, ՄԱԶԾ-ն, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Ավստրիայի զարգացման գործակալությունը: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերը նվազել են 28.9%-ով կամ 5.4 մլրդ դրամով:

2013թ. պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 57.2 մլրդ դրամ այլ եկամուտներ:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

27.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031