Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես խարակտերային դերասանուհի եմ»

Հունիս 06,2014 14:10

Ագնեսա Շահնազարյանը սիրում է մարմնավորել ուժեղ կանանց

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին շատերը գիտեն ինչպես թատրոնում, այնպես էլ հեռուստասերիալներում ստեղծած վառ կերպարներով: Նրան հաջողություն է բերել մասնավորապես «Պենելոպե» մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի, որը բեմադրել է ճանաչված ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Ագնեսայի Պենելոպեն ուժեղ, խորամանկ, հարուստ ներաշխարհով, շքեղ կին է, որը կրում է հերոսի կին լինելու բոլոր դափնիներն ու տառապանքները:

2011-ին, երբ Ագնեսան «Արմմոնո» փառատոնի շրջանակում խաղաց այս մոնոներկայացումը, այն լավ իմաստով աղմուկ հանեց, հետեւեցին «դրսի» հրավերներ: Դերասանուհին, սակայն, որոշում էր ընդունել հեռանալ Հայաստանից, հաստատվել Մոսկվայում, եւ նրա ձեւակերպմամբ՝ վերջակետ դնել դերասանի մասնագիտության վրա: «Որոշ ժամանակ Մոսկվայում ապրելուց հետո՝ հասկացա, որ ոչ առանց հայրենիքի, ոչ էլ առանց մասնագիտության չեմ կարող ապրել, արտագաղթելն էլ իմ բանը չէ: «Պենելոպեի» հետ կապված հրավերները շարունակվում էին, ընդունեցի դրանցից մեկը եւ խաղացի Մոլդովայում»,- հիշում է նա:

penelope9

Ագնեսա Շահնազարյանը Պենելոպե է խաղում:

Մոլդովայում Ագնեսա Շահնազարյանին նկատում է «Балтийский дом»  թատրոն-փառատոների տնօրենը եւ հրավիրում այդ ներկայացումը 2015-ին խաղալ Սանկտ Պետերբուրգում: «Ինձ բացատրեցին, որ 2014 թվականն արդեն «փակ» էր, փառատոնի բոլոր մասնակիցներն էլ՝ ընտրված: Հետո հաճելի անակնկալ ստացա, «Արմմոնոյի» տնօրեն, իմ շատ սիրելի Մարիաննա Մխիթարյանը նամակ է ստանում, թե այնքան են հավանել դերասանուհուն եւ ներկայացումը, որ հատուկ տեղ են բացել, որպեսզի 2014-ին խաղամ «Պենելոպեն»: Ապրիլին Սանկտ Պետերբուրգ մեկնեցի Կարինե Խոդիկյանի հետ: Սկզբում մեզ վերապահումով էին մոտենում, մտածում էին՝ այս երկու կինն ի՞նչ պետք է անեն, որովհետեւ թե բեմի, լույսի հետ կապված հարցերը, թե ստորագրելու թղթերը, մի խոսքով՝ ամեն ինչ ինքս էի անում: Վերջում, երբ հարցրին՝ ո՞վ է խաղալու, ասացի՝ ես, մարդիկ սկսեցին թերահավատությամբ նայել: Ներկայացումը խաղացի եւ ինքս ինձանից ահավոր դժգոհ մնացի, հյուրանոցից զանգեցի ու մորս էլ այդ մասին հայտնեցի: Հաջորդ օրը քննարկման ժամանակ, որին ես ու Կարինեն էինք մասնակցում, մեկ էլ անակնկալ գովեստի խոսքեր հնչեցին, այնպես էի հուզվել, ասես իմ աստեղային ժամը լիներ: Քննարկումից հետո երջանիկ էի, որովհետեւ այնպիսի՜ թատերաքննադատներ էին հիացական բաներ ասում, այդտեղ ուրիշ որակ էր, հուզմունքս մեծ էր, հասկանում էի, որ հյուսիսային մայրաքաղաքում եմ, արվեստների կենտրոնում…Դրան հետեւեցին հրավերներ Ավստրալիայից, Իսրայելից, Գերմանիայից…»:

Ագնեսա Շահնազարյանն ասում է, որ ամեն դերի մեջ դնում է իր մասնիկը, մարմնավորում է յուրովի, որովհետեւ այնտեղ նաեւ իր ապրումներն են: Վկայակոչելով Վահե Շահվերդյանի այն խոսքերը, թե թատրոնում մեծ ու փոքր դերեր չկան, մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ ռեժիսորի նոր՝ «Տիկին մինիստրուհին» բեմադրությանը: Այդ ներկայացման մեջ Ագնեսան ընդամենը մարմնավորել էր սուրճ տանող-բերող սպասուհու, բայց այնքան գունեղ էր նրա կերպարը, որ գլխավոր հերոսուհուն հավասար «գնում» էր:
«Դա գալիս է Վահե Սուրենիչից, նրա համար փոքր եւ մեծ դերեր չկան, նա հավասարաչափ աշխատում է եւ մասսայական տեսարանների դերասանների հետ, եւ գլխավորների, դու չես զգում, որ փոքրիկ դեր ես խաղում: Վահե Սուրենիչն այնպես է բեմադրել ներկայացումը, որ անընդհատ պրոցեսի մեջ լինեն բոլորը: Իմիջիայլոց, ամենաբարդն այն է, երբ լուռ ես խաղում ու տեքստդ շատ չէ: Այդ պարագայում եւ դիմախաղն է կարեւորվում, եւ հոգեբանությունն ու հույզերը: Հավելեմ, որ երազած դեր, որպես այդպիսին՝ չունեմ: Հենց սկսում եմ ինչ-որ դերի վրա աշխատել, այն դառնում է իմ երազած դերը»,- ասում է դերասանուհին:

Ագնեսա Շահնազարյանն իրեն համարում է խարակտերային դերասանուհի, սիրում է ուժեղ կանանց խաղալ: Ասում է՝ լավ Պոնսիա («Բեռնարդան եւ նրա աղջիկները») կլիներ: Նաեւ հավելում է՝ հրաշալի է իր բեմական խոսքի ուսուցիչ Գրետա Մեջլումյանի Պոնսիան:
Ագնեսա Շահնազարյանի համոզմամբ, սովորաբար ներկայացման հաջողությունը պայմանավորված է հատկապես ռեժիսորով. «Էկրանին քեզ տեսած հանդիսատեսին հետաքրքիր է, թե ինչպիսին ես դու բեմում: Ճիշտ է՝ դա էլ է դահլիճ բերում մարդկանց, բայց եթե ներկայացումը վատը եղավ, ուզում է Քեթրին Զետա Ջոնսն էլ խաղա, մարդիկ մի անգամ կնայեն, երկրորդ անգամ այդ ներկայացմանը չեն գա: Լավ բեմադրության դեպքում թատրոնն անպայման հանդիսատես կունենա: Օրինակ, Վահե Շահվերդյանը թատրոնի շինարար մարդ է, ոգի է դնում թատրոնի շենքի մեջ: Նրա «Լիր արքան» նայելիս, երբ հատակը սկսեց բարձրանալ, ապշած էի, ինձ թվաց՝ 3D ֆիլմ եմ նայում»:

Դերասանուհին «Առավոտի» հետ զրույցում իրեն բնորոշեց՝ որպես նպատակասլաց, հարեհաս, ընկերներին նվիրված մարդ, որը երբեմն նույն ընկերների պատճառով հիասթափություններ է ունենում, շահագործվում, բայց նաեւ անչափ լավատես է. «Երբեւէ հոգեբանի չեմ դիմում, իմ ամենամեծ հոգեբանը ես եմ, ամենադժվար կացության մեջ անգամ ասում եմ, որ լավ է լինելու: Շատ հարցերում հույզերս ավելի առաջ են ընկնում տրամաբանությունիցս, ինչը վատ է, հիմա մի քիչ փոխվել եմ…»:

Մեր զրուցակիցը սիրով է հիշում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում աշխատած շրջանը, ասում է՝ անընդհատ նամակներ էր ստանում, ինչ-որ մեկն էլ մեքենայի վրա ամեն օր ծաղիկներ էր թողնում՝ «ծպտված» մնալով: Մի զվարճալի դրվագ էլ պատմեց. «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում մարմնավորում էր մեկին, որը յուրացնում է ընկերուհու փողերը: Մի անգամ խանութից դուրս գալիս, ինչ-որ կին այդ սերիալի տպավորության տակ ռեպլիկ է անում Ագնեսա Շահնազարյանի հետեւից: Երբ դերասանուհին հետաքրքրվում է՝ ինչո՞ւ, տիկինը ատելությամբ պատասխանում է. «Էն գողացած փողերով ե՞ս մեքենադ առել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Ինչ գիտեք սերիալի մասին ա ասել, կարողա ուրիշ գողացած փողերի մասին գիտի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30