Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական բաց օրգիաներ կազմակերպեք, կ«հանրահռչակեք» ինչպես ոչ ոք աշխարհում

Հունիս 18,2014 13:40

Պատկերացնում ե՞ք, ի~նչ կրեատիվ տեսարաններ կլինեն. «Զվարթնոց» տաճարի ավերակներ, հնամենի խոյակներ, յոթաստիճան պատվանդան, երկնագույն կամ վարդագույն լույսեր`ըստ նախապատվության, Արարատի ճերմակ գագաթներ հեռվում, ծիրանի ու սերկեւիլի ծառեր ու «բացառապես տաճարի հարևանությամբ գտնվող խոտածածկ հատվածում» սեռական օրգիաներ, այս ու այն կողմ վազող մերկ կանայք ու տղամարդիկ (կամ կանայք ու կանայք, տղամարդիկ ու տղամարդիկ եւ այլն):

Տեսարանները կարող են ցուցադրվել տաճարի ողորկ քարերին, Արարատների դեմ- դիմաց դրված հսկայական էկրաններին, ձայնային լուծումները կարելի է սփռել մինչեւ Էջմիածին ու Երեւան: Նույնիսկ կարելի է հայտնի հոլդինգների պատվիրել միջոցառումը:
Պատկերացնում ե՞ք, թե ինչ «հանրահռչակում» կկազմակերպեք` միջազգային, համաշխարհային չափորոշիչներին համապատասխան: Դրանից հետո աշխարհի բոլոր սեռական կազմակերպությունները կդիմեն Հայաստանի մշակույթի նախարարություն կոչվող երեւույթին (նրանք շա~տ հարուստ են), դրա ՊՈԱԿ­ին, ի~նչ հսկայական գումարներ կգան նախարարություն, ու ոչ միայն «Զվարթնոց» տաճարի սանհանգույցները կվերանորոգեք ( պետական պատասխանատուների կողմից սա բերվել է որպես օրերս տաճարում «փարթի» կազմակերպելը արդարացնող «փաստարկ»), գուցե տասնյակ բիոզուգարաններ տեղադրեք, գուցե «Զվարթնոցի» շուրջը գիշերային ակումբներ, լողավազաններ, «փարթի քլաբներ» կառուցեք, գուցե իսպանական արտադրության սալիկներ փռեք տաճար տանող ճանապարհին:

Garni-4 Garni-3 Garni-2 Garni-1 Garni-6

Դեմագոգիան ազգային ­պետական քաղաքականության վերածած պատեհապաշտները նայեք ինչ կերպ են մեկնաբանում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում «Տրոյկա Դիալոգի» կազմակերպած «փարթիի» երեւույթը.
«Ինչ վերաբերում է բաց եւ փակ միջոցառման / տվյալ դեպքում հարսանյաց հանդեսի/ վերաբերյալ սոցիալական որոշ ցանցերում հայտնված քննադատությանը, ապա տեղեկացնում ենք, որ այդօրինակ միջոցառումներ նախկինում էլ եղել են: «Զվարթնոց», «Գառնի» տաճարների կամարների ներքո, Աստծո օրհնությամբ եւ եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, հարսանյաց ծեսեր են իրականացվել: Միաժամանակ հայտնում ենք, որ բաց եւ փակ միջոցառումները իրականացվել են ու կիրականացվեն բացառապես տաճարի հարևանությամբ գտնվող խոտածածկ հատվածում, հատուկ այդ նպատակով հարմարեցված ժամանակավոր հարթակի վրա: Բուն հուշարձանի տարածքում հարսանյաց հանդես չի կարող լինել եւ չի եղել, ինչպես նշվել է որոշ անձանց կողմից ՖԲ սոցիալական ցանցում:

Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ բաց եւ փակ միջոցառումների անցկացումն ընդունված է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` այլ երկրներում, ինչն էլ իր հերթին նպաստում է հուշարձանի հանրահռչակմանը»:

Սրանք կարծում են, որ հուշարձանը «հանրահռչակելու» են հարսանյաց հանդեսներով, «Զվարթնոցի» տաճար մտնող գեղցու լիմուզիններով, բարձրակրունկ ու կարճափեշ խոպոպավոր մազերով հարսանքավոր միանման կանանց սելֆիներով, տաշիտուշիային ոռնոցներով: «Հանրահռչակելու» այլ միջոցներն ու սցենարները սրանց ուղեղներին հասու չեն: Սրանց խնդիրը փող աշխատելն է, ու փող աշխատելու սրանց ճանապարհին միջոցը կարեւոր չէ: Սրանք գործում են նպատակն արդարացնում է միջոցները տխրահռչակ կարգախոսով:

Այս պատասխանն էր, անշուշտ, գրելու ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ­ը: Այս կառույցի ղեկավարը սովորել է Մինգեչաուրի թիվ 3 դպրոցում: Ընդունվել եւ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը` ստանալով մաթեմատիկոսի որակավորում: Ուսանել եւ գերազանցությամբ ավարտել է ՀՄՖ միջազգային հարաբերությունների բաժինը` ստանալով միջազգայնագետ-հանրահռչակողի որակավորում: Աշխատել է Մինգեչաուրի տեքստիլ ֆաբրիկայում որպես կտրող բանվոր, ԼՂՀ Մարտունի քաղաքի պրոֆտեխուսումնարանում` որպես դաստիարակ եւ ինֆորմատիկայի ուսուցիչ եւ միայն 1988-ից սկսել զբաղվել հուշարձանների պահպանությամբ` Ստեփանավանի շրջանի հուշարձանների պահպանության տեսչությունում եւ զբաղվում է մինչեւ օրս : Այսինքն կարծիքը խիստ մասնագիտական է, քանի որ, ինչպես համոզվեցիք, կառույցի ղեկավարն ունի ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏ-ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՂԻ որակավորում:

«Զվարթնոցի» խայտառակությանը ոչ ոք չի անդրադառնա: Այստեղ պոպուլիզմ չկա, որ «ընդդիմադիր» պատգամավորները հանդես գան հայտարարություններով, քառյակներ գումարեն: «Տրոյկա Դիալոգին» չեն անդրադառնա: Նրանք փող տվող են: Այն թեկուզ նախկինում, բայց, այնուամենայնիվ, Ռուբեն Վարդանյանինն է եղել, իսկ Ռուբեն Վարդանյանը փող խնայող չէ, փող տվող է: Էնքա~ն պատգամավոր, նախարար, փոխնախարար, վարչության պետ ու լրատվամիջոց է ԳՈՀ Ռուբեն Վարդանյանից ու բնական չէ՞, որ մշակույթի նախարարուհին արտոնել է «Տրոյկա Դիալոգի» գործընկերների հրաժեշտի «պարահանդեսը» պատմամշակութային արգելոցում:

Նրանց «բարեգործական երեկո-աճուրդը` տաղանդավոր ֆինանսիստ-ուսանողներին աջակցելու համար հիմնադրամ ստեղծելու նպատակով», իհարկե, հենց արգելոցում պետք է լիներ: Եթե դա նրանց քմահաճույքն է, նրանց ցանկությունը, նրանց տեսլականը կամ նրանց «կրեատիվ» մտահղացումը, ո՞վ կարող է արգելել, մանավանդ «փողին մուննաթ» ազգային­պետական գաղափարախոսությանը:

250 մարդ է եկել ամբողջ աշխարհից, որոնցից շատերն առաջին անգամ են եկել, պատկերացնում ե՞ք, իրենց ընտանիքների անդամներով են եկել ու ո՞նց կլինի մենք մեր ազգային­ավանդական ստորաքարշությամբ չտրվենք նրանց, չասենք` արեք ինչ ուզում եք, մենք ձերն ենք, դուք ձեր տանն եք: Բա հնարավոր է, որ նրանցից մի երկուսն էլ հայերեն ասել են «բարեւ ձեզ», կամ ասել են Արամ Խաչատրյան, Ազնավուր…Բա չարժէ՞ Գառնին էլ, Գեղարդն էլ, «Զվարթնոցն» էլ նրանց «փեշքեշ» անել: Չասեն էլի գեղցի ենք, փարթիներից բանից չենք հասկանում, փարթի չենք տեսել, միջազգային բաներից էլ տեղյակ չենք:

Տխրահռչակ ռուս «լրագրողի» տաքսիստների մասին ասածը համարյա իշխանափոխություն էր անում Հայաստանում: Ինչո՞ւ. որովհետեւ քաղաքականություն կար մեջը, իսկ որ «Զվարթնոցում» պարահանդես են անում, խնդիր չէ, մեջը քաղաքականություն չկա:

Ընդհանրապես «Զվարթնոցի» պատմամշակութային արգելոցի հարցը լուրջ քննարկման խնդիր է: «Զվարթնոցի» տաճարում վերջերս աշխատակիցները տագնապալի վազքով հարձակվել էին երիտասարդ մի զույգի վրա, ովքեր իրենց փոքրիկի հետ համարձակվել էին նստել տաճարի հարեւանությամբ ծիրանի ծառերի շվաքին, ու «չի կարելի խոտերին նստել, արգելված է, սա արգելոցային տարածք է» թեմայով բարոյախրատական մի կոնդակ էին կարդացել: Ինչո՞ւ: Որովհետեւ փող չկա՞ր մեջը:

«Զվարթնոցի» ծառայողական շենքի պատի տակ մանղալ կա: Սա կարող էին տեսած լինել մշակույթի նախարարության պաշտոնյաուհիները: Այդ մանղալը պատմամշակութային արժեք չէ, դարերից ժառանգված չէ, Տիգրան Մեծի ձեռքը դրան չի կպել: Այդ մանղալն, ուղղակի ծառայում է ազգային արժեք խորովածին, երբ փակվում են «Զվարթնոցի» դռները, մեղմ քամին ծառերի շվաքներն ավելի կանչող է դարձնում, սպիտակ նիվաներն ավելի հանդգնորեն են տեղավորվում տաճարի «ոչ բուն տարածքում»: Երբեմն էլ դրանք բերած են լինում ստուգող ու վերահսկիչ կազմակերպությունների շեֆերին: Իսկ սա ի՞նչ պակաս հանրահռչակելու մոդել է, չէ՞ որ խորովածի ծուխը քամիները տանում են դեպի մեր դարավոր ոսոխը…

«Հանրահռչակողները» չեն մտածում, որ «Զվարթնոցը» շաբաթ­կիրակի օրերին գրեթե փակ է: Զբոսաշրջիկները մինչ արթնանում են, մի բաժակ սուրճ են խմում ու հասնում են «Զվարթնոց», սրանց աշխատանքային օրն ավարտված է լինում: Բա ի՞նչ կարիք կա զբոսաշրջիկներով «հանրահռչակել», չէ՞ որ ժամը երեքից հետո սկսվում է լիմուզինների հոսքը դեպի տաճար…սելֆիների ժամն է:

«Զվարթնոցի» լուսավորման վրա հսկայական գումարներ են ծախսվել, որ երեկոյան ժամերին տաճարը համապատասխանի միջազգային ստանդարտներին, նույնիսկ վարչապետն է կտրել այդ լուսավորման բացման կարմիր ժապավենը, բայց…երեկոյան ժամերին, երբ սկսվում է լուսավորումը` տաճարը… փակ է: Ի՞նչ կարիք կա, որ զբոսաշրջիկներն ու տաճարը սիրող հայաստանցիները վայելեն «Զվարթնոցի» հրաշքը: Այդ ժամերին ավելի ռոմանտիկ է խորոված կուլ տալը:

Ինչ բախտ ունենք, որ Վանա լիճն ու Աղթամարը, Անին ու Սուլուխի կամուրջը, Մշո դաշտն ու Բերկրին մնացին ոչ այս Հայաստանի տարածքում:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսանկարները՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30