Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրվում են պնևմակոկային պատվաստումները

Սեպտեմբեր 10,2014 13:11

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:

Այս նկատառումով սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով:
Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը: Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:

ԱՀԿ տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնևմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200,000–ն ավարտվում է անբարեհաջող ելքով: Պնևմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Վարակը հիմնականում փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդացության պիկը գրանցվում է աշնանն ու ձմռանը, սակայն գրանցվում են միայն եզակի դեպքեր, իսկ բռնկումներ հազվադեպ են լինում: Հաստատվել է ուղղակի կապը սեզոնային սուր շնչառական վիրուսային և պնևմակոկային վարակներով (մասնավորապես` թոքաբորբերի) հիվանդացության բարձրացումների միջև։ Մասնավորապես` սեզոնային սուր շնչառական վարակները էականորն բարձրացնում են պնևմակոկային վարակների զարգացման ռիսկը :

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ողջ աշխարհում, պնևմակոկային հարուցիչով առաջացած հիվանդությունների համաճարակաբանական տվյալները խիստ սուղ են՝ պայմանավորված պնևմակոկերի լաբորատոր ախտորոշման դժվարություններով, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների լայնածավալ կիրառմամբ:

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնևմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը: Հայաստանի Հանրապետության համար հաշվարկային այդ ցուցանիշը մինչև 5 տարեկան 100,000 երեխայի հաշվարկով կազմում է 10-ից մինչև 100, այսինքն` առկա մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք:

Պնևմակոկային վարակների դեմ ամենաարդյունավետ և տնտեսապես շահավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումներն են: Այս մասին է վկայում աշխարհի փորձը:
Ամերիկյան մայրցամաքի և եվրոպական երկրներում մինչ կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ (մանրէային) հիվանդությունների պատճառը պնևմակոկերն էին: Պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասիվ շրջանառության և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները (ուղեղի թաղանթի բորբոքում), ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։ Ակնկալվում է, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը` դրանով իսկ վերահսկելով մանկական մահացությունը և նպաստելով վերջինիս կայուն նվազեցմանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930