«Մինչև 2001 թ. Հայաստանում ֆիզիկական անձանց և բուժաշխատողների լիցենզավորում էր տեղի ունենում, սակայն գործընթացը որոշակի պատճառներով կասեցվեց: Երկար ժամանակ չկար, հետո որոշեցին բուժաշխատողների կառավարչական որոշակի փոփոխություններ իրականացնել, և 2015-16 թթ. մշակվեցին իրավական ակտեր, որոնք վերաբերում էին բուժաշխատողների հավաստագրմանը: Այժմ բուժաշխատողներին վերաբերվող ռեֆորմն էլ ավելի է խորացել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Նրա խոսքով, Հայաստանում բուժաշխատողի մասնագիտական գործունեության թույլտվությունը համարվելու է անհատական լիցենզիան, որը ստանալու համար բուժաշխատողը պետք է անցնի կենտրոնացված քննություն, որի հարցաշարերը հասանելի կլինեն նոյեմբեր ամսին: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն հաստատվել են կենտրոնացված քննական հանձնաժողովների կազմերը։
«2027 թվականի հունվարից պատրաստ ենք լինելու քննությունների անցկացմանը։ Շուրջ 20 հազար ավագ բուժաշխատող ու դեղագետ պետք է քննություն հանձնեն»,- հավելեց Ալեքսանդր Բազարչյանը: Նա հորդորեց բժիշկներին մինչև տարեվերջ քննությունների համար գրանցվել բուժաշխատողների ռեգիստրի միջոցով:
Կարդացեք նաև
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ քննությունները լինելու են առցանց, յուրաքանչյուր թեստ բաղկացած կլինի 30 հարցից, ու ամեն թեստի համար կտրամադրվի 60 րոպե ժամանակ: Նրա խոսքով, բժիշկները 3 անգամ քննություն հանձնելու հնարավորություն կունենան:
Կենտրոնացված քննությունը հաջող հանձնելուց հետո բուժաշխատողը պետք է ներկայացնի լիցենզավորման հայտ, ապա օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը բուժաշխատողների ռեգիստր մուտքագրելուց հետո հնարավորություն կունենա ստանալու անհատական լիցենզիա։
Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը բժիշկները, դեղագետները պետք է հանձնած լինեն քննությունները։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































