Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպան եւ մենք». Քո հանճարը՝ իմ բանջարին…

Սեպտեմբեր 15,2014 17:30

«Ռեսանտիմենտը»՝ որպես պատմության եւ քաղաքականության շարժիչ ուժ

Ֆրանսերեն «ressentiment» բառը, որն այլ լեզուներում արտասանվում է որպես «ռեսանտիմենտ», բառացիորեն թարգմանվում է որպես «ցասում», «հիշաչարություն», «չարացած վիճակ»: Այդ հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն իր աշխատության մեջ, որը հատկանշական անուն ուներ՝ «Ստրուկների ապստամբություն»: Ռեսանտիմենտը սովորական չարություն չէ, այլ անզոր ատելություն, նախանձ, հոգու խորքում փայփայած հաշվեհարդարի, վրեժխնդրության ձգտում: Մաքս Շելերը, որը զարգացրել է Նիցշեի տեսությունները, ռեսանտիմենտը բնութագրում է որպես «հոգու ինքնաթունավորում»: Բնական է, որ 20-21-րդ դարերում այդ եզրը լայնորեն կիրառվում է փիլիսոփայական, սոցիոլոգիական եւ հոգեբանական հետազոտություններում:

Հասարակական կյանքում ռեսանտիմենտը առավել ցայտուն հանդես է գալիս այն հասարակարգերում, որոնք «պաշտոնապես» հայտարարում են մարդկանց իրավահավասարության մասին: Այնտեղ, որտեղ այդ «հայտարարությունը» չկա, ավելի թույլ է արտահայտվում ատելությունն այն մարդու նկատմամբ, որն ունի ավելի բարձր կարգավիճակ, ավելի մեծ իշխանություն, ավելի շատ փող: Օրինակ՝ Հնդկաստանում, որտեղ հասարակությունն ավանդաբար բաժանված է «կաստաների», ավելի ցածր խավի ներկայացուցիչը չի փորձում (ավելի ճիշտ կլիներ հավանաբար ասել՝ չէր փորձում) համեմատվել ավելի բարձրերի հետ: Այդ մշակույթի մոդիֆիկացված դրսեւորումներն առ այսօր առկա են ասիական մի շարք հասարակություններում: Ամեն մեկն իր գործն է անում բնության եւ Աստծո կողմից նախատեսված տեղում՝ «քո հանճարը իմ բանջարին վնաս չէ»:
Այդպես էր նաեւ Եվրոպայում մինչեւ 13-րդ դարը՝ մինչեւ շուկայական հարաբերությունների սրընթաց զարգացումը. միջնադարյան գյուղացին իրեն չէր համեմատում ասպետի հետ, վանականը՝ արհեստավորի հետ: Երբ այդ պատնեշները փշրվում են, այդ դեպքում ահա սկսվում է «ազատ մրցակցությունը», որի բաղադրիչներն են «սպիտակ նախանձը», երբ մի մարդը մյուսի մոտ տեսնում է այն, ինչ ինքն է ուզում ունենալ, եւ միջոցներ է ձեռնարկում դա նույնպես ունենալու, եւ «սեւ նախանձը», երբ մրցակցելու փորձեր չեն արվում, կամ այդ փորձերը տապալվում են, ու մնում է միայն առավել հաջողակ «թշնամուց» վրեժ լուծելու կամ նույնիսկ ոչնչացնելու ցանկությունը:

Ընդ որում, երբ ռեսանտիմենտային զգացմունքները բավարարվում են հեղափոխությունների, հարուստների կալվածքները վառելու եւ թագավորներին գլխատելու միջոցով, այդ զգացմունքները չեն վերանում եւ նոր թիրախներ են փնտրում: Եվրոպայի մի քանի դարերի պատմությունը տալիս է դրա բազմաթիվ օրինակները: Շատ հեռու չգնալու համար հիշենք, որ ռուս բոլշեւիկները, վերացնելով «շահագործող դասակարգը» եւ նրա կողմնակիցներին, դրանով չսահմանափակվեցին եւ դեռ երկու տասնամյակ ոչնչացնում էին նրանց, ում համարում էին «հին կարգերի վերապրուկներ»՝ առաջին հերթին, իհարկե, մտավորականությանը: Վերջինս էլ նույն՝ ռեսանտիմենտային զգացմունքներն ունի իրենց կոտորած խորհրդային իշխանության հանդեպ եւ իր՝ յուրահատուկ վրեժն էր լուծում 1990-ականներին եւ շարունակում է դա անել առայսօր՝ հարձակվելով նույնիսկ այն բաների վրա, որոնք խորհրդային 70 տարիներին դրական էին:

Այսպիսով՝ 13-րդ դարից հետո եվրոպական հասարակություններում մարդը կորցնում է «չափման» միավորները, նրա մեջ մշտապես հարց է առաջանում՝ «ինչը ինչի հետ համեմատել»: Մենք դժվարանում ենք որոշել մեր պատկանելությունը այս կամ այն խմբին, փոխաբերական իմաստով ասած՝ մենք «քաղաքացի՞ ենք», թե՞ «գեղականցի», մենք «խսի՞ր ենք գործում», թե՞ «ընտիր գորգեր»: Իսկ այդ պայմաններում անխուսափելի է սեփական շրջանակներից դուրս գալը եւ ուրիշներին՝ ավելի հաջողակներին, ավելի ուժեղներին փնտրելը: Իսկ դրա հնարավոր հետեւանքն է անզորության, չարության եւ հուսահատության զգացումը: Երբեմն այդ զգացմունքները փոխհատուցվում են այլ ոլորտներում «հաջողությունների» արձանագրմամբ, օրինակ՝ «մենք վատ ենք ապրում, բայց փոխարենը 2000 տարվա թատրոն ունենք»:

Ռեսանտիմենտը, ինչպես տեսնում ենք, հատուկ է անհատներին, խմբերին, դասակարգերին, ազգերին: Պարզ է, որ քաղաքական գործիչները միշտ էլ շահագործել են այդ զգացմունքները: Օրինակ՝ Ռուսաստանի ներկայիս իշխանությունները տեսնում են, որ բնակչության մեծ մասը չարացած է Արեւմուտքի հանդեպ, որի հետ իրենց երկիրը բարեկեցության եւ արտադրության մրցույթում հերթական անգամ պարտվել է: «Ոչինչ,- ասում են Կրեմլում,- մերն ուրիշ է, մեր ճանապարհն ուրույն է, հոգեւոր է, մենք տարբերվում ենք այդ փչացած Արեւմուտքից: Մենք, փոխարենը, հողեր ենք գրավում»: Նույնատիպ զգացմունքները 20 տարի շահագործում է ընդդիմությունը հետխորհրդային երկրներում. «Տեսնո՞ւմ ես այն «Տ» կլասի «Մերսեդեսի» տիրոջը: Նա գող-ավազակ է, այդ «Մերսեդեսը» գնել է քեզ թալանելով: Երբ մենք գանք իշխանության, նրա փողերը կխլենք եւ քեզ 10 հատ «Մերսեդես» կնվիրենք: Ուրեմն՝ վերցրու եղանները եւ հեղափոխություն արա»:

Ինչպե՞ս է հաղթահարվում ռեսանտիմենտը: Եթե հակիրճ ձեւակերպենք, ապա անհատական մակարդակով հոգեբաններն առաջարկում են հետեւյալ ճանապարհը. մարդը պետք է «ինքն իրեն հավասար դառնա», ինքն իրեն ընկալի ադեկվատ՝ ոչ ավել, ոչ պակաս: Այդ դեպքում համեմատությունները կնահանջեն երկրորդ պլան, եւ մարդը կգնահատի իր անգնահատելի էությունը: Գուցե դա ո՞չ միայն անհատի ճանապարհն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ձեր վերաբերմունքը Ռուսաստանի և նրա քաղաքականության հանդեպ, որը կարմիր թելի պես անցնում է բոլոր այն հոդվածներում, որտեղ կարելի է թեկուզ ակնարկով անցում կատարել այդ թեմային, ես դժվարանում եմ ռեսենտիմենտ կոչել: Բայց այդ դեպքում ինչո՞վ դա բացատրել….
    Չնայած ինչով էլ դա պայմանավորված լինի և ինչ գիտական տերմինով էլ որակվի, դա էլ է պետք հաղթահարել…

  2. Արսեն says:

    Ressentiment – Fait de se souvenir avec aigreur de quelque chose ou désir de se venger d’un tort, d’une injustice.
    Ուշադրութուն դարձրեք ou-ին։ Կարդալով հոդվածը՝ սկսեցի կասկածել, որ ou-ից հետո եկող մասը Նիցշեն է մտցրել …
    Ւնչպես ասենք կոմունիստները լրիվ փոխել են ՊԻՈՆԵՐ բառի իմաստը… ըստ որում՝ հայերենով աբսուրդ է ստտացվել..))).. ըստ հայերենի կառուցվածքի դա ՊԻՈ(Ն)՝ գոյականի հոգնակին է…))).. ։
    Ա. Աբրահանյանին առաջարկում եմ՝ մի հոդվածով մեզ բացատրել, թե որն էր ՊԻՈ(Ն) բառի իմաստը գրաբար հայերենով…)))…
    Դատելով ressentiment բառի վրա գրված հոդվածից ..))).. դա նրան կհաջողվի…)))…

    • Արսեն says:

      Իմիջայլոց. ՊԻՈՆ (pion) բառը ֆրանսերում նշանակում է՝

      1. Aux échecs, nom des huit petites pièces qui se
      placent, au commencement de la partie, sur la ligne antérieure.- Շախմատում՝ ութ փոքր ֆիգուրները, որոնք խաղի սկզբում դրվում են արտաքին գծի վրա (հայերենում՝ զինվորներ…))))…)։

      2. Personne, élément qui ne joue qu’un rôle minime,
      qui est manipulé, dont on dispose arbitrairement.- Մարդ, էլեմենտ, որը խաղում է աննշան դեր, որը ենթարկվում է մանիպուլիացիայի, որին մենք տնօրինում ենք՝ ըստ մեր հայեցողության…

      Հետևաբար՝ ՊԻՈ(Ն)ԵՐ, գրաբար հայերենով նշանակել է՝ աննշան մարդիկ, որոնց օգտագրործել են իշխանության կրողները և զոհաբերել են ըստ իրենց հայեցողության՝ հասարակական հարաբերություններում գերիշխանություն ունենալու (կամ պահպանելու) նպատակով …))))…
      Ոնց որ թե ՊԻՈՆԵՐ բառի վերաբերյալ հոդվածը գրեցի-տվեցի «Առավոտ» թերթին…))))… Սպասում եմ հոնարարի…)))…

      Honoraires – Rétribution des personnes exerçant des professions libérales ; émoluments….))))))…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930