Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանությունը դառնում է վտանգավոր

Սեպտեմբեր 27,2014 14:30

Ըստ իրավապաշտպան գրասենյակի. «Հավաքների ընթացքում ոստիկանները շարունակում են հղում կատարել ենթադրյալ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը՝ խաղաղ հավաքների երթուղու եւ տեւողության հաշվին: Ոստիկանության՝ հավաքների ազատության իրավունքի իրացումն ապահովելու դժկամությունն արտացոլում է այն հանգամանքը, որ ոստիկանությունը կտրականապես հրաժարվում է տրամադրել երկարաժամկետ ցույցերի համար նվազագույն հարմարանքներ, օրինակ՝ վրաններ»:

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը ներկայացրեց իրավապաշտպանության վիճակը Հայաստանում եւ նույնանուն զեկույցը, որը վերաբերում էր 2013թ.-ին:
Իրավապաշտպան կազմակերպությունը հանդես էր եկել մի շարք առաջարկներով:
Մասնավորապես, ապահովել իրավապաշտպանների պաշտպանությունը, հատկապես նրանց, ովքեր պաշտպանում են խոցելի խմբերի, թիրախայինների իրավունքները:
Արթուր Սաքունցն առաջարկեց վերանայել «Փաստաբանների գործունեության մասին» օրենքը, ապահովելով, որպեսզի փաստաբան չհանդիսացող անձինք հնարավորություն ունենան մարդու իրավունքների խախտումներից տուժողների շահերը ներկայացնել դատարաններում:

Առաջարկներից մեկը վերաբերում էր իրավապաշտպանների դեմ զրպարտության եւ վարկաբեկման դեպքերով արդյունավետ քննության հարցին:

Առաջարկվում էր նման գործերով քննությունն անցկացվեն անկախ մարմնի կողմից:
2013թ.-ին գրանցվել է 54 դեպք, որոնց մասին առանձին- առանձին անդրադարձել են զեկույցի հեղինակները: Նշյալ դեպքերի մեջ տեղ էր գտել 2013թ. փետրվարի 5-ի Խաղաղության թեմայով Վանաձորում դասընթացը ուսուցիչների համար: Պարզվել էր, որ Լոռու մարզային ղեկավարությունը հրահանգ է իջեցրել դպրոցների տնօրինությանը, որպեսզի ուսուցիչներին թույլ չտրվի մասնակցել դասընթացներին:
Այդ միջոցառումը կազմակերպվել էր Թուրքիայի Հելսինկյան նույնանուն գրասենյակի հետ:
Aravot.am-ի լրագրող Նունե Արեւշատյանի եւ asparez.am-ի լրագրող Մարինե Պետրոսյանի հետ կատարվածը նույնպես տեղ էր գտել ամփոփիչ զեկույցում:
Լրագրողները՝ Գյումրի քաղաքի 35/22 տեղամասում ընտրությունները լուսաբանելու ժամանակ, նկատել են ընտրատեղամասին մոտ մի քանի մեքենա: Մեքենայից ընտրակաշառք են բաժանել:

Երբ սկսել են լուսանկարել, նրանց սպառնացել էին, թե՝ «կկտրեն նրանց վիզը», եթե համարձակվեն նկարահանել ընտրատարածքում գտնվող մարդկանց եւ ընտրախախտումները:

Հիշեցնենք, որ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվել էր միջադեպի կապակցությամբ ստացված հաղորդումը, սակայն քրեական գործ չէր հարուցվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ընտրությունների հետ կապված զեկույցի հեղինակներն անդրադարձել էին լրագրողներ՝ aravot.am-ի մեր գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանի, Մարինե Խառատյանի՝ 1-in. am, Գայանե Սարիբեկյանի՝ «Հրապարակ», Մարինե Մարտիրոսյանի՝ 168 am՝ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած սպառնալիքներին:

«Վրաններ» պայմանական անունը կրող դեպքի հետ կապված՝ իրավապաշտպան կառույցը հիշեցնում է, որ 2013թ. օգոստոսի 1-ին ոստիկանները բռնությամբ երեք վրան են առգրավել ակտիվիստներից, ովքեր փորձել էին դրանք տեղադրել Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ մասնակիցների համար:

Վրաններից 2-ը վերադարձվել էր ակտիվիստ Անի Կաղինյանին, մյուսը, որը պատկանում էր Արգիշտի Կիվիրյանին, չի վերադարձվել:

Գլխավոր դատախազը քրեական գործ էր հարուցել վրաններն առգրաված ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու եւ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ:

Անշուշտ, չէին մոռացվել նաեւ անցյալ տարվա նոյեմբերի 5-ի զարգացումները, երբ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները Ազատության հրապարակից տարվեցին մեկուսարաններ, նրանց նկատմամբ հարուցվեց քրեական գործ:
54 դեպքից ընտրական իրավունքին առնչվել է 5, հավաքների եւ միավորումների ազատությանը՝ 26, տեղեկատվության ազատությանը՝ 3, ազատ տեղաշարժվելու իրավունքին՝ 6, խոսքի արտահայտման ազատությանը՝ 16, խտրականությունից զերծ մնալու՝ 12, արդար դատաքննության իրավունքին ՝ 32 դեպք:

Կյանքի իրավունքին առնչվող 10 դեպք էր գրանցվել, ազատության եւ անձեռնմխելիության իրավունքին՝ 24 դեպք:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, պահանջը իրավաչափ է, սակայն ոստիկանության վարքագիծը մնացել է անփոփոխ:

Ինչ վերաբերում է խտրականությունն արգելող օրենքներին, ապա իրավապաշտպան գրասենյակն արձանագրել էր, որ անցյալ տարի ոստիկանությունը հանդես է եկել վարչական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով, պատասխանատվություն նախատեսելով «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար»:

Իրավապաշտպանները համոզված են, որ միայն անցյալ տարի իրենց նկատմամբ արձանագրված խախտումները կարող են հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն իրավապաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի համար, այլ հավաքների, ազատությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի համար:

Զեկույցը պետք է հետաքրքրի նաեւ Հայաստանի իշխանություններին, Մարդու իրավունքների պաշտպանին, ովքեր պատասխանատու են իրավապաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների համար:

«Չի մոռացվել» նաեւ Արթուր Սաքունցը: «Հայերին տրամադրվող դրամաշնորհներ» տեսանյութը, որը տեղ էր գտել youtube-ում, տարածվել էր համացանցում, եւ ակնարկվել էր այն մասին, թե կազմակերպությունը մեծ գումարներ է ստացել «օտարերկրյա դոնորներին ծառայելու համար»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930