Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Պետք է նաև ծառ տնկել…»

Սեպտեմբեր 27,2014 17:50
Tatul Manaseryan

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գրառել է ֆեյսբուքյան իր էջում. «Պետք է նաև ծառ տնկել… ու երկար, շատ երկար սպասել, որ այն պտուղ տա: Երբեմն նաև՝ 17-18 տարի ու ամեն օր ջրել, խնամել ծառը, որ երկար սպասված պտուղը հասնի: Ռուսներն ասում են. “Гора родила мышь”. Գրեթե երկու տասնամյակ Հայաստանի իրար փոխարինող բոլոր կառավարություններին փորձել եմ համոզել, որ սահմանապահ գյուղերն ազատեն հարկերից, որ դրանք հռչակվեն Հերոս-գյուղեր և օրենքով ամրագրվի դրանց կարգավիճակը՝ որպես Ազատ տնտեսական գոտիներ /վկան՝ երեք մենագրություններ և տասնյակ հոդվածներ ու հարցազրույցներ/: Հարկայինի պատասխանատուներն ասում էին՝ առանց այն էլ փոքր երկիր է, ու՞ր մասնատենք, վարչապետերն ասում էին՝ այնտեղ բիզնես կգրանցեն, Երևանում կաշխատեն ու առիթից օգտվողներ կլինեն: Ստիպված եղա Օրենքի նախագիծ մշակել ուր ասվում է. ՛՛հարկային արտոնություններից օգտվում են այդ գյուղերում գրանցված և ԳՈՐԾՈՂ ընկերություններն ու անհատ ձեռներեցները՛՛: Իսկ դա հարկային մարմինները կարող են հեշտությամբ վերահսկել:

Նախ՝ սահմանամերձ գրեթե ոչ մի գյուղ ի վիճակի չէ պահանջվող չափով հարկեր ու տուրքեր մուծել պետական բյուջե: Ավելին, դրանք բոլորն էլ ՛՛նստած են՛՛ պետբյուջեի վրա՝ դոտացիաներ, սուբսիդիաներ և սուբվենցիաներ ստանալով: Մարդկանց արտագաղթը սկսվում է հենց այդ գյուղերից. սկզբից տեղի է ունենում ուրբանիզացիա կոչվածը՝ գյուղից մեկնում են քաղաք, իսկ հետո այնտեղ էլ չինտեգրվելով և աշխատանք չգտնելով, արտագաղթում:

Պարզվում է՝ գրչի մի շարժումով, ՀՀ Կառավարության մի որոշմամբ ու վարչապետի ստորագրությամբ կարելի է կյանքի կոչել այն, ինչ արդյունքում գյուղացին կմնա գյուղում, նրա նախկին համագյուղացին, որ արտագաղթել է, որոշ գումար վաստակած, կվերադառնա՝ ներդրում անելու: Եթե մի բան ստացվի, փոքր, խոշոր ու միջին բիզնեսներն էլ շահագրգռված կլինեն /հարկային արտոնություններ ստանալու համար/ ինչ-որ գործ ձեռնարկել: Երբ աշխատատեղեր ստեղծվեն, բանակն ամուր թիկունք կունենա, պետական բյուջեից ավելի քիչ գումարներ կվատնվեն, կկանխվի պետությանն ու ժողովրդին կազմալուծող արտագաղթը, կկրճատվի համայնքների զարգացման անհամաչափությունը… Էլ ի՞նչ ենք ուզում:
Ինչևէ, փառք Տիրոջ, կառավարության արդեն ՛՛քառակուսի՛՛ թվացող անիվը սկսեց պտտվել: Հիմա մտածում եմ, իսկ ձեր խոնարհ ծառայի կողմից մշակված ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ մյուս առաջարկները կամ իմ մյուս գործընկերների խորհուրդները ե՞րբ կյանքի կկոչվեն: Հուսով եմ՝ ավելի արագ, քան այս մեկը:
Ուզում եմ շարունակել լավատես մնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930