«Նախևառաջ, պետությունը չի կարող կողքից ուղղակի դիտողի դերում լինել և միայն այդպիսի հրահանգներ իջեցնել։ Պետությունը, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ ՀՀ-ում ունի և′ կարգավորիչ, և′ վերահսկիչ գործառույթ։ Բայց նման հայտարարություններ անում է, երբ վերահսկողության արդյունքում հստակ փաստեր է ունենում։ Իսկ ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ են իրականացրել նման վերահսկողություն ձկնարդյունաբերության մեջ։ Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ կան նման խնդիրներ, և դրանք պետք է լուծել»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ, խոսելով ձկնարտադրության ոլորտի խնդիրների մասին, նշել էր, որ դրանք բազում են, և ինքը վաղուց աճեցրած ձուկ չի ուտում, այսպես արձագանքեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա՝ կա նաև մեկ այլ պատասխանատվություն, որն ունի պետությունը․ արտահանման խթանման մեջ անպայման պետք է աջակցություն ցուցաբերի․ «Չկա այդպիսի երկիր, որ իր տեղական արտադրողներին նոր շուկաներ մտնելու համար աջակցություն չցուցաբերի, այդ աջակցությունը կարող է լինել և′ տեխնիկական չափորոշիչներին համապատասխանեցնելու առումով օգնելը, և′ նաև ֆինանսական աջակցությունը և այլն»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա… Որովհետև նախ պատահում է անբնական, ինչ-որ, ճարպ՝ ձկան հետ առնչվում ես, տենում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ-որ, տարօրինակ և անտրամաբանական: Ասենք, սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք: Եվ մենք, այո, Հայաստանի ներսում էս սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ ձկնարտադրության ոլորտին ուղղված հայտարարությունը չի՞ վնասում հայ ձկնարտադրողներին՝ նոր շուկաներ մտնելու համար, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց․ «Իհարկե, վնասում է, որովհետև որևէ պետություն այդպես չի բարձրաձայնում, որ իր արտադրողները շատ վատ որակի արտադրանք ունեն։ Դա ուղղակի անթույլատրելի է և տնտեսական դիվանագիտության շրջանակներում բացարձակ չի տեղավորվում»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում նման հայտարարությունների նպատակը ո՞րն է, նա պատասխանեց․ «Դա պետք է հարցնեք վերջին ութ տարիներին ՀՀ տնտեսությանը լուրջ վնասներ հասցրած կառավարությանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































