Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրումների համար Հայաստանը ռիսկային դաշտ կհամարվի»

Փետրվար 02,2015 18:25

Ընթացիկ տարում Հայաստանում սպասվող ռեցեսիան, այսինքն` բացասական միտումները պայմանավորված են նաեւ մեր երկրի` ԵՏՄ անդամ դառնալու հանգամանքով: Արձագանքելով Fitch վարկանիշային կազմակերպության գնահատականներին` Aravot.am-ի հետ զրույցում ասում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Պարոն Եղիազարյանը, հիշեցնելով վերջերս հրապարակված Moody’s վարկանիշային գործակալության բացասական կանխատեսումները մեր երկրի վերաբերյալ ասաց. «Fitch-ի գնահատականներում ռազմական եւ քաղաքական երանգ էլ կա: Օրինակ` պատճառը, որ Հայաստանում սպասվում է ռեցեսիա, կապվում է նաեւ Ռուսաստանից կախվածության հետ, մասնավորապես` մի քանի գործոններ են նշվում` այդ թվում մասնավոր տրանսֆերտները, որոնք կրճատվել են: Շատ կարեւոր պահ եմ համարում, որ այդ բացասական միտումները պայմանավորած են Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալով, ինչի արդյունքում սահմանափակվել են Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական հնարավորությունները»:

Այն որ Fitch-ն այս անգամ անվտանգության գործոնն էլ է շեշտում, տնտեսագետի մեկնաբանմամբ, պատճառն այն է, որ Հայաստանի անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, ինչը, Աշոտ Եղիազարյանի կարծիքով, նույնպես, բացասաբար է անդրադառնալու երկրի վարկանիշների վրա. «Ռուսաստանում բացասական միտումները կշարունակվեն, իսկ Հայաստանը, կախված լինելով Ռուսաստանից, նույնպես, կունենա բացասական արդյունք: Եթե ներդրողները փախչում են Ռուսաստանից, գումարները հանում են, ապա նույնը կկատարվի մեզ մոտ, քանի որ Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող ծայրամասային երկրներից է: Ներդրումների համար Հայաստանը ռիսկային դաշտ կհամարվի: Ռուսաստանի դեմ սանկցիաներ են կիրառվում, միջազգային մեկուսացման մեջ է, այդ բոլոր խոչընդոտ են, բացի այդ, ներդրումներ չեն անի մի երկրում, որտեղ անվտանգ չէ, ներդրումների համար շատ կարեւոր է, որ երկիրը ստաբիլ լինի եւ անվտանգ»:

Նշենք, որ Fitch-ը իջեցրել է  Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728