Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նետաձիգներն ի զորու են պայքարել օլիմպիական ուղեգրերի համար

Փետրվար 04,2015 13:00

Հայաստանի նետաձգության ֆեդերացիան մրցաշրջան 2015-ում իր առջեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու հավակնոտ նպատակներ է դրել:
«Առավոտը» զրուցել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի հետ:

– Պարոն Վասիլյան: Դուք որպես գլխավոր մարզիչ տեսնո՞ւմ եք այդպիսի նետաձիգների:

– Այս տարին այդ առումով մեզ համար շատ դժվար ու պատասխանատու է: Չէի ասի, թե մարզիկների հնարավորությունները շատ մեծ են, բայց ունենք նետաձիգներ, որոնց հետ եթե պլանավորված աշխատենք, կարող ենք այս տարի աշխարհի եւ եկող տարի Եվրոպայի առաջնություններում տղամարդկանց թիմային եւ անհատական, իսկ աղջիկների համար՝ միայն անհատական ուղեգրերի համար պայքարել: Այդ պայքարում տեսնում եմ միջազգային կարգի սպորտի վարպետ Վասիլ Շահնազարյանին, սպորտի վարպետներ Դավիթ Խաչատրյանին եւ Գեւորգ Հազարումյանին, ինչպես նաեւ բանակից նոր վերադարձած Արամայիս Ապրեսյանին: Մի մարզիկ էլ ունենք, որը նոր է զորակոչվել: Այ, նրա համար դժվարանում եմ ասել, որ կհասցնենք պատշաճ կերպով պատրաստել: Աղջիկներից համեմատաբար ուժեղ են Գոհար Շահնազարյանը եւ Նունե Վասիլյանը: Այս պահի դրությամբ երրորդը չկա, որպեսզի աղջիկների թիմային ուղեգրի մասին էլ մտածենք: Ցավոք, մեր լավագույն աղջիկը հեռացել է մեծ սպորտից:

– Շատ հակիրճ խոսեք այս տարի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերի մասին, քանի որ անցած տարի Երեւանում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ նետաձիգներից Գոհար Շահնազարյանը ուղեգիր նվաճեց:

– Այո: Դա Հայաստանի միակ անհատական ուղեգիրն է: Հիմա պատրաստվում ենք մասնակցել Հունաստանում կայանալիք Եվրոպայի գավաթին նաեւ թիմային ուղեգիր նվաճելու համար:

– Դուք մեկնելո՞ւ եք Բաքու:

– Չգիտեմ: Դա պետության որոշելիքն է: Ինչպես կորոշեն, այնպես էլ կանենք: Բայց ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ պարտավոր եմ իմ գործն անել: Մնացածը պետության որոշելիքն է:

– Վերադառնանք ամառային օլիմպիական խաղերին: Աշխարհի այս տարվա ու Եվրոպայի եկող տարվա առաջնություններում մինչեւ ո՞ր տեղերն են վարկանիշ տալիս:

– Այս պահի դրությամբ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դեռ վերջնականապես հստակեցված չէ: Համենայն դեպս, մենք պաշտոնական նամակ դեռ չենք ստացել: Մի բան է հաստատ: Թիմային եւ անհատական պայքարում ուղեգրերի հիմնական մասը խաղարկվում է աշխարհի առաջնությունում: Դրա համար էլ ես ավելի շատ աշխատում եմ աշխարհի առաջնության վրա:

– Բացի վարկանիշայիններից 2015 թվականին էլ ի՞նչ կարեւոր մրցումների պետք է մասնակցեք:

– Միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանով գրեթե ամեն ամիս մեր մարզաձեւում կարեւոր միջազգային մեկնարկներ կան: Մեր ֆեդերացիայի ֆինանսների սղության պատճառով դրանցից ընտրել ենք մի քանիսը: Բայց տեսնենք, թե դրանցից քանիսի՞ն կկարողանանք մասնակցել: Դրանք են. Եվրոպայի ձմեռային առաջնությունը Սլովենիայում՝ փետրվարին, Եվրոպայի գավաթի փուլը Հունաստանում՝ մարտին, Աշխարհի գավաթը Թուրքիայում՝ մայիսին, Աշխարհի գավաթի եւս մի փուլ Լեհաստանում՝ հունիսին, Աշխարհի առաջնությունը Դանիայում՝ հուլիսին, Եվրոպական խաղերը՝ Բաքվում՝ օգոստոսին, միջազգային մրցաշար Բաթումում՝ սեպտեմբերին եւ «Հայկի նետերը»՝ Երեւանում:

– Ցանկացած լուրջ նպատակի հասնելու համար պետք է ամուր հիմք ունենալ եւ նախապատրաստական լուրջ աշխատանք անցնել: Ուսումնամարզական հավաքները որտե՞ղ եւ ինչպե՞ս եք կատարում:

– Արդեն ասացի, որ ֆեդերացիայի բյուջեն շատ սուղ է: Այնքան սուղ, որ միջազգային մեկ մրցման 5-6 մարզիկ գործուղելու դեպքում, ընդհանուր գումարի գրեթե կեսը ծախսվում է: Ուսումնամարզական բոլոր հավաքների հոգսը ֆեդերացիայի ուսերին է:Այդուհանդերձ, մեր ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը կարողանում է ճիշտ լուծումներ գտնել եւ գլխավոր խնդիրները կարգավորել: Նրա առաջարկով կոլեգիան որոշել է կարեւորագույն մրցումներին նախապատրաստվել ԲԿՄԱ-ի եւ ձիարշավարանի տարածքում գտնվող մեր նետաձգարանի բազայում, որտեղ կա եւ հյուրանոց, եւ լավ սնունդ է մատուցվում մարզիկներին, եւ մարզումային պայմաններ են ապահովվում: Այս տարի նետաձգարանի այն հատվածը, որտեղից մարզիկները «կրակում են», ծածկվել եւ տաքացվում է: Դրա շնորհիվ արդեն երկու ամիս մեր նետաձիգները բացօթյա մարզվում են: Դա մեծ աջակցություն է մեզ: Առաջ մինչեւ մարտի սկիզբը չէինք մարզվում, իսկ հիմա մարտ ամսին հավաքականն արդեն մասնակցելու է միջազգային մրցման:

Մեր միակ խնդիրը, թերեւս, միջազգային մրցումների քիչ մասնակցելն է, որի հնարավորությունը, կրկնում եմ, չկա: Մինչդեռ ուժեղ մրցակիցների հետ պայքարելն է արդյունքները բարձրացնելու եւ առաջընթացի գրավականը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728