Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Անցած տարի դեկտեմբերին ստացել եմ 26 միլիոն դրամ պարգեւավճար, որից 20 միլիոնը արդեն ծախսել եմ ծանրամարտի վրա»

Ապրիլ 30,2024 23:10

Պատասխանելով հարցին, թե մարզումներն ինչպես է կազմակերպում, եթե սպորտի պետական կառույցի հետ արդյունավետ համագործակցության վիճակը վատ է, ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ասաց. «Ես դեկտեմբեր ամսին Եվրոպայի, աշխարհի առաջնություններից հետո ստացել եմ 26 միլիոն դրամ պարգեւատրում։ Դա պետականորեն որոշված, օրինական բան է, որից արդեն ծախսել եմ 20 միլիոնը դրանց վրա։ Մնացել է 6-ը։ Գուցե, թույլ տան’ ես հեռանամ, որովհետեւ եթե մնացի, կծախսեմ։ Ահա, թե ինչքան տխուր է վիճակը։

Սրանցից առաջ մի նախարար կար։ Անունը կհիշեք։  Նախորդ օլիմպիական խաղերի տարվա մայիս ամիսն էր։ Երբ լրագրողները հանդիպման ժամանակ հարցրին. ինչ եք մտածում, օլիմպիական խաղերի ինչպիսի պատրաստություն են մարզիկներն անցնում, հարցրեց, թե երբ է լինելու օլիմպիական խաղերը։ Մարդ է, կարող էր չիմանալ։ Ասացին հուլիսի 20-ից հետո։ Պատասխանեց, թե 25 օր դեռ կա, ինչ եք շտապում։ Հասկանո՞ւմ եք, խոսքը օլիմպիական խաղերին պատրաստվելու մասին էր։  Հայկական սպորտը գնում է կործանման»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը եւ հայտարարեց, որ այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ այս օլիմպիական խաղերից հետո գնա այլ պետություն աշխատելու։

«Գլխավոր մարզիչ աշխատելու մի քանի առաջարկներ ունեմ այլ պետություններից, այդ թվում նաեւ Չինաստանից, որը ծանրամարտի ամենահզոր պետությունն է։ Նրանք զարմացած են, թե ոնց կարող է մարզիչը մրցավայր բերի թիմ եւ յուրաքանչյուրի համար մտածի մեդալ վերցնելու մասին։ Ի դեպ, մենք անցած տարի միավորների քանակով առաջ անցանք Չինաստանից»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը, որի ղեկավարած հավաքականը մրցաշրջան 2023-ում Հայաստանի համար վաստակել է ընդհանուր առմամբ 143 մեդալ։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930