Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ՀԷԿ-երը կունենան իրենց «կանաչ» անձնագրերը

Փետրվար 05,2015 15:01

Հայաստանում գետերի վրա կառուցվող փոքր ՀԷկ-երի հետ կապված խնդիրները բազմազան են եւ ոլորտը կանոնակարգման խիստ կարիք ունի: Այս իսկ պատճառով «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ մի ծրագիր է իրականացնում, որի արդյունքում Հայաստանի 47 գետերի վրա կառուցված 100 ՀԷԿ-երն ունենալու են իրենց «կանաչ» անձնագրերը: Այս տեղեկությունն այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:

Անձնագրերում հիմնականում ընդգրկված է լինելու ՀԷԿ-երին վերաբերող բնապահպանական, հիդրոէկոլոգիական, սոցիալական, իրավական եւ տեխնիկական խնդիրների մասին ինֆորմացիա. «Էկոանձնագրերի նպատակը կայանում է նրանում, որ ոչ թե առանձին վերցրած, այլ ամբողջ համակարգով ունենանք տվյալների բազա վերոնշյալ հարցերի ուղղությամբ՝ խնդիրները կարգավորելու ժամանակ նյութեր ունենալու համար»:

«ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ասուլիսին ներկայացրեց փոքր ՀԷԿ-երի խնդիրներից ամենակարեւորները. «Ուսումնասիրված է փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը հենց այն գոտիներում, որտեղ նրանք կառուցվում են: Մյուս խնդիրը վերաբերում է նրան, որ չկա պատշաճ մոնիթորինգի կարգ, այսինքն՝ տեսչությունը հասարակությունից առանձին է աշխատում, որն էլ հանգեցնում է բիզնեսի կողմից բազմաթիվ խախտումների»:

Տիկին Զարաֆյանի խոսքով՝ կան բազմաթիվ գետեր, որոնք ծանրաբեռնված են փոքր ՀԷԿ-երով, իսկ գետային համակարգը սկսում է կամաց-կամաց մահանալ: Օրինակ է բերում Եղեգիս գետը, որի վրա ամեն 200 մետրը մեկ ՀԷԿ-եր են կառուցված. «Նաեւ առկա է կենսաբազմազանության պահպանման խնդիրը: Որքան էլ ասեն, թե Սեւանում են մեր ձկնային պաշարները, պետք է չմոռանանք, որ ձկնային պաշարներ կան նաեւ գետերում»:

ՀՀ բնապահպանության նախարարության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանն էլ պատմեց, որ ծրագրի մեկնարկի հիմք են հանդիսացել 2014 թվականին փոքր ՀԷԿ-երի խնդիրների վերհանման համար կատարված ստուգումները. «Մենք ունեինք բազմաթիվ բողոքներ, ահազանգեր: Մեր ուսումնասիրություններն էլ արձանագրեցին լուրջ թերություններ ՀԷԿ-երի կառուցման, շահագործման ընթացքում՝ նախագծային շեղումներ, ջրային ռեսուրսների կառավարման բարձիթողի վիճակ, որոնք հանգեցրել էին լուրջ բնապահպանական խնդիրների»: Անձնագրում եղած ցուցանիշները համեմատվելու են նախագծում եղած փաստաթղթերի հետ եւ արձանագրվելու է, թե որքանով են դրանք համապատասխանում:

Նշենք, որ ՀԷԿ-երին էկոանձնագրեր տրամադրելու վերաբերյալ ծրագիրն իրականացվում է «ԷկոԼուր» տեղեկատվական Հ/կ-ի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության գործընկերությամբ, ՄԱԶԾ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: Ծրագրի տեւողությունը 1 տարի վեց ամիս է:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728