Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր իմիջի մասին Գորիկ Հակոբյանից հարցրեք

Փետրվար 13,2015 17:30

Ի՞նչ նկատի ունի Ժիրայր Սեֆիլյանը՝
Արցախի «թրքաբարո իշխանություններ» ասելով

– Նախօրեին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում, երեկ մամուլի ասուլիսում էլ Դուք քանիցս կրկնեցիք Արցախի «թրքաբարո իշխանություններ» արտահայտությունը: Ակամայից մտաբերվում է հետպատերազմական շրջանը, երբ Արցախի իշխանությունները Ձեզ ապաստան էին տվել Արցախում` ապրելու եւ աշխատելու հնարավորություն, մինչեւ որ կարողանայիք Հայաստան գալ` տեղի իշխանությունների հետ հակասությունները հարթելով: Դրանք նույն «թրքաբարո իշխանություննե՞րն» էին, թե՞ այն ժամանակ «թրքաբարո» չէին:

– Ես «թրքաբարո» որ ասում եմ, նկատի ունեմ այն մարդկային համախմբի գործելաոճը, որը եղել է ի սկզբանե` մինչեւ այսօր: Որը ցույց տրվեց հունվարի 31-ին ամբողջ աշխարհին:

– Այդ «թրքաբարոների» նկատմամբ ժամանակին ավելի լոյա՞լ վերաբերմունք ունեիք, ավելի՞ էիք հանդուրժում: Ի՞նչը փոխվեց հիմա: Ի՞նչ հակասություններ առաջացան հանկարծ:

– Երբ արդեն մենք եկել ու հասել ենք այն եզրագծին, որ ասում ենք` դուք այլեւս պետք է հեռանաք… պատճառը դա է: Այդ ժամանակ, 1997 թվականը եթե նկատի ունեք, ես վերադարձել եմ, անցել եմ բանակ՝ ծառայության, բանակաշինության: Սակայն այսօր, երբ իմ նմաններն ասում են, որ դուք այլեւս իրավունք չունեք մեր երկիրը կառավարելու, բնականաբար, հակադրվում են քեզ եւ հակադրվում են թրքաբարո ձեւով: Խոսքը ձեւի մասին է: Իմիջիայլոց, այստեղ թուրք ազգի մասին չէ խոսքը: Ինձ համար այդպիսի ազգ գոյություն չունի: Կա արժեքային մի հասկացողություն` բարբարոսական, գազանավարի: Այդ նույն արժեքները սրանք իրենց մեջ պահպանել են:

– Ասացիք, որ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածից հետո նախկին մի բարձրաստիճան պաշտոնյա կապվել է Ձեզ հետ եւ ասել, որ Արցախի իշխանությունն այս իրավիճակից լուծում է ուզում գտնել: Ասել եք` լուծում չունեմ, թող իրենք առաջարկ անեն: Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ առաջարկ պետք է անի Արցախի իշխանությունը, Դուք ի՞նչ եք ակնկալում:

– Առայժմ մենք ոչ մի լուծում չունենք: Իրենք թող առաջարկեն` տեսնենք, թե ինչ են առաջարկում:

– Տարօրինակ չէ՞, որ լուծում չունեք: Թե՞ չեք ուզում ունենալ:

– Մեր լուծումը մեր պայքարի շարունակությունն է: Մնացած խաբկանքներով մենք տառապող չենք:

– Ձեր գործընկերներից շատերը «Նախախորհրդարանից» «Հիմնադիր խորհրդարան» չեկան այն պատճառով, քանզի իրենց համար էլ անհասկանալի է կառույցի գործելաոճը: Խոսքը Հրանուշ Խառատյանի, Տիգրան Խզմալյանի եւ այլոց մասին է:

– Հրանուշ Խառատյանը, ես կարծում եմ, եղել է եւ կմնա մեր շարժման ոչ միայն աջակիցը, նաեւ օժանդակողը: «Նախախորհրդարանի» օրերից մինչ այսօր, լինելով հայտնի մտավորական, նա փորձել է ու ինչով կարող է` օգնելու է մեզ: Դրա համար մենք նաեւ ուրախ ենք: Իսկ Տիգրան Խզմալյանը այլ երեւույթ է, որի մասին չեմ ուզում խորանալ:

– Այդ «այլ երեւույթի» հետ ճանապարհ եք անցել…

– Տիգրանն իր երկու խոսքը մեկ ասում է, որ իմ ընկերն է: Այդպե՞ս է: Դե լավ ա, իմ ընկերն է, պայքարի ժամանակ իմ կողքը կանգնած է լինելու, չկասկածեք:

– Թեեւ հավաստիացնում եք, որ ձեր նախաձեռնությամբ կազմավորվող քաղաքացիական բանակը պայքարի խաղաղ մեթոդներ է ընտրելու, որ խժդժությունների չեք գնալու, այնուհանդերձ՝ անհասկանալի է, թե ինչպես եք միայն փողոց դուրս գալով ու խաղաղ երթեր, նստացույցեր անելով հասնելու ռեժիմի տապալմանը: Մանավանդ, որ Ձեր խոսքում սպառնալիքի տարր կա: Նախօրեին տված հարցազրույցում էլ հստակ հայտարարել էիք` «հիմա մեր ծեծվելու ժամանակն է, բայց կգա ժամանակը, եւ մենք կծեծենք»:

– Փակագծերը հետո կբացենք: Դա անլրջություն է, երբ մենք մեր բոլոր փակագծերն այսօրվանից բացում ենք: Մենք չենք խաղում: Երկրին տեր կանգնելու խնդրի առաջ ենք կանգնած. կա օկուպացիա եւ օկուպացիայի դեմ պայքարող ուժ: Ես հանդիսանում եմ այդ ուժի առաջնորդը: Դուք ինձնից ուզում եք, որ ես իմ մարտավարական բոլոր քարտերը բացե՞մ: Չի լինի:

– Ձեր համակիրների շարքերն այդքան էլ ստվար չեն: Մեղմ ասած՝ բավական նվազ են: Ինչպե՞ս եք պատկերացնում իշխանությունից ղեկը վերցնելն այդ բանակով՝ այն դեպքում, երբ 2008-ին քաղաքացիական առավել հզոր շարժումը, քաղաքական դաշտի առավել մեծ համախմբումը չհաջողեց դա անել:

– Մեր համախոհների թիվն օրեցօր աճում է: Եթե ԱԱԾ-ի հարցախույզը ձեր ձեռքն անցնի` խիստ կզարմանաք: Դուք չգիտեք՝ մեր աջակիցների թվաքանակն այսօր որտեղ է հասել: Եվ գլխավոր պատճառը, որ նրանք (նկատի ունի իշխանությանը-Ն. Գ.) որ այսօր խառնված են, ջղաձգվել են եւ այսպիսի քայլերի են դիմում, պատճառը հենց դա է: Որովհետեւ արդեն մեր խոսքը տեղ է հասնում, մեր ժողովուրդը տեսնում է մեզ, հավատում է մեզ, եւ գլխավոր խնդիրն արդեն մենք լուծել ենք: Մեր այս վազվզոցի, չարչարանքի նպատակն այն էր, որ մեր ժողովուրդը հասկանա՝ ամեն ինչ կորած չէ, ու կան մարդիկ, ովքեր տեր են լինելու մեր երկրին` մինչեւ վերջ իրենց խոսքի տերն են լինելու՝ ի տարբերություն 20 տարվա կեղծ ընդդիմադիր ղեկավարների: Սա արդեն ժողովրդի մոտ օրեցօր գերիշխում է, չկասկածեք:
Վատ չի լինի մի օր Գորիկ Հակոբյանին հարց տաք: Իրենք ամեն շաբաթ հարցախույզ են անում` մեր իմիջի հետ կապված: Մի օր թող լուսաբանեն ձեզ, թե մեր իմիջը որտե՞ղ է հասել: Դուք չկասկածեք, եթե մենք առաջին տեղում չլինեինք, մեզ վրա այսպիսի հարձակում լիներ: Չկասկածեք: Նրանք արդեն սարսափած են:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728