Կառավարող Քաղաքացիական պայմանագրի պատգամավորներն ու կառավարության անդամները լքել են ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում՝ արցախցիների վերաբերյալ քննարկումը, երբ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը ասել է, որ դրան ներկա են նաեւ Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչներ։ Հիշեցնեմ, որ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը Դոնթի բանաձեւի համաձայն հատկացվել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը։
Իհարկե, հազիվ թե որեւէ մեկի մոտ զարմանք առաջացնի այն, որ Արցախի պետական ինստիտուտների անունը լսելուց հետո Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները լքում են դահլիճը։ Ընդ որում, նրանք երեւի թե դրանից ընդամենը երկու օր առաջ ներկա են եղել Հանրապետության հրապարակում հարկատուների փողով կազմակերպված ճոխ հանդիսությանը, որը անկախության 35-րդ տարեդարձի մասին էր։ Եվ թերեւս հիացական դեմքով ունկնդրել են Նիկոլ Փաշինյանի ելույթը, որն ըստ էության արտահայտում էր նրա հանրայնացրած վաղեմի «իմաստը»՝ Արցախի կորստով ձեռք ենք բերել անկախություն։ Մի «իմաստ», որն ավելի բաց հայտարարել էր կառավարության անդամներից մեկը՝ Արցախի էթնիկ զտման օրերին։
Արցախի գնով ձեռք բերած անկախության «բանաձեւը» այն է, որ չպետք է անել բաներ, որոնք անախորժ են Ադրբեջանի համար։ Մինչեւ անգամ արգելված է Արցախ բառը։ Օրինակ, Իլհամ Ալիեւին, նրա ներկա ու նախկին պաշտոնյաներին ոչ միայն արգելված չէ Սեւանն, օրինակ, անվանել ադրբեջանական բառով, կամ Հայաստանի այլ տարածքները, իսկ Հայաստանն էլ՝ «Արեւմտյան Ադրբեջան», բայց հայաստանցի պաշտոնյաներին արգելված է արտասանել Արցախ բառը։
Եթե հանկարծ դուրս թռավ որեւէ մեկի շուրթերից, ապա նա դրանից անմիջապես հետո մի քանի անգամ կրկնում է՝ Ղարաբաղ։ Ռեկորդը առայժմ պատկանում է ԱԽ նորանշանակ քարտուղարին, որը այն ժամանակ, երբ դեռ ԱԺ նախագահ էր, շփոթվելուց եւ Արցախ անունն արտասանելուց հետո չորս անգամ է հաջորդաբար կրկնել Ղարաբաղ։ Ով գիտե, շուտով գուցե «անկախություն» բերած կառավարությանը Ադրբեջանը կպարտադրի չբավարարվել Արցախի հանկարծակի հիշատակումից հետո մի քանի անգամ Ղարաբաղ կրկնելով, այլ մինչ այդ նախ սպիրտով ախտահանել շուրթերը։ Կասկածո՞ւմ եք, որ դա կարվի՝ «հանուն հարատեւ անկախության», որը յուղի նման կուլ է տալիս երջանիկ ընտրազանգվածը։
Կարդացեք նաև
Առայժմ իհարկե, Արցախ անունը չարտասանելուց զատ, պայման է թերեւս Արցախ անունը նաեւ չլսելը։ Կառավարության անդամներին ու մեծամասնության պատգամավորներին ոչ միայն արգելված է Արցախ անունն արտասանելը, այլ փաստորեն՝ նաեւ լսելը։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































