Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի փոշմանե՞լ Սամվել Բալասանյանի հարցում

Փետրվար 16,2015 19:03

Հանրապետականների ու ԲՀԿ-ականների միջեւ ծագած «պատերազմը» ԲՀԿ-ականներից կարծես  աննախանձելի իրավիճակի մեջ է դրել հատկապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Մի կողմից վերջինս պարտական է Սերժ Սարգսյանին իր թեկնածությունը սատարելու ու իրեն քաղաքապետ դարձնելու համար, մյուս կողմից լինելով ԲՀԿ-ական՝ ամենայն հավանականությամբ չի կողմնորոշվում ինչպե՞ս սատարել իր առջեւ իշխանափոխության նպատակ դրած Գագիկ Ծառուկյանին:

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ն արդյոք չի սխալվե՞լ ու փոշմանել այս ԲՀԿ-ականին քաղաքապետ դարձնելու համար: «Սխալվել բառով բնորոշել այն քաղաքական իրողությունը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններում պաշտպանել է գործող քաղաքապետի թեկնածությունը, միանշանակ եւ միարժեք չէ, որովհետև քաղաքական որոշումն ունի շատ կարեւոր հիմք: Ո՞րն է հիմքը. եթե նկատել եք, հաստատ գիտեք՝ որպես գյումրեցի, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը շարունակաբար հորդորում, ուղղորդում է այլ երկրների, մեր Սփյուռքի հայրենակիցների գործուն աջակցությունը ներդրումների մասով հոգսաշատ Գյումրի: Այս պարագայում նախագահը օգտագործել է նաեւ երկրի քաղաքական դաշտի կարողությունները: Այսինքն` նպատակ է հետապնդել փոխշահավետ քաղաքական համագործակցությամբ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրել ԲՀԿ-ականին, որպեսզի իշխող քաղաքական ուժին  Գյումրու վերականգման աշխատանքներում հնարավորինս աջակցի նաեւ մեր երկրի երկրորդ քաղաքական ուժը: Բոլոր դեպքերում ՝անկախ զարգացումներից, ես կարծում եմ քաղաքական որոշումը՝ ի շահ Գյումրիի, արդարացված է, փոխշահավետ: Այս պարագայում  ունենալով երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնը՝ ԲՀԿ-ն շահում է վարկանիշ, ՀՀԿ-ն՝ աջակցություն Գյումրու զարգացման գործառույթներում: Այսինքն, սա եւս մեկ օրինակ է, որ ցույց է տալիս, որ մեկ կուսակցության նախագահի համար զուտ քաղաքական շահը երկրորդային է քաղաքական պատասխանատվության , պատվախնդրության զգացումից: Որպես իշխող կուսակցություն՝ առաջնահերթը մեզ համար քաղաքական պատասխանատվությունն է: Այս պարագայում չենք քննարկելու ցանկացած դեպքում որոշման ճիշտ կամ սխալ լինելը, քանի որ ասացի՝ ինչ քաղաքական հիմքով է ընդունվել որոշումը, սա իմ ու համոզված եմ նաեւ իմ կուսակիցների կարծիքն է: Որոշումն ընդունվել է, որպեսզի կոնսոլիդացվեն բոլոր հնարավոր կարող ուժերը: Մենք չենք փոշմանել դրա համար՝ ինչ զարգացումներն էլ ընթանան: Եվ ես բացարձակապես կողմ չեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկ անձով պայմանավորելուն ու ներկայացնելուն» :

Մեր այն հարցին, թե չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանը աննախանձելի իրավիճակում է դրել Սամվել Բալասանյանին, մի կողմից վերջինս պարտական է երկրի նախագահին իրեն քաղաքապետ դարձնելու համար, մյուս կողմից էլ չգիտի ինչպես սատարել իշխանափոխություն պահանջող Գագիկ Ծառուկյանին: «Ես չեմ կարծում, թե երկրի նախագահը իր գործողություններով նախանձելի կամ ոչ նախանձելի իրավիճակում է դրել ենթադրենք Սամվել Բալասանյանին կամ այլ ԲՀԿ-ականի: Շատ պարզ պատճառով, դիցուք՝ գործող քաղաքապետը, սա իմ անձական կարծիքն է, շատ լավ գիտակցում է, որ երկրի նախագահի սատարումը ստանալու առաջին եւ վերջին նախապայմանը եղել է կառուցողական գործունեություն ծավալելը՝ ի շահ Գյումրի քաղաքի, ոչ թե հետապնդել կամ նպատակասլաց գործողություններ ծավալել այս կամ այն կուսակցության վարկանիշի բարձրացմանը կամ հակառակը: Եվ կարծում եմ, որ այդպես պետք է մտածի նաեւ քաղաքապետը:Ես համոզված եմ, երկրի նախագահի բոլոր գործողություները կատարվել են՝ ի շահ Գյումրիի և գյումրեցու, գլխավոր թիրախը Գյումրիի վերակառուցումն է»:

Մեր դիտարկմանը, թե Շիրակի մարզը համարվում է ԲՀԿ-ականացված մարզ,այստեղ ԲՀԿ-ականները մեծ լծակներ ունեն, իշխող կուսակցությունը մտավախություն չունի՞, որ հանրահավաքների մեկնարկի դեպքում դրանք կօգտագործվե՞ն Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության պահանջը բավարարելուն: «Մենք խոսում ենք քաղաքական պայքարի մասին, մենք ուզում ենք եւ կարծես թե քայլեր ենք անում, որպեսզի ունենանք քաղաքացիական հասարակություն: Եւ անընդհատ կանխատեսումներ  ենք անում, որ վարչական լծակներով փորձեր է արվելու ժողովրդի իրական պատկերացումները այլափոխել եւ ներկայացնել որպես ժողովրդի համընդհանուր կարծիք: Ես համամիտ չեմ ձեզ հետ ԲՀԿ-ականներ, լծակներ եվ այլն, որովհետև եւ թույլ չի տրվելու որեւէ մեկին՝ անկախ կուսակցական պատկանելությունից երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում օգտագործել առանձին լծակներ եւ ռեսուրսներ՝ եթե խոսքը չի վերաբերվում զուտ գաղափարական պայքարին, ընդհանրացումներին եւ բացատրական աշխատանքներին: Եվ բնական է, որ մեր շիրակցին, գյումրեցին առաջին հերթին ապավինելու է իր սեփական պատկերացումներին կամ սեփական լծակներին: Դա չի լինելու որեւէ կուսակցության կողմից եւ չեմ կարծում, թե մենք առանձին անհանգստանալու խնդիրներ եւ առիթներ ունենալու ենք: Եթե լինեն այդպիսիք, մենք ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ մեր գաղափարական ակտիվ բացատրական գործունեությամբ, միջամտությամբ պատրաստակամ ենք, որպեսզի ապահովենք կենարար, ստեղծագործ, համերաշխ աշխատանքային պայմաններ մեր երկում , այդ թվում նա եւ մարզում»:

Հարցին՝ մի՞թե անձնական վիրավորանքներով, նման կոշտ ձեւակերպումներով խոսքը վայել է երկրի նախագահին, նրա ելույթից հետո շատերը քննադատեցին, Սահակ Մինասյանն ասաց.«Հակիրճ ասեմ, քաղաքականության մեջ մեր նախագահի գործունեությունը շուտով կհասնի շուրջ 30 տարվա: Մեր ամբողջ ժողովրդին է հայտնի մեր նախագահի բնավորության շատ կարեւոր գիծ, որը վերաբերվում է հանդուրժողականությանը, համբերատարությանը եւ քաղաքական, տնտեսական որոշումների ընդունման մեջ շտապողականության բացակայությանը: Այս ամենից հետո ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել, որ կոշտ էր դիրքորոշումը կամ ավելի սեւեռուն, քան պետք էր: Սա նշանակում է , որ թվարկելով նախագահի հատկանիշները՝ որպես երկրի ղեկավարի, արդեն բոլորիս պարզ է, ես չեմ ուզում ասել ուշացած, նշանակում է՝ ժամանակն էր»:

Այն հարցին, թե այդ նույն պատիժները կկիրառվե՞ն արդյոք  նախագահի շրջապատի մարդկանց համար, որոնք խուսափել են հարկերից, որոնց անունները շոշափվում են տարբեր հանցագործություններ կատարելու մեջ, մեր զրուցակիցն ասաց.«Մեկ բառով ասեմ՝ անտարակույս: Եթե նկատել ենք, նախագահի գործելաոճում մի շատ կարեւոր հատկանիշ եւս կա, վերաբերում է քաղաքական դաշտի նկատմամբ սեփական վերաբերմունքի համահարթեցմանը: Շատ դեպքերում երկրի նախագահը հիմնականում հակում չունի տարանջատելու՝ ըստ կուսակցական պատկանելության, ըստ համակիրների, ընտրազանգվածում լինել-չլինելու…Նախագահն բոլորիս նախագահն է ե՛ւ հոգածության առումով է բոլորիս նախագահը, ե՛ւ սխալ լինելու դեպքում էլ պատժելու առումով է բոլորիս նախագահը: Դուք պատկերացնո՞ւմ եք  հետեւողական աշխատանք այս կամ այն քաղաքական գործչի բացթողումների, չարաշահումների, չեմ ուզում ավելի կոշտ որակումներ տալ եւ հանկարծ էդ հետեւողական գործունեությունը ընդհատվում է, երբ խոսքը վերաբերում է ձեր ասած յուրայիններին կամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Չ՛ի լինելու էդպիսի բան»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728