Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվար 17,2015 15:48

Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», – ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշեց, որ դրանք սնանկ են։

«Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728