Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի առողջ մարդու նստեցրեք սայլակ ու ասեք` տանիցդ դուրս արի տեղ գնա. կխելագարվի»

Փետրվար 18,2015 18:12

Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, որտեղ նշել է նաեւ, թե մայրաքաղաքն ինչպես է հարմարեցրել հաշմանդամություն ունեցող մարդկանց` նրանց համար կառուցելով 600-ից ավել թեքահարթակ:

Aravot.am-ը Մերի Մարտիրոսյանից, որի խնամքին գտնվում են երկու անչափահաս հաշմանդամություն ունեցող երեխաներ, հետաքրքրվեց, թե արդյոք հարմար է Երեւանը նրանց տեղաշարժվելու համար: Տիկին Մերիի դուստրը` Սիրանույշը տեղաշարժվում է անվասայլակով: Նա դպրոց է գնում, դաշնամուրի պարապմունքների, հաճախում է «Թումո» կենտրոն: Որդին` Սամվելը բացի դպրոցից ու «Թումո»-յից նաեւ` թենիսի պարապմունքների: Ամեն օր տիկին Մերին իր երկու երեխաներին մեծ դժվարությամբ է տանում-բերում եւ ճանապարհների մեծ մասը տաքսիով են երթեւեկում, քանի որ, նրա խոսքերով, մայրաքաղաքում  չկա գոնե մի հարմարեցված տրանսպորտ, ոչ էլ մետրոյից են կարողանում օգտվել: Ըստ նրա, անգամ մայթերն են անհարմար եւ շատ հաճախ նա ստիպված է լինում սայլակով փողոցով երթեւեկել:

«Ես չեմ կարող ասել, որ կտրուկ փոփոխություն կա, որովհետեւ, իմ ճանապարհների վրա միակ բանը, որը փոխվել է այս տարիների ընթացքում, «Մոսկվա» կինոթատրոնի հարմարություններն են: Նախկինում երեխաներին տանելիս շատ էի տանջվում, հիմա  թեքահարթակներն ու վերելակը օգնում են, այսինքն` միակ տեղն է այսօրվա դրությամբ, որ ես տանում եմ երեխաներին եւ գիտեմ, որ դժվարություն չեմ ապրում»,-մեզ հետ զրույցում ասում է Մերի Մարտիրոսյանը: Նրա ներկայացմամբ, մնացած բոլոր մշակութային օջախները անմատչելի են. «Բերում են երեխաների համար  Սունդուկյանի, Պարոնյանի Ստանիսլավսկու թատրոնների տոմսեր են վաճառում

վերցնում եմ` իմանալով, որ երեխաներիս գրկած պետք է բարձրացնեմ աստիճաններով, որպեսզի նրանք կարողանան ներկայացում նայեն, ստիպված տանում եմ, որովհետեւ 14-15 տարեկան երեխաներ են, նրանք պետք է զարգանան: Ոչ մի մշակութային կենտրոն հարմարեցված չէ: Ո’չ Օպերայի Խաչատրյանի դահլիճը, ո’չ Բաբաջանյանի դահլիճը: Սիրանույշը դաշնակահարուհի է տանում եմ, որ համերգները լսի, բայց աստիճանները գրկած եմ բարձրացնում, իսկ սայլակով բարձրացնելը սարսափելի դժվար է»:

Տիկին Մերին պատմեց, որ դուստրը անգամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ է գրել` խնդրելով այնպես անել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ, նույնպես, Երեւանը համարեն իրենց քաղաքը:

«Մեզ ասացին, որ ծախսերի հետ է կապված, դրա համար առանձին հաշմանդամ մարդկանց համար ավտոբուս բերելը ձեռնտու չէ եւ պետք է բերեն ընդհանուր ավտոբուսներ, որոնք կլինեն վերելակով, որպեսզի հաշմանդամ մարդիկ կարողանան տեղափոխվել: Բայց ես չեմ հավատա, որ երբեւիցե ավտոբուսի հետեւում մարդիկ հետ կքաշվեն որպեսզի վերելակով տրանսպորտ մտնի սայլակը, նույնիսկ երեխային գիրկդ չես կարողանում հանգիստ մտնել տրանսպորտ»,-ասում է Մերի Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, գոնե մետրոն հարմարեցված լիներ, որպեսզի սայլակավոր մարդիկ կարողանան տեղաշարժվել հասարակական այդ տրանսպորտով, մետրոյով ավելի հարմարավետ կլիներ, այնտեղ ծառայություն պետք է աշխատի որպեսզի օգնեն հաշմանդամին սայլակով թեքահարթակի վրա կանգնացնեն, իջեցնեն: Ոչ մի պայման մեր երկրում հաշմանդամների համար ստեղծված չէ, որքան էլ ասեն միանգամից հնարավոր չէ, կամաց-կամաց ենք անում,

սա այն տարբերակն է, որ չի կարելի կամաց-կամաց անել, որովհետեւ մարդու կյանք է անցնում է, դա մարդկանց ապրելակերպն է: Երիտասարդների, մեծերի կյանքը գնում է եւ նրանք մնում են սայլակին կապված: Մի օր մի առողջի նստեցրեք սայլակին, ու ասեք տանիցդ դուրս արի գնա ինչ–որ տեղ, առողջ մարդը կխելագարվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    …Հազարամյա երկիր է…ցավոք հազար տարի ետ է մարդկանց օգնելու հարցերում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728